Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԻՊ զինյալները հողին են հավասարեցրել մշակութային 3000-ամյա կոթողները

16:00, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
ԻՊ զինյալները հողին են հավասարեցրել մշակութային 3000-ամյա կոթողները

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները զինված հարձակում են իրականացրել Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող թանգարաններից մեկի վրա: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, հարձակման ընթացքում ծայրահեղական այդ խմբավորման զինյալները ոչնչացրել են մի քանի հազար տարվա պատմություն ունեցող մշակութային կոթողներ՝ արձաններ և քանդակներ:

Համացանցում հայտնված տեսանյութը ցուցադրում է, որ արձանները ոչնչացնելու համար ԻՊ զինյալները մուրճ և էլէկտրական շաղափ են օգտագործել: Նրանք չեն խնայել նույնիսկ 3 հազար տարվա պատմություն ունեցող արձանները:

Տեսանյութը ցուցադրում է նաև, որ բացի արձանները գետնին տապալելը, նրանք նաև մուրճով փշրել են դրանք, որպեսզի հետո հնարավոր չլինի վերականգնել: Տեսանյութի մեջ երևացող մարդկանցից մեկը, հավանաբար նույնպես ԻՊ զինյալ, տեղեկացնում է, որ իրենք ոչնչացնում են այդ արձաններն ու քանդակները, քանի որ դրանք կռապաշտության մնացորդներ են, իսկ մարգարեն հրամայել է իրենց երկրի երեսից վերացնել կռապաշտություն հիշեցնող բոլոր երևույթներն ու իրերը:

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ ԻՊ զինյալները հարձակում էին իրականացրել նաև Մոսուլի գրադարանի վրա և ոչնչացրել մոտ 8000 ձեռագիր և տպագիր մատյաններ ու գրքեր:
9560 | 3
Facebook