Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Որն է ինքնաոչնչացվող Harop ԱԹՍ-ն, որն աշխարհում առաջին անգամ կիրառվեց Ադրբեջանի կողմից՝ ընդդեմ հայկական կողմի

17:10, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
Որն է ինքնաոչնչացվող Harop ԱԹՍ-ն, որն աշխարհում առաջին անգամ կիրառվեց Ադրբեջանի կողմից՝ ընդդեմ հայկական կողմի

Նախօրեին հայ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն, ով պատերազմի վերսկսման օրից ի վեր ակտիվորեն լուսաբանում է սահմանում տեղի ունեցող իրադարձությունները, համացանցում հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ինչպես ինքն էր մեկնաբանում, լսվում էր ադրբեջանական կողմից ուղարկված անօդաչու թռչող սարքի ձայնը: Ըստ արշակ Զաքարյանի՝ դա իր բնույթով կամիկաձե սարք էր, որը քիչ անց հարվածել է գետնին ու պայթել, ինչի համար որ ինքը նախատեսված էր:

Ավելի ուշ Արշակ Զաքարյանը պարզաբանեց, որ «Կամիկաձե» անունը տեղում էր օգտագործվել՝ որպես սարքի բնույթը նկարագրելու միջոց, իսկ իրականում իսրայելական ծագման այդ ԱԹՍ-երը կոչվում են «Harop»:

Ի՞նչ է Harop-ը:

Ռուսական Gazeta-ն գրում է. «22 տարի անց վերսկսված ղարաբաղյան պատերազմի ամենաբնորոշ գծերից մեկը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ կամ դրոն) կիրառումն էր: Իսկ գլխավոր անակնկալը հարվածային դրոնների կիրառումն էր, ինչի հետևանքով հայկական կողմը տվեց մարդկային կորուստներ: Ավելի ուշ տարածվեց տեղեկատվություն, որ մարտական գործողությունների տարածքում ադրբեջանական անօդաչու հարվածային ինքնաթիռն ավտոբուս է պայթեցրել, որի մեջ եղել են հայ կամավորներ: Նախ հաղորդվում էր 5, ապա՝ 7 զոհի մասին: Նույն օրը հատնի է դարձավ, որ գրոհի է ենթարկվել լրագրողներին տեղափոխող ավտոբուսն, արկն ընկել է դրանից մի քանի մետր հեռու, ինչի շնորհիվ էլ տուժածներ չեն եղել: Միայն որոշ ժամանակ անց տեղեկություն տարածվեց, որ մահացու դրոնը իսրայելական արտադրության հետախուզահարվածային Harop սարքն է: Դրանք արտադրում է Israel Aerospace Industries ընկերությունը: Այս սարքավորման ինքնությունը մատնում է նրա թևերի և քթի հատվածի տարբերակվող տեսքը:

Սա կատարելագործված իսկական կամիկաձե է, որն, ի տարբերություն ամերիկյան հայտնի Predator դրոնի (որը կրակում է Hellfire հրթիռներով) ինքն է գտնում թիրախը և ոչնչացնում այն՝ քարի արագությամբ ընկնելով ներքև:

Harop-ն օդ է հանվում շարժական կոնտեյներներով, որոնք 12 հատով տեղադրված են բեռնատարների վրա: Վերգետնյա օբյեկտները հարվածելու համար անօդաչուն ունի 15 կիլոգրամանոց մարտագլխիկ: Օդում այն կարող է մնալ մինչև 6 ժամ՝ որոնելով թիրախ: Այն կարող է աշխատել մեծ բարձրությունների վրա, ինչը մեծացնում է նրա տեսադաշտը և նվազեցնում տեսանելի լինելու և ոչնչացվելու հավանականությունը: Երբ թիրախը գտնված և ընտրված է, դրոնը քարի պես ընկնում է դրա վրա ու պայթում: Իսկ եթե թռիչքի արդյունքում թիրախ չի գտնվել, այն վերադառնում է մեկնարկի վայր»:

Այնուհետև աղբյուրը շարունակում է. «Ըստ ամենայնի՝ սա անօդաչու-կամիկաձեի՝ աշխարհում առաջին կիրառումն է իրական մարտերի ժամանակ (այս մասին ավելի վաղ հայտնել էր նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը – խմբ.):

Համաձայն արտադրող ընկերության կայքի տվյալների՝ Harop -ը կարող է կառավարվել ու թիրախին հարվածել ինչպես հեռահակառավարմամբ, այնպես էլ ինքնուրույն՝ իր սեփական ռադարի օգնությամբ կամ էլ՝ որսալով երկրից արձակվող ռադիոճառագայթները: Harop-ն իդեալական միջոց է հակառակորդի հակաօդային պաշտպանության դեմ պայքարում, քանի որ սարքի փոքր չափերը թույլ են տալիս աննկատ մնալ վերգետնյա ռադարների համար:

Harop մոդելը հանդիսանում է Harpy ԱԹՍ-ի կատարելագործված մոդելը, որը չուներ հեռակառավարման հնարավորություն:

Այժմ կարելի է վստահաբար ասել, որ վերջին ժամանակներում ռազմական գիտության մեջ ի հայտ է եկել ու փորձարկվել զենքի միանգամայն նոր տեսակ: Ստույգ իմանալ, թե էլ որ երկրներն են ձեռք բերել նման ԱԹՍ-եր, հնարավոր չէ: Հայտնի է միայն, որ 2015-ի հուլիսին Israel Aerospace Industries-ը հայտարարել է, որ տարբեր պատվիրատուներին են վաճառվել նման հարյուրավոր սարքեր և որ այդ սարքերը վաճառքի մեծ պոտենցիալ ունեն:

The Washington Post թերթի տվյալներով՝ իսրայելական այս դրոնները վերջին ամիսներին նկատվել են նաև Ուկրաինայում և Սիրիայում:

Ադրբեջանական կողմն Իսրայելի արտադրած ԱԹՍ-երով սկսել է հետաքրքրվել 2011 թվականից, իսկ ռազմական ոլորտում այս 2 երկրների համագործակցությունն սկսվել է դեռ 2004-ից, երբ Բաքու է ուղարկվել Թուրքիայում արտադրված իսրեյալական զենք: 2011-ին Ադրբեջանը ծրագել էր գնել Իսրայելից 60 հատ Aerostar և Orbiter ԱԹՍ-եր»:
     Ավելացնենք, որ հայկական կողմը ոչնչացրել էր թշնամու ավելի քան մեկ տասնյակ անօդաչու թռչող սարքեր:

Աղբյուրը` gazeta.ru
24073 | 2
Facebook