Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իսկ ո՞վ է կրելու շուռնուխցիներին հոգեբանական բռնության ենթարկելու պատասխանատվությունը». Տ. Պարթև վարդապետ

16:45, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
«Իսկ ո՞վ է կրելու շուռնուխցիներին հոգեբանական բռնության ենթարկելու պատասխանատվությունը». Տ. Պարթև վարդապետ

Վերջերս Սյունիքի Շուռնուխ գյուղում այսպես կոչված ԼԳԲՏ ներկայացուցիչների և տեղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպը հասարակական կյանքում լայն արձագանք ստացավ:

Տեղի ունեցածի վերաբերյալ հնչող կարծիքները կարելի է բաժանել երկու խմբի. մեկով, ոչ ուղղակի կերպով, փորձ է արվում պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները` նշելով, որ բռնությունը դատապարտելի է, մյուսով` արդարացվում է շուռնուխցիների ադեկվատ արձագանքն այլասերվածություն տարածողների սանձարձակ պահվածքին: Առաջին խմբի կարծիքները հիմնականում հնչում են ՄԻՊ-ի և տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, իսկ երկրորդը` հիմնականում բնակչության և ազգային արժեքներն ու ավանդույթները պահպանող և տարածող կառույցների, անհատների կողմից:

Տեղի ունեցած միջադեպը, թերևս, առավել սուր երանգներ է ստանում, երբ այն դիտարկում ենք վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում: Այսօր, երբ անզիջում պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, հատուկ շեշտադրվում բռնության մերժումը և մարդու իրավունքների պաշտպանությունը, որոշ խմբեր` ի մասնավորի համասեռամոլները, օգտվելով իրավիճակից, փրձում են իրենց մերժված տեղն ամրացնել հասարակական կյանքում` շահարկելով, որ իրենք ևս մասնակցել են Հայաստանում փոփոխության հանգեցրած գործընթացներին: Անշուշտ, լավ է, որ պայքար է մղվում վերոնշյալ երևույթների (կոռուպցիա, բռնություն) դեմ, բայց և նվազ կարևոր չեն ձեռնարկվող քայլերն` ուղղված հասարակական կյանքն արատավորող սեռական այլասերվածություն տարածողների դեմ, որոնք ևս խարխլում և թուլացնում են մեր ազգային արժեհամակարգը:

Հավանաբար, այսպես կոչված ԼԳԲՏ ներկայացուցիչներին թվում է, թե իրենք իրենց դիրքերը քաղաքում արդեն որոշակիորեն ամրացրել են և այժմ փորձում են սեփական այլասերված գաղափարները տարածել նաև գյուղերում:

Կարծում ենք, որ այս իմաստով գյուղի ընտրությունը նրանց կողմից պատահական չէր` հաշվի առնելով երկու հանգամանք. այն, որ համեմատ քաղաքային բնակչության, գյուղերում առավել կապված են իրենց արմատներին և հնավանդ սովորություններին, և երկրորդ, որ նրանց ընտրած գյուղն ունի սահմանամերձ համայնքի կարգավիճակ: Սրանով նախ փորձ է արվում գյուղերում արհամարհել ժողովրդի սրբազան ավանդույթները և ապա նաև այլասերվածության կործանիչ օրինակ ցույց տալ մատաղ սերնդին, այն դեպքում, երբ սահմանամերձ գյուղի համար առավել քան կարևոր է երիտասարդների հաղթական ոգին բարձր պահելը` դաստիարակելով նրանց ազգային արժեքներով և հերոսների սխրագործությունների օրինակով: Մեր ժողովրդի քրիստոնեական ավանդական ընկալման մեջ անընդունելի և դատապարտելի են բոլոր այն այլասերված երևույթները, որոնք իրենց հակաքրիստոնեական բնույթով տկարացնում և նսեմացնում են հայ ընտանիքի մասին մեր պատկերացումները և առողջ հասարակություն ձևավորելու մեր սուրբ առաքելությունը: Այսպիսի երևույթների դեմ մեր ժողովուրդը եղել և մնում է անհանդուրժող (որում, անշուշտ, պետք է փորձել զերծ մնալ բռնությունից):

Սակայն, բռնությունը, որը տեղի ունեցած միջադեպի շրջանակում դատապարտվում է, այս պարագայում կրոնական զգացումները և ինքնությունը պաշտպանելու համար ձեռնարկված քայլերի հետևանք է: Սեռական այլասերվածություն տարածողների կողմից շուռնուխցիների նկատմամբ դրսևորվել է հոգեբանական բռնություն, որն էլ հանգեցրել է բախման: Եթե նրանք պարփակվեին իրենց բնակարանում, չխանգարեին բնակչության անդորրը, չաղմկեին և այլասերված վարքագծով չառանձնանային գյուղում` վատ օրինակ ծառայելով երեխաներին, ապա գյուղացիները նրանց գյուղից վտարելու նախաձեռնություն չէին ցուցաբերի: Նրանք ուղղակիորեն վիրավորել են գյուղացիների կրոնական ու բարոյական զգացումները: Հարկադրել են, որ գյուղացիներն իրենց կրոնական զգացումները և ինքնությունը պաշտպանելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն: Հետևաբար, շուռնուխցիների արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատասխան համասեռամոլների կողմից նրանց նկատմամբ դրսևորված հոգեբանական բռնության:

Հետաքրքիր է, եթե սեռական փոքրամասնության իրավունքներ ասելով` ի նկատի են առնվում նրանց սեռական այլասերվածության քարոզչությունը և հասարակության մեջ սանձարձակ պահվածքը, ապա ինչպե՞ս պետք է պաշտպանվեն ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մեծամասնության իրավունքները:

Կարծում ենք, որ պետք է շատ հստակ դիրքորոշում ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ: Ի վերջո, սեռական այլասերվածության ակնհայտ քարոզչության նկատմամբ ի՞նչ դիրքորոշում ունեն իշխանությունները: Ո՞վ պետք է պաշտպանի շուռնուխցիների իրավունքները: Եթե խոսվում է նրանց պատասխանատվության ենթարկելու մասին, ապա պետք է նախևառաջ պատասխանատվություն կրեն միջադեպի մյուս կողմի մասնակիցները, որոնք էլ հենց հրահրել են բախումը:

Կարծում ենք, որ շուռնուխցիների շրջանում տիրող մտայնությունն արտահայտում է ոչ միայն իրենց, այլև Հայաստանի բնակչության գերակշռող մեծամասնության բացասական վերաբերմունքը նույնասեռականների նկատմամբ:

Նշենք, որ ըստ §Rainbow Europe¦ կազմակերպության 2016 թ. ուսումնասիրությունների` եվրոպական 49 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, որով բնակչության 93 % բացասական է վերաբերվում նույնասեռականներին:

Տ. Պարթև վարդապետ Բարսեղյան

Միաբան Մայր Աթոռի

6850 | 2
Facebook