Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ռեկտորը հանցագործություններ է գործում. բաց նամակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին

11:00, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2017 թ.
Ռեկտորը հանցագործություններ է գործում. բաց նամակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին

Սեպտեմբերի 27-ին Շիրակի Պետական Համալսարանում կայացավ Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանի,ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նարեկ Հարությունյանի և սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին Շիրակի Պետական Համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների մասին բաց նամակով դիմած դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ հանդիպում: Հանդիպումից ժամեր անց «Առավոտ»-ի կայքում տեղադրվեց նախարար Լևոն Մկրտչյանի մեկնաբանությունը, որը շատ զարմացրեց մեզ...Նախ, պարոն նախարար,Դուք զարմացել էիք այն փաստից, որ «ասենք պատմության ուղղության մեջ նույն կուրսը երկրորդ տարին կրկնում է նույն առարկան» (այդ ուշ ժամին Ձեզ հետ հիմնականում հանդիպեցին պատմության բաժնի ուսանողները, այն դեպքում, երբ խնդիրն առավոտյան ռեկտորին ներկայացրել էին բոլոր մասնագիտությունների ուսանողները): Հարգարժան պարոն նախարարին տեղեկացնում ենք, որ այդ խնդիրը միայն պատմության բաժնին չի վերաբերում և նրան և՛ մենք, և ուսանողներն ասել էինք, որ խնդիրն համընդհանուր է: Ձեզ մոտ սխալ կարծիք է ստեղծվել և այդ սխալ կարծիքի ուղղորդումը ռեկտոր Մինասյանի կողմից է, որպեսզի թիրախավորի նամակի հեղինակներին: Այդ խնդիրն ունեն ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ, քանի որ ռեկտոր Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ ուսումնական պլանները փոփոխվել են բոլոր բաժիններում, որի արդյունքում ստեղծվել է խայտառակ իրավիճակ: Ինչու՞ չեք ասում, որ աններելի է համահամալսարանական հայոց պատմություն առարկայի դասավանդումը բոլոր բաժիններում ընդամենը մեկ կիսամյակում 32 ժամով. ոչ մի բուհ նման բան իրեն թույլ չի տվել: Ամբիոնների ձևավորման պահով կարող ենք մի քանի խայտառակ փաստեր բերել: Ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ մեր ԲՈՒՀ-ում կա կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության միացյալ ամբիոն, ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն և այդպես շարունակ: Ինչ վերաբերում է Ձեր գրադարան այցին, ապա տեղեկացնեմ, որ որպես նախարար պարտավոր էիք նաև այցելել գրապահոցներ ու այդ ժամանակ կտեսնեիք, որ դրանք գրեթե դատարկ են:Մոտ 140 հազար կտոր գրականությունից լավագույն դեպքում մնացել է կեսը: Ի՞նչ ֆոնդերի ձևավորման մասին է խոսքը: Պարոն Մկրտչյան,Դուք փորձու՞մ եք մեր բարձրաձայնած խնդիրները մեկնաբանել «անձնավորված» և «սուբյեկտիվ» լինելով: Հետաքրքիր է, Ձեզ հետ հանդիպման ժամանակ մեր ներկայացված որոշ փաստեր Ձեզ շատ զարմացրեցին, իսկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Դուք ինքներդ էիք առաջարկել նրանց դիմել դատախազություն դասապլանների ապօրինի և անօրինական փոփոխման հարցով, իսկ Ձեր մեկնաբանությունում հայտարարում եք «խորքային անլուծելի հարցեր չլինելու փաստից»: Ասեմ, որ այդ քրեորեն պատժելի արարքի հեղինակը Սահակ Մինասյանն է: Մենք գիտենք, որ բոլոր հարցերն էլ իրենց լուծումն ունեն, սակայն երբ ռեկտորը մեկ տարվա մեջ, չարաշահելով իր դիրքը և մտածելով, որ անպատժելի է, բազմաթիվ կամայականություններ ու հանցագործություններ է գործում և պաշտպանվում է ԿԳ նախարարի կողմից, զավեշտ է...Այսինքն՝ ՀՀ Բարձրագույն կրթության համակարգում գոյություն չունեցող «ինտեգրված» ուսուցում ներդրող ռեկտորը, խախտելով կրեդիտային համակարգով նախատեսված շաբաթական ծանրաբեռնվածությունը (24-30 ժամ) և այն կամայական նվազեցնում է 12 ժամի` 50 % կրճատելով լսարանային ժամերի քանակը, վայելում է Ձեր հովանավորությունը...Ձեր մեկնաբանության մեջ փորձում եք խեղաթյուրել ապօրինի ներդրված «ինտեգրված» ուսուցումը կուրսերի թերբեռնված լինելու հետ: Սակայն Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ «ինտեգրված» ուսուցումով պարոն Մինասյանը միավորել է բակալավի առկա և հեռակա ուսուցման ծրագրերը, որն անօրինական է և խախտում է ԲՈՒՀ-ին տրամադրված լիցենզիան: Հետաքրքիր է, մեր բարձրաձայնած ո՞ր հարցերը հստակ չէին: Ընդհակառակը, որոշ հարցերի վերաբերյալ կոնկրետ հրամաններ եք տվել, որ դրանք շուտափույթ ուղղվեն:Կոնկրետ՝ուսումնական պլաններն այսօրվանից արագ փոխել, որպեսզի ստուգումների ժամանակ խնդիրներ չլինեն: Փորձում եք թաքցնել ռեկտորի անօրինականություններից մեկը մինչև համապատասխան հանձնաժողովի այցը ԲՈՒՀ, որը պետք է ուսումնասիրի ԲՈՒՀ-ում տեղ գտած և մեր կողմից բարձրաձայնված խնդիրները: Մեր բոլոր հարցադրումները եղել են հստակ և պահանջում են կոնկրետ պատասխաններ: Պատահական չէ, որ հենց Ձեզ չէինք դիմել բաց նամակով: Համոզված էինք, որ հինգ անգամ նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մկրտչյանը չէր կարող անաչառ լինել 20 տարի Շիրակի մարզի կրթության ոլորտը ղեկավարած Սահակ Մինասյանի ապօրինությունների և անօրինականությունների հացերը բարձրաձայնելուն: Հիմա ՀՀ նախագահին և վարչապետին զեկուցելու եք, որ Շիրակի պետական համալսարանում անօրինականություններ չկան և ամեն ինչ շատ լավ է… Հետաքրքիր է, Ձեզ դեռ հավատու՞մ են:


     Գագիկ Համբարյան
     Հովհաննես Խորիկյան

8770 | 3
Facebook