«Աժ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք հայտարարել ենք, որ որևէ խոչընդոտ չենք լինելու ներկայիս կառավարությանը: Պետք է օժանդակենք այն ծրագրերի ներկայացմանը, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանն ու անվտանգությանը: Չգիտեմ՝ ի՞նչն է դրդապատճառը, որ ցանկանում են գնալ արտահերթ ընտրությունների»,- ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Աժ-ն իր բնականոն աշխատանքը կարողանում է կատարել՝ առանց խոչընդոտելու:
Բաղդասարյանը ձեռնպահ մնաց Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությանը գնահատականներ տալուց. «Մեծ մասը նոր են, անհայտ, պետք է աշխատեն, տեսնենք աշխատանքը, նոր գնահատենք: Կան մտավախություններ, բայց Աստված տա՝ իրենց աշխատանքով դրանք փարատեն»:
Լրագրողներն անդրադարձան նաև ԱԱԾ պետի խոստացած կոռուպցիոն բացահայտումներին ու երեկվա բերման ենթարկվածներին: Պատգամավորն ասաց. «Ցավում եմ, որ ԱԱԾ-ն շտապում է հայտարարություններ անելու համար: Իրադարձությունների զարգացմանը հետևեք: Հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. բերման ենթարկվածների նախապատմությունը պետք է նայել, նոր կարծիք հայտնել՝ նախորդ կառավարության մասին»: