Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընտրող հանձնաժողովը կքննարկի 2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները

13:30, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ընտրող հանձնաժողովը կքննարկի 2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Բեռլինում՝ ուսումնասիրելու 2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հումանիտար և մարդու իրավունքների ոլորտների ակտիվիստներ, պետությունների նախկին ղեկավարներ: Այն գլխավորում է օսկարակիր դերասան, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:
     Երրորդ ամենամյա «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Հայտերն ուղարկվել են 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից և Քենյայից:
     Անկախ փորձագետների հանձնախումբը, որը գործում է «Ավրորա» մրցանակի քարտուղարության կազմում, հավատարիմ մնալով
     «Ավրորա» մրցանակի ընտրական չափանիշներին, արդեն ուսումնասիրել է մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները և ընտրող հանձնաժողովի ուշադրությանն է ներկայացրել թեկնածուների սեղմ ցանկը:
     2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: «Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, երրորդ անգամ կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100,000 դոլարի պարգև և հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
     2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց կաթոլիկ միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինային՝ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից։ Նա հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունը սահմանափակ է: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Մարգարիտ Բարանկիցեն է՝ Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիրը:
     2016թ. «Ավրորան» շնորհվեց նրան` Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին որբերին ու փախստականներին խնամելու և հազարավոր մարդկանց կյանքի փրկության գործում ունեցած անգնահատելի ազդեցության համար:

2414 | 0
Facebook