Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արա Պապյանի դամբանական խոսքը Արայիկ Խանդոյանի հուղարկավարության ժամանակ

22:35, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
Արա Պապյանի դամբանական խոսքը Արայիկ Խանդոյանի հուղարկավարության ժամանակ

Արա Պապյանի դամբանական խոսքը Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի, հուղարկավարության ժամանակ. «Մեծարգո սգակիր ժողովուրդ,

Այսօր մենք Եռաբլրի սրբազան հողին ենք հանձնում Արայիկ Խանդոյանին: Արայիկ Խանդոյանը մեկն էր այն սերնդից, որն եկավ լալահառաչ հայրենասիրությունը փոխարինելու անձնվեր հայրենատիրությամբ: Մեկն էր նրանցից, որ երբեք անտարբեր չեղավ իր հայրենիքի ճակատագրի նկատմամբ: Մեկն էր այն ընտրյալներից, որ իր կարճատև կյանքն անմնացորդ նվիրեց իր հայրենիքին: Հիրավի մեկն էր նրանցից, ում մասին Մաթևոս ավետարանիչն ասում է. «կանչվածները շատ են, բայց ընտրյալները՝ քիչ» (Մտթ. 22:14):

Արայիկ Խանդոյանը զիվնոր էր, հայրենիքի զինվոր՝ այս բառի ամենալայն իմաստով: Նա ողջ կյանքում զենքը ձեռքին պայքարեց իր հայրենքի ազատագրության համար, պայքարեց բոլոր տեսակի թշնամիների դեմ՝ լիներ այդ թշնամին արտաքին, թե ներքին: Նա մեկն էր հայոց նորագույն դիմադրական շարժման՝ Սասնա ծռեր ապստամբական խմբի: Գիտեմ, ոմանք՝ իբր օրինականության պաշտպաններ, հարցականի տակ են դնելու իմ խոսքերը: Բայց ամենից լավ նրանց նմաններին ժամանակին պատասխանել Միացյալ Ամերիկայի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը. When injustice becomes law, resistance becomes duty. Երբ անարդարությունը դառնում է օրենք, դիմադրությունը դառնում է պարտականություն: Իսկ հայոց բանաստեղծը շատ ավելի գեղարվեստորեն է ձևակերպել նույն միտքը. Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար:

Ակնհայտ ճշմարտություն է՝ օրենքն օրենք չէ, այլ անօրինականության խարիսխ, երբ ամրագրում է բռնակալի կամայականությունը ժողովրդի կամքի վրա: Կեղծ է ու սուտ այն օրինապաշտությունը, որի հիմքում ապօրինությունն է: Ex injuria jus non oritur – ապօրինության վրա չի կարող օրենք խարսխվել – ասում է իրավունքի կարևորագույն հիմնադրույթներից մեկը: Հետևաբար, ինչպես աստծուն ժխտող մարդը չի կարող ապավինել ատծո ողորմությանը, այնպես էլ օրենքը ոտնահարող վարչախումբը չի կարող թաքվել օրենքի թիկունքում:

Մեծարգո ներկաներ,

Մարդիկ իրենց կյանքի ընթացքում տարբեր պատվանունների են արժանանում: Ոմանք դրանց արժանանում են ըստ արժանվույն, ոմանք դրանց հասնում են քծնանքով, փողով ու կեղծիքով: Սակայն մեծագույն պատվանունները նրանք են, որոնցով ժողովուրդն է օժտում իր զավակներին: Արայիկ Խանդոյանն արժանացել է ժողովրդի կողմից իր զավակներին տրվող բարձրագույն պատվանուններից մեկին՝ նա ժողովրդի հիշողության մեջ մնալու է որպես հայրենքի նվիրյալ զինվոր: Զինոր, որ անվարան իրեն դրեց հայրենիքի զոհասեղանին, նվիրվեց անսակարկ ու անմնացորդ: Հետևաբար, Արայիկ Խանդոյանի հիշատակը վառ է մնալու հայրենիքի ու ժողովրդի սրտում, քանի կա այդ հայրենիքը և քանի դեռ բաբախում է հայ ժողովրդի սիրտը:

Հանգչիր խաղաղությամբ զինվոր:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի եւ վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի: Ամէն:

Արա Պապյան,
     14 հոկ., 2018թ., Եռաբլուր, ք. Երևան»:

12174 | 1
Facebook