Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ո՞ւմ է պատկանում Երուսաղեմը, կամ 6 հարց սուրբ քաղաքի կարգավիճակի վերաբերյալ

14:40, կիրակի, 10 դեկտեմբերի, 2017 թ.
Ո՞ւմ է պատկանում Երուսաղեմը, կամ 6 հարց սուրբ քաղաքի կարգավիճակի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս հայտարարությունը միջազգային հանրության կողմից հակասական ու քննադատական արձագանքների տեղիք տվեց: Գերմանական DW լրատվականը 6 կետով բացատրել է սրբազան քաղաքի շուրջ վեճերի էությունը:
     Ինչպիսի՞ն է Երուսաղեմի միջազգային-իրավական կարգավիճակը:
     Ե՛վ Իսրայելը, և՛ Պաղեստինը հավակնում են Երուսաղեմը դարձնել իրենց մայրաքաղաք: Այժմ, սակայն, քաղաքն ամբողջությամաբ գտնվում է Իսրայելի վերահսկողության ներքո: Երուսաղեմի միջազգային-իրավական կարգավիճակը երբեք չի հստակեցվել: Եթե հետևենք միջազգային հանրության որոշմանն, ապա այդ քաղաքն առհասարակ պետք է հանձնվի ՄԱԿ-ի վերահսկողությանը: Հենց այդպիսի որոշում է 1947թ. ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը:
     Ի՞նչ է նախատեսում ՄԱԿ-ի ԳՎ-ի 1947թ. որոշումը:
     ՄԱԿ-ի ԳՎ-ի թիվ 181 որոշումը նախատեսում է Պաղեստինի բաժանում 2 պետությունների՝ հրեական և արաբական: Բայց Երուսաղեմը չպետք է պատկանի ո՛չ առաջինին, ո՛չ էլ՝ երկրորդին: Որոշմամբ նախատեսվել է իրականացնել քաղաքի ապառազմականացում և այն հանձնել ՄԱԿ-ի հսկողությանը: Դրանից 10 տարի անց նախատեսվել էր հանրաքվե անցկացնել, որի ընթացքում Երուսաղեմի բնակիչներն իրենք կորոշեին քաղաքի հետագա ճակատագիրը:
     Ինչո՞ւ այդ ծրագիրը կյանքի չի կոչվել:
     ՄԱԿ-ի ծրագիրը հակառակորդներ է ունեցել ինչպես հրեական, այնպես էլ՝ արաբական հատվածում: Բանաձևի ընդունումից հետո Պաղեստինում հրեաների ու արաբների միջև բախումներ են տեղի ունեցել: 1948թ. մայիսի 14-ին՝ Իսրայելի անկախության հռչակումից հետո Հորդանանի, Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի և Լիբիայի զինված ուժերը հարձակվել են նոր-նոր անկախություն հռչակած երկրի վրա: Պատերազմի արդյունքում Երուսաղեմը բաժանվել է 2 մասի՝ արևելյան՝ Հորդանանի, և արևմտյան՝ Իսրայելի վերահսկողության ներքո:
     Ինչպիսի՞ն է Երուսաղեմի կարգավիճակը՝ Իսրայելի կողմից դրա արևելյան հատվածի գրավումից հետո:
     Դեռևս 1950թ. Իսրայելը Երուսաղեմը հայտարարել է երկրի մայրաքաղաք ու կառավարական հաստատությունները տեղակայել քաղաքի արևմտյան հատվածում: 1967թ. 6-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը գրավել է քաղաքի՝ Հորդանանի կողմից վերահսկվող արևելյան հատվածը: Դրանից ի վեր այնտեղ գործել են իսրայելական օրենքները: 1980թ. Իսրայելի խորհրդարանը ողջ քաղաքը հռչակել է Իսրայելի մայրաքաղաք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թիվ 478 որոշմամբ քաղաքի միացումն անօրինական է որակել ու բազմիցս հաստատել այդ դիրքորոշումը:
     Իսկ ինչպե՞ս է Պաղեստինը որոշում Երուսաղեմի կարգավիճակը:
     Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը 1988թ. հայտարարել է Պաղեստին պետության ստեղծման մասին՝ դրանով միաժամանակ երկրի մայրաքաղաք հռչակելով Երուսաղեմը: Մինչ այդ Իսրայելը հրաժարվել է քաղաքի արևելյան հատվածի և պաղեստինյան տարածքների նկատմամբ հավակնություններից: Պաղեստինցիների և իսրայելցիների միջև մերձեցման շրջանակներում Երուսաղեմի կարգավիճակի մասին հարցը միտումնավոր կերպով մնացել է փակագծերի մեջ: 1993թ. խաղաղության համաձայնագիրը ենթադրել է, որ այդ թեմայով առանձին համաձայնագիր կկնքվի: Հատկանշական է սակայն, որ միևնույն ժամանակ ՄԱԿ-ի 193 պետությունից 136-ը ճանաչում է Պաղեստին պետությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով:
     Ի՞նչ կփոխի Թրամփի՝ Երուսաղեմի մասին որոշումը:
     Այն, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցում Միացյալ Նահանգները պաշտպանում է Իսրայելի դիրքորոշումը, միջազգային իրավունքի տեսանկյունից ոչինչ չի փոխում: Երկրների մեծամասնության համար Երուսաղեմի վերջնական կարգավիճակի մասին հարցը մնում է հետաձգված: Նրանք կսպասեն Իսրայելի և Պաղեստինի միջև սկզբունքային պայմանավորվածությանը և արաբա-իսրայելական հակամարտության կարգավորմանը: Այդ դեպքում Երուսաղեմի խնդիրը կարող է նոր լուծում ստանալ: Թրամփի որոշումը, սակայն, ամենայն հավանականությամբ, կարգելակի խաղաղ հանգուցալուծման հասնելը:

9327 | 4
Facebook