Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կամերային երաժշտության տանը կանցկացվի Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված համերգ

18:05, շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.
Կամերային երաժշտության տանը կանցկացվի Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված համերգ

Կամերային երաժշտության ազգային կենտրոնից տեղեկանում ենք, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի երգիչ Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված համերգ: Երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 19:00: Միջոցառման շրջանակում կներկայացվի ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի «Ձմեռային ճամփորդություն» երգաշարը: Երեկոյին հանդես կգան բարիտոն Մկրտիչ Մկրտչյանը, դաշնակահարուհի Կարինե Հովհաննիսյանը: Ներածական խոսքը՝ Ժաննա Զուրաբյանի:

Ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտն իր երկու երգաշարերը գրել է գերմանացի բանաստեղծ Վիլհելմ Մյուլլերի բանաստեղծություններով: Կոմպոզիտորի «Գեղեցիկ ջրաղացպանուհին» (1823) և «Ձմեռային ճանապարհը» (1827) իրար հետ կապվում են կյանքի, սիրո և չիրագործված երջանկության տրամադրություններով: «Գեղեցիկ ջրաղացպանուհին» շարքի 20 երգերի մեջ շարժման խորհուրդը հասկացած և գետակի ընթացքին հետևող երիտասարդի սիրո պատմությունն է, իր ուրախ ու տխուր ապրումներով, որոնք նա կիսում է գետակի ու ծաղիկների հետ («Ճանապարհ», «Ո՞ւր», «Ջրաղացպանի ծաղիկները», «Արցունքի անձրև», «Ջրաղացպանն ու գետակը», «Գետակի օրորոցայինը» և այլն):

Եթե այս շարքի երգերում գերակշռում են ծաղկուն բնության, ջրաղացի ակտիվ լիցքերի, սիրո ջերմության տրամադրությունները, ապա երկրորդ` «Ձմեռային Ճամփորդություն» երգաշարի երգերը կապվում են ձմեռային ցրտի ու սառնության հետ: Շարքի 24 երգերում սիրո և միայնության գաղափարը արտահայտվում է որպես` անկեղծ զգացմունքների խոստովանություն («Բարի գիշեր», «Հոսք» և այլն), կամ`փիլիսոփայական խոհեր կյանքի ու կեցության մասին/ «Փոստը», «Հետադարձ հայացք», «Միայնություն») կամ` բաղձալի երջանկության երազանքներ («Գարնանային երազ», «Վերջին հույսը», «Ուրվական-արևներ»): Ու թեև նրանցում երբեմն առկայծում են հույսի շողեր, սակայն ընդհանուր զարգացումը տանում է դեպի շարքն ավարտող «Երգեհոնիկ նվագող» երգը, որ պատկերում է ձմեռային ամայի փողոցում երգեհոնիկ պտտող ծերուկին, որի միալար երգին արձագանքում են լոկ հեռվում լսվող հաչոցները:

«Գեղեցիկ ջրաղացպանուհին» շարքը տարիներ առաջ ևս ներկայացվել է Հայաստանում՝ բարիտոն Մկրտիչ Մկրտչյանի կատարմամբ:

2944 | 1
Facebook