Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Հայերին հաջողվել էր համոզել մեզ, որ Կարմիր Քրդստանի բնակիչները քրդեր են եղել». ադրբեջանցի ակադեմիկոս». Գագիկ Համբարյան

17:30, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
««Հայերին հաջողվել էր համոզել մեզ, որ Կարմիր Քրդստանի բնակիչները քրդեր են եղել». ադրբեջանցի ակադեմիկոս». Գագիկ Համբարյան

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում սպասվող անկախության հանրաքվեն անհանգստացնում է նաև մեր արևելյան հարևաններին:

Ալիևյան կայքերից մեկը հարցազրույց է վերցրել այդ հարցի վերաբերյալ ԱԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Գյոհար Բախշալիևայից: Բոլորը գիտեն, որ ադրբեջանա-թուրքական պատմագրությունը բացարձակ կապ չունի իրական պատմագրության հետ: Բայց տիկին Գյոհվարի պատմության իմացությունն այնքան անմիջական պրիմիտիվ է, որ չզարմացա, որ այս անձը ադրբեջանցի ակադեմիկոս է: Այո՛, սա է ազերի ակադեմիկոսի գիտելիքների պաշարը:
     Անդրադառնալով Իրաքյան Քրդստանում սպասվող հանրաքվեին՝ Գյոհվար խանումը նախ նշել է, որ Ադրբեջանը կտրուկ պայքարում է անջատողականության դեմ և չի ճանաչելու Քրդստանի անկախությունը: «Այդ հարցում մենք պետք է հետևենք Թուրքիայի դիրքորոշմանը»,- ասել է ազերի ակադեմիկոսուհին: Ու այստեղ ավարտվում են ազերի գիտնականի քիչ թե շատ մեղսունակ և տրամաբանական պատասխանները:
     Անդրադառնալով Քրդստանի անկախության ճանաչման հարցին՝ Գյոհար Բախշալիևան ասում է. «Քրդստանը կարող է չճանաչվել որպես անկախ երկիր, քանի որ նրա հարևանները կտրականապես դեմ են դրան: «Պարզվում է, ըստ Գյոհվարի, որևէ ազգի կողմից ձևավորված անկախ երկիրը ճանաչում է գտնում, եթե նրա հարևաններն են ճանաչում կամ նրան լավ են վերաբերվում: Համոզված եմ, որ տիկին Գյոհվարը շատ քիչ օրինկաներ կբերի, քանի որ շատ պետություններ իրենց անկախությունը հռչակելուց հետո մեծ խնդիրներ են ունեցել հարևանների հետ: Գյոհվար խանումի համար դա անհասկանալի է, քանի Ադրբեջան անունով պետությունը սկուտեղի վրա է ստացել այդ անկախությունը:
     Հետագայում տիկին գիտնական-երեսփոխանը հիշեցրել է, որ քրդերը նաև աչք են դրել Ադրբեջանի տարածքների վրա՝ պատճառաբանելով, որ ժամանակին Ադրբեջանի տարածքում եղել է Կարմիր Քրդստան ինքնավարությունը: Ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: Ըստ Գյոհվարի, այդ ինքնավարության ստեղծումը և գոյատևումը ոչ մի կապ չունի քրդերի հետ: «Այո, 20-ական թթ-ներին այդտեղ մի քանի հազար քուրդ է ապրել և բոլշևիկները որոշել են նրանց համար քրդալեզու դպրոցներ բացել: Այդ տարածքի բնակչության ընդամենը 17% է քրդերեն խոսել: Սխալ կարծիք կա, որ Քելբաջարի, Զանգելանի, Կուբաթլուի և Լաչինի շրջանի բնակիչները եղել են քրդեր: Դա այդպես չէ: Այդտեղ բնակվել են թյուրքեր և ոչ ոք չի տիրապետել քրդերենին: Պարզապես ժամանակին, հայերին հաջողվել էր համոզել բոլորին և նույնիսկ մեզ, որ այդտեղ հնուց բնակվել են քրդեր»,- զայրացած հայտարարել է Գյոհար Բախշալիևան:

Նախ, ազերի ակադեմիկոսն անկեղծանում է, որ իրենք պատմություն չունեն և չգիտեն: Նրանք փաստերով չեն խոսում: Նրանց մոտ հնարովի է ամեն ինչ և համոզելու վրա է հիմնված: Երկրորդը, կրկին հայերին է փորձում մեղադրել մի բանի մեջ, որի արդյունքում հայերը ևս տուժել են, քանի որ այդ Կարմիր Քրդստանը ձևավորվել է Արցախի պատմական տարածքում:
     Հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետության արևմուտքը քրդերով է բնակեցվել 16-17 դդ-ում պարսից Սեֆյանների կողմից, որոնց գլխավոր նպատակն է եղել թուլացնել Արցախի հայկական մելիքությունները և փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը: Դա նրանց կիսով չափ հաջողվել է: Մահմեդական զանգվածը դաշույնի պես մխրճվել է Արցախի և Սյունիքի մեջտեղը: Կոմունիստների ջանքերով 1923-29 թթ-ին ձևավորվեց Կարմիր Քրդստան մարզը Ադրբեջանի կազմում, որտեղ, ըստ անկախ տվյալների, որից ազերի ակադեմիկոսը կարող է շատ վատ զգալ իրեն, բնակչության 73 % կազմում էին քրդերը, իսկ 26 %-ը՝ ադրբեջանցիները: 1926 թ-ի դրությամբ Կարմիր Քրդստանի բնակչությունը կազմել է 51200 մարդ: Ինչ վերաբերվում է քրդերի եկվոր լինելու փաստին, ապա դրան մանրամասն անդրադարձել է հայտնի խոհրդային գիտնական Ե. Պչելինան, ով 1924-ին մեծ ուսումնասիրություններ է կատարել Կարմիր Քրդստանում:
     Զարմանալ կարելի է... Ինչու՞ պետք է պատմական Հայաստանի տարածքը հայերը քրդերին նվիրեին և ազերիներին համոզեին, որ այդտեղ պատմականորեն քրդեր են բնակվել:

Խեղճ արևելագիտություն, որ աշխարհում կան Գյուհվարի նման ակադեմիկոսներ...

7047 | 6
Facebook