Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը. քաղաքական գործիչների արձագանքը
Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևին արագ արձագանքել են տարբեր երկրների քաղաքական գործիչներ։ Բունդեսթագի բանաձևը սոցիալական ցանցերում ևս բավականին մեծ աղմուկ է բարձրացրել: Հիշեցնենք, որ Բունդեսթագը 1915 թվականին հայերի հանդեպ հանցագործությունները ճանաչեց որպես ցեղասպանություն: Դեմ է քվեարկել 1, ձեռնպահ մնացել 1 պատգամավոր: |
Էդվարդ Նալբանդյան, ՀՀ ԱԳ նախարար
Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ |
Արամ Ա կաթողիկոս
Բանաձևի ընդունումը` մարդու իրավունքների նկատմամբ Գերմանիային հանձնառության պերճախոս վկայություն է, ինչպես նաև աշխարհին ուղղված պատգամ, որը հիշեցնում է անցյալին մոտենալ պատասխանատու կերպով: |
Թևան Պողոսյան, ԱԺ պատգամավոր
Հայկական կողմը պետք է իմանա, թե այդ բանաձևն ինչպես օգտագործի՝ հայկական շահերն առաջ տանելու առումով: Պետք է կարողանանք գիտակցել, որ եթե մենք նախաձեռնողը չլինենք այդ բանաձևի ճիշտ կիրառման հարցում, ուրիշները կարող են օգտվել այդ գործիքից: Հայ-գերմանական հարաբերություններում հերթական մի դրական էջ բացվեց, սակայն պետք է զգուշանալ, որ դա չունենա այլ հետևանքներ, և Գերմանիան պահանջներ չներկայացնի հայկական կողմին: Գլխավոր խնդիրն այն է, որ Թուրքիան գա այն ճնշման աստիճանի, որ գիտակցի ժխտելն ավելի թանկ է իր համար նստում, քան ընդունելը: |
Էդուարդ Շարմազանով, Ազգային ժողովի փոխնախագահ
Առաջինը՝ շատ կարևոր է միջազգային դատապարտման ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակիցը Առաջին աշխարհամարտում դատապարտում է այս ցեղասպանությունը՝ թե՛ վերնագրում և թե՛ բանաձևի տեքստի մեջ հստակ ամրագրելով ցեղասպանություն եզրույթը, և, փաստորեն, Թուրքիան այս պայքարում մնում է միայնակ։ Կարևոր է Գերմանիայի ճանաչումը նաև այն առումով, որ Թուրքիայի դաշնակիցն Առաջին աշխարհամարտում ընդունում է նաև իր մեղսակցությունը, և այս իմաստով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է և դժվար է թերագնահատել: |
Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ
Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը շատ թույլ փաստաթուղթ է, որտեղ կան սխալ ձևակերպումներ և որտեղ «Ցեղասպանություն» բառը հիշատակվում է միայն վերնագրում և տեքստի այն հատվածում, որտեղ խոսք կա այլ ցեղասպանությունների մասին և ոչ թե առանձին Հայոց ցեղասպանություն անունով: |
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի նախագահ
Բունդեսթագի որոշումը լրջորեն ազդելու է թուրք–գերմանական հարաբերությունների վրա։ Թուրքիա վերադառնալուց հետո կորոշենք մեր քայլերը: |
Աշոտ Ոսկանյան, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Այս գործընթացը վաղուց էր ընթանում, և խնդիրը հասունացել էր երկու առումով. առաջին՝ Գերմանիայի ներսում այդ մթնոլորտը կար, որ իրենք այդ պատասխանատվությունը կրում են, և վաղ թե ուշ պետք է այդ «այո»-ն ասեին: Մենք երբեմն շատ ցինիկ ենք դիտարկում օտարներին, բայց իրենք միշտ չէ, որ ցինիկ են, այսինքն՝ իրենց մոտ դա անելու բարոյական զգացողությունը կար: Նրանք մինչ այս դա չէին արել, որովհետև պրագմատիկ են և չէին ցանկանում իրենց հարաբերությունները սրել Թուրքիայի հետ: Երկրորդ՝ այժմ հասունացան և այլ մակարդակի հասան թուրք-գերմանական հարաբերությունները: |
Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն
Գերմանիայում, որտեղ շատ ոլորտներում իրենց ազատությունները հանգիստ կարողանում են օգտագործել, 1915 թվականի դեպքերի առումով ճնշող մթնոլորտ է։ Փոխանակ փորձեն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, հայերի պատմածից ելնելով երկրում երկար տարիներ աշխատանքներ են տարվում, բազմաթիվ գրքեր, վավերագրություններ ու ֆիլմեր են ներկայացնում գերմանացի հանրությանը՝ ստանձնելով միակողմանի եզրահանգումներ ձևավորելու պարտականությունը: |
Սամվել Մարտիրոսյան, Մեդիա փորձագետ
Թվիթերում հունիսի 2-ի ընթացքում Armenian Genocide բառերը պարունակող ավելի քան 30 հազար գրառում էր կատարվել և ընդհանուր ակտիվությունն այս թեմայով բանաձևի ընդունումից ժամեր անց շարունակում է մնալ ակտուալ: Հասկանալի պատճառով, Թուրքիայում թիվ մեկ թեման էր այն: Ըստ Թվիթերի տվյալների, քննարկված թեմաների մեծամասնությունը թուրքական օգտատերերի շրջանակներում հենց Բունդեսթագի բանաձևն էր: Ընդ որում, եթե ապրիլի 24-ին բավականին բարձր էր լսվում ձախ հայացքներ ունեցող Թուրքիայի օգտատերերի ձայնը, որոնք կողմ էին Ցեղասպանության ճանաչմանը, ապա այսօր վիճակը լրիվ այլ էր. բեմում էին միայն ժխտողականները: |