Ամերիկյան The New York Times պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում սեպտեմբերի 21-ին բացված «Արմենիա!» խորագիրը կրող ցուցադրությանը՝ ներկայացնելով Հայաստանի ներկան և ապագան:
Հրապարակման մեջ ասվում է, որ թանգարանում ցուցադրվել են 4-17-րդ դարերի հայկական ժառանգության նմուշները:
«Բացարձակ գեղեցկություն: Մետրոպոլիտենի թանգարանում հայկական արվեստի ցուցադրությունը բացառիկ է»,- ասվում է հոդվածի խորագրում:
Ապա պարբերականը գրում է Հայաստանում գարնանը տեղի ունեցած իրադարձությունների մասին. «Փողոց էին դուրս եկել երիտասարդները: Նրանք հոգնել էին ոչ արդյունավետ կառավարումից, օնլայն տարբերակով հետևում էին ընդդիմության առաջնորդին, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին: 6 շաբաթ անց նա վարչապետ ընտրվեց ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում»:
Հոդվածագիրը պատմում է նաև Նյու Յորք Նիկոլ Փաշինյանի այցի մասին՝ գրելով. «Այս տարվա գարնանը հասկացանք, որ այդ երկրի ապագան նույնքան հագեցած կարող է լինել, որքան անցյալը»:
Ապա մանրամասն ներկայացվում է Հայաստանի պատմությունը՝ սկսած այն ժամանակներից, երբ Տրդատ 3-րդ արքայի օրոք երկիրը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն, վերջացրած 16-րդ դարով, երբ ի հայտ եկան առաջին տպագիր գրքերը: