Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոլորը գիտեն, որ ցեղասպանություն է եղել, բայց թուրքերին չեն ուզում վշտացնել». ստամբուլահայեր

00:05, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
«Բոլորը գիտեն, որ ցեղասպանություն է եղել, բայց թուրքերին չեն ուզում վշտացնել». ստամբուլահայեր
     Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը մասնակցելու համար աշխարհի տաբեր ծայրերից բազմաթիվ սփյուռքահայեր էին ժամանել Երևան: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զրուցել է նրանցից մի քանիսի հետ: Լենա Ալեքսանյանն ամուսնու և դստեր հետ Լիբանանից է եկել: «Հայ ենք, հայրենիք եկած ենք, շատ ուրախ ենք, տուն ունենք, հող ունենք: Ի վերջո թուրքը մի օր պետք է հավատա, պետք է գիտնա, որ մենք համբերեցինք 100 տարի: Երբ առավոտ դիտում էի, շատ նեղվեցա, թե ինչու Օբաման չմասնակցեց, չուզեց արտասանել ցեղասպանություն եզրույթը»,- նշում է նա:
     Իրանից ժամանած Կարեն Սարգսյանն էլ կարծում է, որ մի օր թուրքերը կառերեսվեն անցյալի հետ: Ինչ վերաբերում է Օբամայի` ցեղասպանություն բառը չարտասանելուն, ասաց, որ քաղաքականությունն է պարտադրում, Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են շատ վատ լինել: Փոխարենը մեր զրուցակիցը հզոր ու սքանչելի համարեց Հռոմի պապի ելույթը:
     Իրանից ժամանած Մանվել Միքայելյանն էլ, ով 10 տարի առաջ էր եղել Երևանում, հպարտությամբ նշեց, որ մի քանի օր առաջ էլ Հայաստանի քաղաքացիություն է ստացել: «Խելքս չի կտրում, որ թուրքը ներողություն խնդրի, նա բռի ազգ է, Օբաման էլ, որ ճանաչի, մեկ է նրանց նախագահի մի ականջով մտնում է, մյուսով դուրս գալիս: Իսկ Օբաման նման է քյասիբ երեխու, ով պաշտոն է ստանում և մոռանում իր անցյալը: Աշխարհը գիտի, որ եղել է, ու ոնց կարելի է եղած բանի կողքով անցնել»:
     Ստամբուլահայ, բայց երեսուն տարի Հոլանդիայում ապրող Արշալույս Խելղաթը Հայաստանը համեմատելով անցած երեք տարիների հետ նշեց, որ այն ժամանակ աղքատությունն ավելի շատ էր, իսկ հիմա Հայաստանն ավելի է լավացել և հուսով է, որ դեռ ավելի է լավանալու: Ըստ նրա, եթե Թուրքիայի կառավարությունը փոխվի, ապա կնդունեն Հայոց ցեղասպանությունը: «Բոլորը գիտեն, որ սա ցեղասպանություն է, բայց թուրքերին չեն ուզում վշտացնել»:
     Դուբայից իր երեք երեխաների հետ էր եկել Անի Մուրջանյանը: «Ուրախ եմ, որ վերջապես պստիկներին բերեցինք և տեսան այս ամենը, շատ աղվոր զգացում է»:
3120 | 0
Facebook