Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կաշխատենք հաջորդ մրցումներին ավելի պատրաստված հանդես գալ»․ Խիթարյանը՝ Փարիզի մրցաշարի և առաջիկա ծրագրերի մասին

18:33, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
«Կաշխատենք հաջորդ մրցումներին ավելի պատրաստված հանդես գալ»․ Խիթարյանը՝ Փարիզի մրցաշարի և առաջիկա ծրագրերի մասին

Փետրվարի 6-7-ին Փարիզում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտի» խաղարկությանը Հայաստանը ներկայացրել են Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը։ Համեմատաբար հաջող է հանդես եկել Դավթյանը՝ գրավելով 5-րդ տեղը։
     Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփեց մեր մարզիկների մրցելույթները․
     «Սպասելիքներն ավելի շատ էին, բայց գոտեմարտելու որակից գոհ ենք։ Տարվա կտրվածքով «Մեծ սաղավարտի» 4 մրցումներ են անցկացվում, Փարիզինն ամենահեղինակավորը և դժվարն է, քանի որ օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդներն են մասնակցում։ Մեր գլխավոր նպատակն էր բարելավել մարզիկների տեխնիկա-մարտավարական պատրաստվածությունը։ Այն ինձ գոհացրեց, առաջընթացը նկատելի էր։ Տղաները մրցակիցների հետ հավասար էին գոտեմարտում, և պարտվեցին նկատողությունների պատճառով։ Պետք է ավելի շատ աշխատենք՝ փոխելով գոտեմարտի մարտավարական մոտեցումը։ Երկու մարզիկներն էլ պարտվեցին մարտավարության պատճառով, այլ ոչ թե տեխնիկական հնարքներով։ Ինչևէ, կաշխատենք հաջորդ մրցումներին ավելի պատրաստված հանդես գալ»։
     Անդրադառնալով Ժաննա Ստանկևիչի անհաջող մրցելույթին՝ Խիթարյանը նշեց․
     «Ստանկևիչի մոտ ուղղակի չստացվեց։ Մեկ շաբաթ առաջ Եվրոպայի գավաթի խաղարկությունում երրորդ տեղն էր գրավել, սակայն երկու մրցաշարերի միջև տարբերությունն ակնհայտ է։ Եթե Եվրոպայի գավաթում Ժաննայի առջև նպատակ էր դրվել մեդալ նվաճել, ապա Փարիզում նա պետք է հնարավորինս շատ վարկանշային միավորներ վաստակեր, ինչը, ցավոք, չստացվեց։ Վիճակահանության արդյունքում նրա երկրորդ մրցակիցն ուժեղ մարզուհի էր լինելու (խմբ․՝ Կոսովոն ներկայացնող Մաջլինդա Քելմենդի), երևի դա շփոթեցրեց Ստանկևիչին։ Նա հոգեբանորեն պատրաստ չէր միանգամից շատ ուժեղ մրցակցի հետ գոտեմարտել»,- նշեց Խիթարյանը։
     Անդրադառնալով վարկանշային միավորներին՝ Խիթարյանը նշեց, որ Հովհաննես Դավթյանը գործնականում ապահովել է իր տեղն օլիմպիական խաղերին։ Նա 12-րդն է վարկանշային աղյուսակում՝ վարկանիշ ձեռք բերող 22 հորիզոնականների դեպքում։ Ֆերդինանտը Փարիզի մրցաշարին վաստակած 60 միավորից հետո, կհայտնվի լավագույն 70-ի մեջ և կշարունակի պայքարել լավագույն 22-ի մեջ ներառվելու համար։ Ժաննան պետք է հայտնվի լավագույն 14-ի մեջ։ Նա, դեռևս, 33-րդն է։
     «Վարկանշային աղյուսակում այս պահին Հովհաննեսի և Ֆերդինանտի վիճակը բավականին լավ է։ Հովհաննեսի համար առաջիկայում մարզումային այլ գրաֆիկ կլինի։ Քանի որ նրա միավորները շատ են, չենք ուզում օլիմպիական խաղերից առաջ նրան շատ հոգնացնել։ Նա, փոքր հանգստից հետո, կսկսի նախապատրաստվել ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Իսկ Ֆերդինանտն ու Ժաննան կշարունակեն պայքարել վարկանշային միավորների համար։ Նրանք պետք է հնարավորինս շատ վարկանշային մրցաշարերի մասնակցեն՝ օլիմպիական խաղերին մեկնելու համար։ Երկուսն էլ պատրաստվում են փետրվարի վերջին կայանալիք Դյուսելդորֆի Գրան պրիին։ Հույս ունենք, որ առավելագույն միավորներ կվաստակեն»,- եզրափակեց Խիթարյանը։

3350 | 0
Facebook