Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անտերության մատնված ոլորտ»․ ովքեր են մսամթերքի շուկայում գնաճի մեղավորները

14:05, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
«Անտերության մատնված ոլորտ»․ ովքեր են մսամթերքի շուկայում գնաճի մեղավորները

Որքան մոտենում է Ամանորն, այնքան խանութներում բարձրանում են պարենային ապրանքների գները:

Սպառողների առաջին մտահոգությունը մսամթերքի գնաճի հետ է կապված: Դեռ 2 օր կա մինչև Նոր տարվա զանգերի ղողանջը, սակայն չի բացառվում, որ այդ երկու օրվա ընթացքում, բացի այն, որ որոշ խանութներում դարձյալ գնաճ կնկատվի, այլև գերիշխող կլինի մսամթերքի գինը:

Կոնկրետ տավարի մսի թանկացում «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը դեռևս սեպտեմբերին էր կանխատեսել, երբ այս տարվա երաշտից հետո գյուղացիական տնտեսությունները հայտարարեցին, որ անասնակերը քչություն է անում, քանի որ երաշտի պատճառով չորացել, ոչնչացել է: Եվ քանի որ անասնակերը թանկացել է, բնականաբար, թանկացել է նաև մսամթերքը: Ի դեպ, նշենք, որ այս շրջանում MAMUL.am-ը զրուցել էր շատ գյուղացիների հետ: Վերջինները ևս փաստել էին, որ իսկապես դաշտերում խոտը չորանում է, ոռոգումը բավարար չէ, և աշնանը խնդիր են ունենալու անասնակերի դեֆիցիտի հետ կապված: Նրանք նշել էին, որ շատ մարդիկ այդ պատճառով մորթում են անասուններին և վաճառում, քանի որ անասուն պահելը գյուղացու համար թանկ հաճույք է, քանզի մեկ խոշոր եղջերավոր անասուն պահելը մեծ ծախսեր է պահանջում: Այնուհետև, լուրեր շրջանառվեցին, որ անասնագլխաքանակի արտահանման ծավալներն են ավելացել և մսի թանկացումը կապեցին այդ գործընթացի հետ: Այդ օրերին գյուղնախարար Իգնատի Առաքելյանն անդրադառնալով մսամթերքի թանկացումներին` նշեց, որ պատճառը խոտի պակասը չէր, այլ անասնագլխաքանակի արտահանումը. «Որովհետև ոչխարի միսն արտահանվում է, իսկ դա լավ է անդրադառնալու ոչխարաբուծության զարգացման համար, քանի որ ունենք այդ ներուժը: Խոզի մսի թանկացումը կապված է դրսի շուկայի հետ, իսկ տավարինը եղել է 100-150 դրամ»,- ասել էր նա:

Հրաչ Բերբերյանը սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ մսամթերքի գնաճի վրա բացառապես էականորեն ազդել է այս տարվա երաշտը, ինչի հետևանքով էլ խոտի պաշարներն են նվազել: Այնուամենայնիվ, նա վստահեցրեց, որ մինչև աշնան վերջ, զանգվածային մորթով պայմանավորված, մսի գնի իջեցում կլինի: Այսօր, սակայն, պատկերը լրիվ այլ է` շատ տնտեսագետների դիտարկումներով, թանկացումները դեռ առջևում են:

Մսամթերքի շուկայում գնաճի մեղավորներն, ըստ Բերբերյանի, գյուղնախարարության պատասխանատուներն են, որոնց անտարբերությունը հանգեցրեց այս վիճակին: «Իհարկե բնական չէ թանկացումը»,- ասել է նա,- եթե ժամանակին խոտը քաղվեր, ժամանակին անասնակերը կուտակվեր, չթողնեինք այդ խոտը չորանար, չթողնեինք, որ հրդեհներն այդքան վնաս տային անտառներին, այս վիճակում չէինք հայտնվի: Անտերության մատնված բնագավառ է»:

Ի դեպ, ըստ տարբեր մասնագետների տվյալների, նախորդ տարվա համեմատ միսը թանկացել է 25-27%-ով, իսկ թե ինչ է սպասվում գալիք տարում, ցույց կտա ապագան:

7292 | 1
Facebook