Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ցեղասպանությունը դարձավ հայերի՝ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո տարիներ շարունակ կրած զրկանքների գագաթնակետը». թուրք հոդվածագիրը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

12:46, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
«Ցեղասպանությունը դարձավ հայերի՝ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո տարիներ շարունակ կրած զրկանքների գագաթնակետը». թուրք հոդվածագիրը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ

«The Star» պարբերականը հրապարակել է ազգությամբ թուրք Ումութ Օսզյուի հոդվածն, ով անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայի դիրքորոշմանն այդ հարցում:

«Երիտասարդ տարիքում ես շատ կապված եմ եղել իմ՝ ազգությամբ թուրք տատիկի հետ, ով ծնվել է արևմտյան Անատոլիայի աղքատ գյուղերից մեկում և ապրել հատկապես նոր Թուրքիայի ժամանակներում՝ ձևավորված Օսմանյան կայսրության անկումից հետո:

Բնույթով շփվող և զրուցասեր՝ նա, այնուամենայնիվ, որոշ թեմաներ քննարկելու ժամանակ շատ զգայուն էր դառնում: Այդ սակավ թվով թեմաներից մեկն էլ հենց Հայոց ցեղասպանության խնդիրն էր: Այն հազվադեպ առիթներին, երբ ես բացում էի այդ թեման, իմ տատը վշտանում էր, որ ես կարողանում եմ այդպես հստակ կերպով բարձրաձայնել այդ մասին: Նրա տեսանկյունը հետևյալն էր. չէր ժխտում, որ այդ տարիներին սարսափելի դաժանություններ են տեղի ունեցել, սակայն, իր հայրենակիցներից մեծամասնության նման, նա ցնցվում էր, երբ ես «ցեղասպանություն» բառն էի օգտագործում: Տատս սովորություն ուներ նշելու, որ այդ տարիներին մահմեդականները նույնպես զրկանքներ են կրել և Արևմուտքը նախևառաջ իր անցյալի հետ պետք է առերեսվի նախքան Թուրքիային քննադատելը:

Այս ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Լինելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված ամենաարյունալի աղետներից մեկը՝ ցեղասպանությունը դարձավ հայերի՝ Օսմանյան կայսրության տիրապետության տիրապետության ներքո տարիների շարունակ կրած զրկանքների գագաթնակետը:

1915թ. գարնանը Երիտթուրքերը «էթնիկ զտումներ» իրականացնելու նպատակով կարգադրեցին համակարգված ձևով հայերի զանգվածային տեղահանություն իրականացնել: Տեղահանության դաժան գործընթացը տևեց մի քանի ամիս, որոնց ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ բռնի ուժով տարհանվեցին դեպի Դեր Զորի անապատ՝ տարածք, որն այժմ գտնվում է ԻՊ ահաբեկիչների հսկողության ներքո:

Այդ ընթացքում հայերի ունեցվածքը բռնագանձվում էր, մարդկանց կոտորում էին, բռնաբարում և առանց խմելու ջուր կամ ուտելիք տրամադրելուէ օրերով քշում դեպի անապատներ:

Փոքրաթիվ մարդկանց հաջողվել է փրկվել այդ տեղահանությունների ընթացքում, այն էլ՝ հիմնականում իսլամ ընդունելու կամ մահմեդականի հետ ամուսնանալու միջոցով:

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է հերքել, որ այդ իրողություններն իրականում ցեղասպանություն են: Այն հայտարարում է, որ այդ տարիներին ջարդեր եղել են, սակայն չի ցանկանում ընդունել, որ դրանք հայերին բնաջնջելու համակարգված պլանի արդյունքում են իրականացվել: Եվ քանի որ «ցեղասպանություն» եզրույթը գործածության մեջ է մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Թուրքիան հրաժարվում է, որ իրեն հետադարձ սկզբունքով վերագրվի այդ ամենը:

Այս և մի շարք այլ վիճելի հարցեր առկա են, բայց մի բան ակնհայտ է. պատմաբանների ձեռքի տակ առկա է հսկայական քանակությամբ փաստաթղթեր և փաստեր, որոնք վկայում են, որ 1915թ. հայերի կոտորածները չի կարելի այլ կերպ որակել, քան ցեղասպանություն: Այդ տարիներին, հնարավոր է, մահմեդականները նույնպես ինչ-որ չափով տուժել են, սակայն այս և մի շարք այլ հանգամանքներ չեն կարող արդարացում հանդիսանալ 1.5 միլիոն հայերի կյանքի կորստի համար: Այդ կոտորածների բնույթի իրական կշիռը կարելի է բնութագրել միայն ցեղասպանություն բառով:

Այժմ հասունացել է իրական պահը, որ Թուրքիայի ղեկավարությունը ճանաչի այն, ինչ իր մի շարք քաղաքացիներ ընդունել և ճանաչել են արդեն շատ վաղուց. ընդունի, որ հայերի կոտորածները ցեղասպանություն են և պահանջում են միջազգային ճանաչում՝ ներառյալ նաև Թուրքիայի կողմից»,- գրում է Ումութ Օսզյուն:

8721 | 0
Facebook