Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շատերը կարծում են, թե դժվար է խուլերի հետ աշխատելը, բայց մեր լեզուն ընդհանուր է` մնջախաղն է». Իննա Հախնազարյան

14:20, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2016 թ.
«Շատերը կարծում են, թե դժվար է խուլերի հետ աշխատելը, բայց մեր լեզուն ընդհանուր է` մնջախաղն է». Իննա Հախնազարյան

Հ. Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնում կայացավ Խուլերի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում խուլերը հանդես եկան` «Հոսանքին հակառակ», «Կատակ» և «Ձեռքեր» փոքրիկ ներկայացումներով:

Մնջախաղի և Տիկնիկային թատրոնի դերասանուհի Իննա Հախնազարյանն արդեն երկու տարի է, ինչ նրանց հետ աշխատում է, և նշում, որ առաջարկը հաճույքով է ընդունել:

«Արարատյան Հայրապետական թեմի կողմից առաջարկ եղավ Մնջախաղի պետական թատրոնին, և Ժիրայր Դադասյանը որոշեց, որ ես պիտի նրանց դասավանդեմ: Արդեն 2 տարի է միասին աշխատում ենք»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց դերասանուհին: Նա նշեց, որ «Հոսանքին հակառակ» ներկայացումով արդեն մասնակցել են Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին և արժանացել ոսկե մեդալի:

«Բոլորը կարծում են, որ շատ դժվար է խուլերի հետ աշխատել, ինձ համար երբեք դժվար չի եղել, հենց առաջին օրվանից հաճույքով եմ աշխատել, որովհետև մեր լեզուն ընդհանուր է` մնջախաղն է: Նրանք լսում են աչքերով և ընկալում են տեսողական, ես նրանց ցույց եմ տալիս, երբ ինչ որ բան պիտի բացատրեմ, էդպես ենք շփվում: Այս ընթացքում ես սովորել եմ ժեստերը, քանի որ նրանք ինձ համռորեն սովորեցնում են: Շատ հետաքրքիր է ժեստերի աշխարհը, ես դրանով հարստացա, և ինձ համար մեկ այլ աշխարհ բացահայտեցի»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով` Արարատյան Հայրապետական թեմի կողմից առաջարկ եղավ, քանի որ նրանք նպատակ ունեին ավելի լրջորեն և պրոֆեսիոնալ զբաղվել մնջախաղով:

«Իմ առաջին ցանկությունն այն էր, որ երբ հադիսատեսը նրանց տեսնի բեմում, երբեք չմտածի, որ նրանք խուլ են: Հանդիսատեսի մոտ հաճախ շոկային վիճակ է առաջանում, ինձ միշտ ասում են` «չենք հավատում, որ նրանք չեն լսում»: Փորձերի ժամանակ ես նրանց թելադրում եմ ռիթմը, հաշվարկը, թե որքան պետք է տևի տվյալ տեսարանը, և նրանք շատ ներդաշնակ են շարժվում երաժշտության տակ: Քանի որ նրանց մոտ ժեստերը շատ ակտիվ են, որոշեցինք մթության մեջ խոսող ձեռքեր ստանալ, որի մեջ ընդգրկեցինք նաև մեր աղոթքը, շատ խոսուն և հուզիչ բեմականացում ստացվեց»,- եզրափակեց Իննա Հախնազարյանն, ում խոսքով` խուլերի հետ համագործակցությունը շարունակական է լինելու:

3333 | 0
Facebook