Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին իշխանությունները խոստացել են, որ ավելի քան 600 հազար քաղաքացիների պարտքերը կմարվեն, ընդդիմությունը դժգոհում է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Սև ցուցակում» հայտնված ավելի քան 600 հազար քաղաքացիների պարտքերը զրոյացնել խոստացել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրա խոսքով՝ պարտքի մարումը կսկսվի դեկտեմբերի 15-ից և կավարտվի մինչև տարեվերջ:
Ըստ Վրաստանի կառավարության՝ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց պարտքն այս կամ այն ֆինանսական կառույցում գերազանցում է 2 հազար լարին (մոտ 752 դոլար):
Սակայն Մամուկա Բախտաձեի խոստումը սուր քննադատության է արժանացել ընդդիմության շրջանում:
Նախագահի ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի խոսքով՝ իշխանությունները ցանկանում են նախաձեռնությունը վերագրել կառավարությանը, այնինչ՝ բանկերը մինչև տարեվերջ մարում են անհույս պարտքերի մի մասը:
Նախաձեռնությունը քննադատել են նաև սոցցանցերի վրացական տիրույթում: Սոցցանցերում օգտատերերը նշում են, որ նախաձեռնությունն արդարացի չէ նրանց նկատմամբ, ովքեր ազնվորեն վճարում են բանկային վարկերը:
Բացի այդ, վրացական ընդդիմությունը կարծում է, որ այդպիսով կառավարությունը փորձում է օգնել Սալոմե Զուրաբիշվիլիին (Զուրաբիշվլին պաշտոնապես Վրաստանի նախագահական ընտրություններում անկախ թեկնածու է, սակայն նրան աջակցում է իշխող կուսակցությունը):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չկարողացավ հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայները: