Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Աբաջյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հեռավոր Ծափթաղ գյուղն ունի մեկ առաջին դասարանցի.
«Սեպտեմբերմեկյան ուրախ գունավոր փուչիկներով ծանրաբեռնված ֆեյսում առանձնանում է այս նկարը:
Ծափաթաղ գյուղի միակ առաջին դասարանցին է` սևացած պատերի ներսում, ժանգոտած նստարանին նստած: Նա դասընկերներ չունի: Ահա թե ինչ է պետք իմանալ վերջին տասնամյակի արտագաղթի, կրթությանը տրված կարևորության մասին: Այս կառավարության համար Հայաստանի ամենահեռավոր գյուղում որակյալ կրթությունն ու առողջապահությունը հասանելի դարձնելը պետք է լինի առաջնահերթություն»:
Այս գրառմանն արձագանքել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը.
«Սարսափ է: Թե՛ դպրոցը, թե՛ երեխայի մենակությունը: Հասկանո՞ւմ եք՝ նա դասընկեր չի ունենալու, դասարանը սոսկ թիվ է լինելու նրա համար, նա մենակ է: Ժողովրդագրական աղետի եզրին ենք, դրանից այն կողմ՝ անդունդ է... Ու լիքը այսպիսի հեռավոր, փոքր գյուղեր, որտեղ գոնե նախկինում դասարանում մի քանի երեխա լինում էր: Նկարը նախկին իշխանություններին ցույց տվեք, սա է արդյունքն ու հետևանքը: Թե բա՝ Քոչարյանի ժամանակ....»: