Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բորուսիա»-ի ավտոբուսի պայթյունի գործով Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել

11:05, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
«Բորուսիա»-ի ավտոբուսի պայթյունի գործով Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել

Գերմանիայի իրավապահները Բադեն Վյութենբերգ դաշնային հողում ձերբակալել են տղամարդու, ով կասկածվում է Դորտմունդի «Բորուսիա»-ի ավտոբուսի մոտ պայթյունի իրականացման համար: Այս մասին հայտնում է գերմանական Spiegel Online լրատվականը` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին:

Լրատվականի տվյալներով` հարձակման ենթադրյալ իրականացնողը 28-ամյա Սերգեյ Վ.-ն է, ով միաժամանակ Գերմանիայի և Ռուսաստանի քաղաքացի է: Քննության տվյալներով` նա ահաբեկիչ չէ և գործել է զուտ շահադիդական դրդապատճառներով:
     «Բորուսիա»-ի ավտոբուսի վրա հարձակմամբ Սերգեյ Վ.-ն նպատակ է ունեցել միջազգային շուկայում կտրուկ գցել ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի արժեքն, ինչի արդյունքում տղամարդը հույս է ունեցել ֆոնդային բորսայում գումարներ աշխատել արժեզրկված բաժնետոմսերի հաշվին:

Լրատվականի տվյալներով` կասկածյալը սպառողական վարկ է վերցրել և ապրիլի 11-ին 15 հազար արժեքուղթ է ձեռք բերել` 78 հազար եվրո ընդհանուր արժեքով: Հաղորդվում է, որ «Բորուսիա»-ի բաժնետոմսերի կտրուկ անկման շնորհիվ կասկածյալը կարող էր մինչև 4 միլիոն եվրո աշխատել:
     Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ֆուտբոլիստների ավտոբուսի մոտ երեք պայթյուն է որոտացել, երբ «Բորուսիա»-ն հյուրանոցից մեկնելիս է եղել մարզադաշտ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է ֆուտբոլիստ Մարկ Բարտրան և նրանց ուղեկցող ոստիկանը:

4272 | 0
Facebook