Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեր նախագահը երևի Շանթ է կարդացել և այդ ֆլիրտով է առաջնորդվում». Լևոն Շիրինյանը` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

14:40, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
«Մեր նախագահը երևի Շանթ է կարդացել և այդ ֆլիրտով է առաջնորդվում». Լևոն Շիրինյանը` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
    
    

     - Պարոն Շիրինյան, երեկ տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, ըստ Ձեզ ի՞նչ տվեց այդ հանդիպումը:


     - Միայն պատրանքներ: Այդ հանդիպումները ոչինչ չեն նշանակում, մեզ համար առավել ևս: Մեր հանրությունը, սակայն, սիրում է պատրանքներով ապրել, իսկ նախագահը տուրք է տալիս դրան:


     - Շատ վերլուծաբաններ նշում են, որ Ժնևյան հանդիպումը չի բխում Հայաստանի շահերից: Կարծիքներ կան նաև, որ Սարգսյան-Ալիև հանդիպումները վաղուց կապ չունեն ղարաբաղյան կարգավորման հետ: Դուք ի՞նչ կարծիքի եք:


     - Ես այդ մասին շատ եմ ասել: Արցախի հարցում Հայաստանի Հանրապետությունն ուղիղ կապ չպիտի ունենա, չպիտի անմիջականորեն զբաղվի դրանով: Արցախն ինքը պետականություն է, ունի արտգործնախարարություն, իշխանություն և այդ ամենը լեգիտիմ է և անցել է բազմաթիվ հանրաքվեներով: Հայաստանի Հանրապետությունն ինչքան որ փորձի զբաղվել այս հարցով, այնքան Արցախի հիմնահարցը ոչ մի օգուտ չի ունենա: Ձերբազատվել է պետք այդ Մինսկի խմբից: Մի պատրանք են տարածել` կեղծ, վտանգավոր և բանականությունց դուրս, թե Ադրբեջանը Մինսկի խմբի ձևաչափից դուրս կգա: Առաջինը` թող դուրս գա, երկրորդ` նրանք գիտեն, որ Հայաստանը դուրս չի գա` շանտաժ են անում, թե Հայաստանը դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից, ապա պատերազմ կսկսվի:

Այս իմաստով, Հայաստանը դրա հետ կապ չունի` ինքը կոնֆլիկտի մա՞ս է, թե չէ: Այդ ձևաչափն իր մեջ վտանգներ է պարունակում: Այսօր չեն ասում, բայց վաղը պատին են դեմ անելու, թե Հայաստանն ագրեսոր պետություն է: Այս կոնֆլիկտում ի՞նչ կապ ունի Հայաստանը, ինչո՞ւ, էս դեպքում, Արցախն ինքն իրենով չի զբաղվում:


     - Ս. Սարգսյանը հանդիպումից հետո ասաց, որ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չունենք Ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Ի՞նչ եք կարծում, արդյոք սրանք ընդամենը խոսքեր չե՞ն, մի՞թե վաղը Ադրբեջանը նորից նոր զենքեր չի գնելու, սահմանին կանգնած հայ զինվորին չի սպանելու:


     - Մենք մեր նախագահին լավ գիտենք, բայց որ ադրբեջանցիք սուտ են խոսում, դա բացահայտ է: Թուրքը երբեք ճիշտ չի խոսում: Թուրքն ինքը կողոպուտի ժողովուրդ է և կեղծավոր է ոտքից գլուխ: Նրանց մոտ արվեստ է սուտը: Կարծում եմ` մեր նախագահը դա ավելի լավ գիտի, քան ես:


     - Եթե մեր նախագահը բոլորից լավ գիտի, ապա ինչո՞ւ է գնում այդ հանդիպումներին:


     - Շանթը մի լավ խոսք ունի, ասում է` քաղաքականությունը ֆլիրտ է: Մեր նախագահն էլ երևի Շանթ է կարդացել և այդ ֆլիրտով է առաջնորդվում: Բայց դա մեզ համար վտանգավոր է: Հարցը, եթադրենք, շատ լավ վիճակում է, երկիրը տնտեսապես լավ վիճակում է, մենք էլ` Քուռ-Արաքսում նստած ենք` դա կարելի էր շարունակել: Այս պարագայում, սակայն, չի կարելի, քանի որ մարդկային, նյութական և այլ ռեսուրսները սպառման վրա են: Եվ ուզում եմ, որ մեր ժողովուրդը վերջապես հասկանա, առանց պատրանքների` Ադրբեջանն աշխատում է ռեսուրսի սպառման վրա, քանի որ գրոհով ոչինչ չի ստացվում: Եվ այսպես շարունակելու է այնքան, միչև Հայաստանը, որպես կենսունակ պետություն, իր ուժերին համազոր չմնա: Այդ հզորության ուժն ունի բազմաթիվ բաղադրիչներ` հոգեբանական, ռազմական, տնտեսական: Ի վերջո, կտեսնենք, որ հզորության ուժն այլևս բավարար չէ, որպեսզի դիմադրի Հայաստանը, պայմանները կխստացնեն, եթե ոչ ավելին: Հայ գիտակցության մեջ այս ամենը պետք է մտնի, նույնիսկ նրանց, ովքեր հաճույքով էս խաղերի մեջ են:


     - Իսկ, ընդհանրապես, այս հանդիպումը պե՞տք էր Հայաստանին:


     - Ոչ: Ապրիլյան պատերազմից հետո տարբեր հայտարություններ են եղել ամենաբարձր մակարդակով, պայմաններ են դրվել, և մինչև այսօր պայմանները մնում էին, իսկ այս անգամ Ալիևն ասաց` ոչ մի պայման չի լինելու, բայց էլի գնացին: Այսինքն` Հայաստանի դիվանագիտությունը, արտգործնախարարությունը մեզ հիմա պիտի բացատրի, թե այսքան ժամանակ ի՞նչ արդյունք է գրանցել: Իսկ Ադրբեջանը հաջողություն գրանցել է: Ասեմ ինչու: Ալիևին, որը թքած ունի ամեն ինչի վրա, խիստ անհրաժեշտ էր, որ Ժնևում նկարվեր և նկարվեց, այն էլ` մեծ ժպիտով:


     - Ի դեպ, լուսանկարում նախագահների ժպիտը մեծ քննարկումների արժանացավ: Ըստ Ձեզ, ինչի՞ մասին է խոսում նրանց ժպիտը:


     - Ժպիտով Ալիևը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեծ հաջողություն է գրանցել, որ մեր հայերի հետ նրանք այլևս չեն ուզում հարաբերվել:


     - Կարծում եք նրանք հատո՞ւկ են ժպտում:


     - Կարող է հատուկ, կարող է` ոչ: Ալիևը ներքին հրճվանք է ապրում, որ այդքան իր վրա թքելը ոչինչ չարժեր: Այդքանից հետո, ինքը գնացել և միջազգային քաղաքականություն է վարում:


     - Պարոն Շիրինյան, վերջին շրջանում Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում որևէ նոր բան նկատվո՞ւմ է:


     - Ոչ: Չի էլ նկատվելու: Թուլացող, արտագաղթող պետությունը չի կարող հաջողություն գրանցել: Քաղաքականությունը հաջող կլինի, եթե լինի հավասարակշռության մեջ: Հավասարակշռությունը հզորության ուժի վրա է: Եթե դու անընդհատ թուլանում ես, իսկ Ռուսաստանը սադրում է անընդհատ դրա վրա, իսկ դու գիշեր-ցերեկ զենք ես խնդրում, նաև վարկեր, որ դրա վարկը փակես, երբ պահանջում է ճանաչենք տրանսպորտն ու իր գիրուգրականությունը, ի՞նչ հաջողություն կարող է լինել, կամ, եթե նրանից խնդրում ենք ամեն ինչ` լոլիկից մինչև զենքը... Մնում է դավանանքը փոխենք` դառնանք ուղղափառ: Իմիջիայլոց, սա պատահականություն չէ, ցարի ժամանակ էլ էր այդպես` դեմ են արել պատին, ասել են կրոնը փոխեք:

4956 | 2
Facebook