Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցությունները համարում եմ պրովոկացիոն». Վահագն Խաչատրյան

16:35, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
«ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցությունները համարում եմ պրովոկացիոն». Վահագն Խաչատրյան

MAMUL.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
    
    
- Պարոն Խաչատրյան, ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարո՞ղ են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Ուզենք թե չուզենք` պետք է խոստովանենք, որ մեր պետությունը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ:
    
    
- Կախվածություն կա իհարկե, բայց միանշանակորեն չի կարելի ասել, որ բացասական ազդեցություն կթողնի: Հիմնականում կախված է նրանով, որ մեր արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, և երկրորդ հանգամանքը, որ մեր համաքաղաքացիները Ռուսաստանում են աշխատում և մասնավոր տրանսֆերտների մեծ մասն այնտեղից են ուղարկում: Ուստի, այդ երկու հանգամանքները անհանգստացնող են և շատերի եզրակացությունները` կախված Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ, դրանով է գնահատվում: Ես, սակայն, կարծում եմ, որ շտապում ենք` պետք է սպասել և հասկանալ` ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Իհարկե, դրանք Ռուսաստանի տնտեսության վրա կթողնեն իրենց ազդեցությունը: Միանշանակ, Ռուսաստանը կարճ ժամանակում պրոբլեմներ ունենալու է, ինչպես նախորդ պատժամիջոցները, որ սկսեցին կիրառել Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի և Ուկրաինայի հետ կապված, դրանք միանգամից իրենց ազդեցությունն ունեցան, և մենք դրա ականատեսն էինք: Վերջին 3 տարվա տնտեսական անկումը կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, բայց երկարաժամկետ առումով, չի բացառվում, որ նույնիսկ օգտակար է Ռուսաստանի տնտեսության համար: Թեկուզ այդ մարդկանցից չեմ, որ մեծ տեղ եմ տալիս դրան, բայց փաստը մնում է փաստ, որ զուտ գյուղատնտեսության բնագավառում, այդ երեք տարիների ընթացքում, բավականին լուրջ ներդրումներ են կատարվել Ռուսաստանում, որի արդյունքում ինչ-որ առանձին ապրանքատեսակների գծով Ռուսաստանը դարձել է ինքնաբավ: Այսինքն` դա բերել է, ինչպես ասում են, ներմուծմանը փոխարինող տնտեսության, որ ստեղծվում է երկրի ներսում: Այդ քաղաքականությունն է վարում, որի արդյունքում ստեղծվում են աշխատատեղեր, որոնք Ռուսաստանի տնտեսության համար կարող են խթան հանդիսանալ: Սա պետք չէ բացառել: Սա կաշխատի, թե չի աշխատի, դեռ անհայտ է: Ակնհայտ է, որ այս դեպքում պահանջվելու են նոր տեխնոլոգիաներ, իսկ դրանք Ռուսաստանում չկան, դրանք պետք է բերվեն դրսից, ինչը դարձյալ պատժամիջոցների տակ է: Այսինքն` հակասական իրավիճակ կա Ռուսաստանում: Բոլոր դեպքերում, կարճաժամկետ առումով, Ռուսաստանը պրոբլեմներ է ունենալու:
    
     - «Ելք» դաշինքի անդամներն առաջարկում են դուրս գալ ԵԱՏՄ-ից: Եթե Հայաստանը գնա նման քայլի, վտանգավոր զարգացումներ չե՞ք ակնկալում:
    
    
- Մի կարևոր հանգամանք կա, որն իմ և իմ համախոհների կողմից բարձրացվել է արդեն` ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար քաղաքական գործոններով է պայմանավորված և երբևիցե տնտեսական չի եղել, տնտեսականը շատ դեպքերում արհեստական է շահարկվում կամ գնահատվում, այնպես որ, թող այդ առաջարկություններն անեն, այդ հարցը քննարկվի, կտեսնենք... Ավելի շատ այդ հանգամանքին պետք է ուշադրություն դարձնել, այսինքն` ի՞նչ առաջարկություն կա ԵԱՏՄ-ի փոխարեն, կամ` ԵԱՏՄ-ում չլինելն ի՞նչ է տալիս Հայաստանին: Սա մի հարց է, որը պետք է քննարկվի: Ես այն մարդկանցից եմ, որ կողմնակից չեմ կտրուկ հարցադրումներ անելուն, որովհետև դրանք հիմնավորված չեն: Եթե կա հիմք, կա հաշվարկ` քաղաքական և տնտեսական, այդ ամենը պետք է սեղանին դրվի և հանրությանը ներկայացվի, որը կարող է քննարկման առարկա դառնալ: Բայց դա փորձել պարտադրել և դարձնել որպես Հայաստանի միակ փրկօղակ, ինձ համար ընդունելի չէ: Ձեզ մի բան ասեմ` ժամանակին, երբ որ Հայաստանը դառնում էր Եվրասիական տնտեսական միության անդամ, էդպես էլ սեղանին չդրվեց մի կոնկրետ պարզ հաշվարկ, որը մեր` մասնագետներիս, քաղաքացիներին, հասարակական-քաղաքական ներկայացուցիչներին կհամոզեր տնտեսական առումով: Եղել են որոշ վերլուծություններ, բայց դրանք եղել են ենթադրությունների մակարդակով, և փաստորեն, այդ ենթադրություններն իրականություն չդարձան, առավել ևս, որ պատժամիջոցների արդյունքում չնախատեսված պրոբլեմներ եղան Ռուսաստանի համար: Այսինքն` եթե կա ռեալ փաստաթուղթ, կա հաշվարկ կամ մոտեցում, կարելի է քննարկել, իսկ եթե չկա, ապա այդ խոսակցությունները ես համարում եմ պրովոկացիոն:
    
     - ԵԱՏՄ-ին անդամագրվելուց հետո մինչ այս պահը Հայաստանն այդ միությունից տնտեսական ինչպիսի՞ օգուտներ է ստացել:
    
    
- Ես չէի ասի օգուտ, կարող եմ ասել ձեռքբերում, ինչը չենք ստացել: Ինձ համար տնտեսական ձեռքբերում կլիներ, եթե, ասենք, նոր շուկաներ ստանայինք, տնտեսական նոր ձեռքբերում կլիներ, եթե արդյունաբերության բարձրացում լիներ, ինչ-որ նոր ճյուղեր տնտեսության մեջ զարգանային: Մենք այդ ամենը չունենք, ընդհակառակը, մենք փորձում ենք տարբեր զարտուղի ճանապարհներով օգտվել ԵԱՏՄ-ի անդամակցության հանգամանքից: Բայց, իրականում, դա ոչ թե նպաստում է մեր տնտեսության զարգացմանը, այլ հակառակը` խանգարում: Կոնկրետ գյուղատնտեսության հետ կապված, մենք օգտագործում ենք այս ԵԱՏՄ-ին անդամակցության հանգամանքը` գերմոնոպոլացված տնտեսություն ունենալու համար, որը շատ վտանգավոր երևույթ է: Նոր տեխնոլոգիաների ձեռքբերում չունենք, ավելին ասեմ, հիմա նոր խնդիրներ են սկսվելու, որովհետև Հայաստանը լինելով ԵԱՏՄ-ի անդամ, կկիրառվի նոր մաքսադրույքաչափեր, ինչի արդյունքում կունենաք ապրանքների թանկացում: Նաև պրոբլմներ են սկսվել Բագրատաշենում` 5 կգ-ից ավելի ապրանք ներկրելու և այլնի հետ կապված, նոր խնդիրներ են առաջանալու, որոնք իսկապես մարտահրավերներ են:
    
     - Այս ամենով հանդերձ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկա տնտեսական վիճակը:
    
    
- Հայաստանում տնտեսական վիճակ կա՞ ընդհանրապես: Ես, ցավոք սրտի, ոչ մի արտառոց փոփոխություն չեմ տեսնում, որովհետև այսօրվա տնտեսությունն ընդհանուր համակարգային փոփոխության կարիք ունի, բայց որ համակարգ չկա, նույնն է մնացել: Ընդամենն օգտվում են այս իշխանության հնարավորություններից այն մի խումբ մարդիկ, ովքեր միշտ օգտվել են, և դրանից տնտեսության վիճակին նպաստող հանգամանքեր ես չեմ տեսնում, ընդամենը խոսակցություններ են, ներկայացումներ են, որով փորձում են մեզ համոզել, որ տեսեք` ինչ-որ բան է փոխվում, բայց, իհարկե, ամեն ինչ մնացել է նույնը:

4664 | 0
Facebook