Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ստեղծել ենք երեք տարբեր կազմակերպություններ, որոնք կհոգան Հայաստան տեղափոխված հալեպահայերի կարիքները». Սարգիս Հացպանյան

16:25, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
«Ստեղծել ենք երեք տարբեր կազմակերպություններ, որոնք կհոգան Հայաստան տեղափոխված հալեպահայերի կարիքները». Սարգիս Հացպանյան

Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Հալեպահայեր, մեզ բացակա չդնեք» նախաձեռնության անդամների կազմակերպած առաջին հավաքը: Նախաձեռնության հիմնադիր, սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանից MAMUL.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են նախաձեռնության աշխատանքները, ինչպիսի՞ն է տպավորությունը հավաքից, արդյոք հասարակական հետաքրքություն կա՞, թե ոչ:

Հիշեցնենք, «Հալեպահայեր, մեզ բացակա չդնեք» նորաստեղծ քաղաքացիական նախաձեռնության նպատակը սիրիահայությանը, մասնավորապես՝ հալեպահայերին ներկա ծանր կացությունից հանելն է, նրանց վիճակը վերլուծելը, և նրանց հայրենիք բերելու իրատեսական եղանակները քննարկելը:

«Առաջին հավաքը շատ շահեկան էր, առարկայական առաջարկներով լի, մեծ էր խնդրի վերաբերյալ հետաքրքրությունը: Այն գործառույթը, որը պետք է իրականացնենք, որքան հասկացանք` աշխատեց: Մենք արդեն կամրջի դեր ենք ուզում ստանձնել կողմերի միջև, լինելու է կամուրջ` աշխարհի հետ, այսինքն` ստեղծել ենք երեք տարբեր կազմակերպություն. առաջին կազմակերպության գործառույթը հետևյալն է` հալեպահայը, որն ինքնակամ կորոշի գալ Հայաստան` մշտական բնակության, նրա տոմսի հարցն է լուծելու: Երկրորդ կազմակերպությունը, հալեպահայի այստեղ գալուց հետո, կզբաղվի նրա համար բնակելի տարածքի հայթայթման գործով, անվճար թե վճարովի. այսինքն, դա նշանակում է` բնակարանների նյութական ապահովում մինչև 1 տարի ժամկետով: Երրորդ կազմակերպությունը կօգնի հալեպահայերին աշխատանք գտնել, կհոգա նրանց երեխաների դպրոցների հետ կապված խնդիրները: Մենք, ամենակարևորը, պետք է երաշխավորենք բոլոր այդ մարդկանց անվտանգությունն ու ապահովությունը, ովքեր ուզում են գալ: Սա դեռ մեր առաջին քայլն է»,- ներկայացրեց Սարգիս Հացպանյանը` հավելելով, որ վերջին տասն օրերի ընթացքում Սիրիայից Հայաստան է տեղափոխվել չորս ընտանիք:

2392 | 0
Facebook