Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է հունվարի 2-ի գիշերը տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ առնվազն 9 զոհի մասին: Այդպիսով, զոհերի թիվն, ըստ պաշտոնական տվյալների, հասել է 20-ի:
Պետական հեռուստատեսությունը հայտնել է նաև, որ 6 ցուցարար է սպանվել Կահդարիջան քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման ժամանակ: Նշվում է, որ բախումները հրահրվել են ապստամբների կողմից, ովքեր փորձել են ոստիկանական բաժանմունքից զենք գողանալ:
Ինչպես նաև հաղորդվում է, որ 11-ամյա տղա և 20 տարեկան մեկ մարդ է սպանվել Հոմեյնիշար քաղաքում: Զոհերի թվում է նաև Իրանի Հեղափոխական գվարդիայի անդամը:
Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ Իրանում հակակառավարական ցույցեր են ընթանում: Հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել կառավարության տնտեսական քաղաքականության դեմ: Ակցիաներն սկսվել էին քաղաքներից մեկում ձվի կրկնակի թանկացման դեմ բողոքից և վերածվել զանգվածային հանրահավաքների՝ ներգրավելով Քերմանշահը, Րեշտան, Իսպահանը, Համադանը, Մեշհադը: Ցուցարարների բողոքն այնուհետ քաղաքական երանգ է ստացել, նրանք պահանջել են նախագահի հրաժարականը: