Ռուսաստանից եկող ներդրումները շեշտակի կրճատվել են, կա կապիտալի արտահոսք. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Անդրանիկ Մանուկյանի հոդվածը Հայաստանում օտարերկրյա ներդրումների մասին. Սա իհարկե բավականին անհանգստացնող ցուցանիշ է, քանզի Հայաստանի նման կապիտալ հոսքերի պակասուրդ ունեցող երկրներում ներդրումները առանձնահատուկ կարևոր նշանակություն ունեն տնտեսության զարգացման և ազգային արժույթի (հայկական դրամի) կայունության գործում: Ինտեգրացիոն գործընթացների առումով հետաքրքրական է այն հանգամանքը, որ դիտարկվող ողջ ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ երկու երկրների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ փոխադարձ ներդրումները գրեթե զրոյական են եղել, իսկ Բելառուսի հետ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը 2015թ. առաջին կիսամյակի -23 մլն դրամից 2016թ. համադրելի շրջանում հասել է -0.7 մլն դրամի: Սա իհարկե փաստում է դրական միտումների մասին, բայց այնուամենայնիվ, Հայաստանից Բելառուս դեռևս ավելի շատ է ներդում գնում, քան հակառակը: Անկումը շարունակվել է նաև 2016-ին, երբ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են -5.7 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ ռուսական ներդրումներ գծով մարումները (արտահոսքը) գերազանցել են ստացումները (ներհոսքը): Այլ կերպ ասած, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը Ռուսաստանի Դաշնությունից գրանցել են ավելի քան 265%-ի հասնող անկում: Եթե դիտարկենք օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի բաշխվածությունն ըստ գործունեության ոլորտների, ապա կտեսնենք, որ զուտ հոսքերի այսպիսի նվազումից հատկապես տուժել են հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության ոլորտը, որտեղ զուտ հոսքերը կրճատվել են 52%-ով, հիմնային մետաղների արտադրության ոլորտը (190% կրճատում), էլեկտրականության, գազի և գոլորշու մատակարարման ոլորտը (47% կրճատում), ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ ներդրումների զուտ հոսքերը նվազել են մոտ 35 տոկոսային կետով: Այսպիսի իրավիճակը չափազանց անհանգստացնող է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ տարիներ շարունակ Ռուսաստանը եղել է ամենախոշոր ներդրողը Հայաստանում: Այս առումով գոնե թե Հայաստանի մասով անհասկանալի են մնում ԵԱՏՄ անդամ երկրների հետ միասնական տնտեսական տարածք ստեղծելու տնտեսական նախադրյալները և տնտեսական հեռանկարները: |