Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օրենքն արգելում է 35-ից ավելի աշակերտ ունենալ դասարաններում, և ոչ ոք իրավունք չունի երեխայի կրթության որակի հաշվին բյուջեի փողերը լափել». Անահիտ Բախշյան

14:35, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
«Օրենքն արգելում է 35-ից ավելի աշակերտ ունենալ դասարաններում, և ոչ ոք իրավունք չունի երեխայի կրթության որակի հաշվին բյուջեի փողերը լափել». Անահիտ Բախշյան

Մայրաքաղաքի դպրոցներում շարունակում է գերխնդիր մնալ դասարանների գերծանրաբեռնվածության հարցը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս շատ դպրոցներում մի դասարանում սովորում է 35 և ավելի երեխա:

Իսկ թե այս պայմաններում ինչպես են ուսուցիչներն աշխատում աշակերտների հետ` կարողանո՞ւմ են արդյոք գիտելիք փոխանցել վերջիններին, բացատրել, սովորեցնել, դժվար չէ պատկերացնել: Դասարանների բեռնաթափման հարցը, կարելի է ասել, վերջին ուստարիների համար առաջնային և կարևորագույն խնդիրներից մեկն է թե´ ուսուցչի, թե´ աշակերտի, թե´, առավել ևս, ծնողների համար:

Ծնողներին մտահոգում է հատկապես այն, թե արդյոք ինչպե՞ս է ընթանում դասապրոցեսը: Ուսուցչին հաջողվո՞ւմ է լիարժեք հաղորդակցվել աշակերտի հետ, ինչ-որ բան սովորեցնել:

«Հարցը նրանում չէ, որ ուսուցիչները համապատասխան գիտելիք չունեն, այլ այն, որ դժվար է 35-37 կամ 38 հոգանոց դասարանին կառավարելը: Նման թվով դասարանին ուսուցիչը չի կարողանում լռեցնել, կարգի հրավիրել»: «Իհարկե, ոչ բոլոր երեխաներն են «անկարգ» և աղմկոտ, բայց կան այդպիսիք, որոնց հետ աշխատելու, նրանց հանդարտեցնելու համար հատուկ ջանքեր և փորձառություն է հարկավոր, ինչը ոչ բոլոր ուսուցիչներն ունեն: Իսկ արդյուքնում տուժում են այն երեխաները, որոնք իսկապես սովորել են ուզում, այնինչ այդ պայմաններում հնարավոր չէ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, դժգոհեցին թիվ 19 և 122 դպրոցների մի խումբ ծնողներ:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լսելով մեր թղթակցի բարձրացրած հարցն, ասաց, որ դասարանում 35-ից ավելի աշակերտների թիվն արդեն օրենքի խախտում է` «չի թույլատրվում» և «չպետք է լինի», սակայն ավելացրեց, որ նման դպրոցներ այսօր մի քանիսն են: «Դասարաններում այդ 1-2 հոգին, որ էնպես է ստացվում ընթացքում գնում են, և տնօրեններն ստիպված վերցնում են, չեմ կարծում այդքան մեծ խնդիր է…: Անկեղծ մի բան ասեմ, երբ որ երեխային բերում են, տնօրենը զգուշացնում է ծնողին, ասում է, որ ինքն իրավունք չունի վերցնելու աշակերտին, որ դպրոցում էս վիճակն է: Ծնողն էլ ասում է, թե ինքը հենց այս դպրոցն է ուզում: Ստիպված տնօրենը նրան ընդունում է: Ու հետո մեկ ուրիշ ծնող բողոքում է: Այսինքն` ծնողների կամքն է, որ իրենց երեխաները նման խիտ դասարանում սովորեն: Ծնողին զգուշացնում են, բայց նա ստիպում է, որ ընդունեն»,- բացատրեց Ն. Հովհաննիսյանը:

Հարցին, թե ըստ օրենքի, որքա՞ն պետք է լինի աշակերտների թիվը յուրաքանչյուր դասարանում, պաշտոնյան պատասխանեց`«Օրենքով գրված է` աշակերտների խտությունը` 35»: Հարցին, թե չի՞ կարծում, որ 35-ը նույնպես շատ է, մեր զրուցակիցն ասաց, որ` ոչ: «35-ը դեռևս այդքան էլ շատ չէ: Երկար տարիներ դպրոցներում 35-ը պահպանվել է և ոչ մի խնդիր չի եղել, որովհետև հազարումի դասավանդման մեթոդներ կան այսօր, կարողանում ենք դասապրոցեսը կազմակերպել»:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետի ներկայացմամբ, 70-ականներին ևս թիվ 19 դպրոցում, որը Կրուպսկայայի անունն էր կրում, դասարաններում այսքան «լիքն» են նստած եղել: «էնպես որ, այդ խնդիրն այդքան ծանր չէին տանում այն ժամանակ, թեպետ ասեմ, որ այն ժամանակ հետաքրքրություն չկար, իսկ այսօր դասապրոցեսն անցկացնելու համար բազմաթիվ ինտերակտիվ մեթոդներ կան: Եվ չեմ կարծում, որ դա այնքան մեծ պրոբլեմ է, որի վրա «կանգնենք»: «Պուշկին»-ում էլ նույն վիճակն է, բան չունեմ ասելու, բայց մեզ էլ են զանգում, խնդրում են, որ մեր երեխան պիտի գնա Պուշկինի դպրոց, Չեխովի դպրոց, 122, 51, 89, 130…»,- ասաց Հովհաննիսյանը:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի խոսքով, դասարաններում աշակերտների գերծանրաբեռնվածությունը ոչ միայն լուրջ խնդիր է, այլև օրենքի խախտում: Վկայակոչել ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, Ա. Բախշյանն ընդգծեց, որ այնտեղ հստակ գրված է` հանրակրթական դպրոցներում, ամեն դասարանում կարող է լինել 25-30 աշակերտ, ամենաշատը` 35: «Եթե դասարանում 35-ից ավելի է, դա հաստատ կանոնադրության խախտում է: Եվ այս դեպքերում` քաղաքապետարանն է, մարզպետարանն է, նայած թե դպրոցն ում ենթակայության տակ է, ուսումնական հաստատության տարիֆիկացիան հաստատելիս` չպետք է հաստատի և պիտի ասի` սա կանոնադրության խախտում է` տար, շտկի, հետո բեր, բայց ո´չ քաղաքապետարանի ֆինանսական վարչությունն է դա անում, ոչ նախարարության, ոչ էլ` մարզպետարանների: Ինչո՞ւ: Նրանք միտումնավոր այնպիսի ուղղությամբ են տանում դպրոցներին, որպեսզի դասարաններում աշակերտների թիվն ավելանա: Եթե 36 աշակերտ է դասարաններում, նրանց պետք է երկու մասի բաժանել, դառնա 2 հատ 18 հոգանոց դասարան, ինչը ֆինանսական կրկնակի ծախս է պետության համար: Պետությունը, իշխանություններն ամեն կերպ խրախուսում են այդ դասարաններում աշակերտների թվի ավելացումը` փոխանակ ասեն, որ կառավարության հաստատած կանոնադրությամբ այսքան պիտի լինի թիվը և իրավունք չունես ավել աշակերտ պահելու: Իրենք դրա վրա աչք են փակում, որովհետև դա իրենց ձեռնտու է, որովհետև գումար քիչ են ծախսելու և արդյունքում օրինազանցություն են անում»,- ասաց մեր զրուցակիցը` շեշտելով, որ ոչ մի դպրոցում չպիտի լինի նման բան: Բախշյանի խոսքով, վերոնշյալ խնդիրը միշտ էլ եղել է և Նարինե Հովհաննիսյանը փոխանակ ասի իրավունք չունեն, պիտի բոլորը կանոնադրությամբ շարժվեն, ասում է` այո, մի քանի դպրոցների մասին գիտենք, բայց դրանք քիչ են:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի համոզմամբ, նշված դպրոցների տնօրենների օրինազանցությունները խրախուսվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից. «Որովհետև դա նախ ավելի քիչ ծախս է պահանջում և բացի այդ, ընկնում են ֆինանս պոկելու հետևից: Օրենքի կանոնադրությունն արգելում է 35-ից ավելի աշակերտ ունենալ դասարաններում, և ոչ ոք իրավունք չունի երեխայի կրթության որակի հաշվին բյուջեի փողերը խնայել կամ լափել»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը:

10706 | 2
Facebook