Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զինծառայողի հարազատները ինքնասպանության վարկածը արժանահավատ չեն համարում. ՀՔԱՎ

18:20, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Զինծառայողի հարազատները ինքնասպանության վարկածը արժանահավատ չեն համարում. ՀՔԱՎ
     2017 թ. հուլիսի 23-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, համաձայն որի՝ 2017 թ. հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ., Վանաձորի ԶԿ): Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ քննչական կոմիտեի տարածված տեղեկատվության համաձայն՝ չորրորդ կայազորային քննչական բաժնում հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
     ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կապ է հաստատել զինծառայողի հարազատների հետ՝ զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով: Ըստ հարազատի հայտնած տեղեկատվության՝ Վարդան Մելքոնյանը ծառայում էր «Նուբարաշեն» զորամասում արդեն 1 տարի և 2 ամիս և ծառայության ընթացքում որևէ դժգոհություն չի ունեցել, բավականին հանգիստ բնավորություն է ունեցել: Այդ ժամանակահատվածում արձակուրդի նպատակով տուն է եկել 3 անգամ և այդ ընթացքում ևս որևէ դժգոհություն հարազատները չեն նկատել: Ըստ հարազատի՝ Վարդանը ամեն երեկո հեռախոսով զրուցել է մոր հետ: Դեպքի նախորդ օրը՝ 2017թ-ի հուլիսի 22-ին, մեկ օրով արձակուրդ է ստացել և ընկերների հետ գնացել է Երևան զբոսնելու: Այդ օրը ևս սովորության համաձայն, զանգահարել է մորը: Հեռախոսին պատասխանել է քույրը՝ ասելով, որ քիչ հետո մայրը կզանգահարի: Երեկոյան 23։00-00։00 սահմաններում մայրը զանգել է տղային, սակայն տղան չի պատասխանել, քիչ հետո տղան հետ է զանգել, մայրը հարցրել է, թե ինչու չի քնում այդ ուշ ժամին, տղան ասել է, որ շոգ է՝ չի կարողանում։ Մինչև 00։40 սահմաններում խոսել է մոր և քրոջ հետ, ապա ասել, որ գնում է քնելու, որ վաղն էլ գնա եկեղեցի մոմ վառելու։ Դրանից հետո Վարդանը զանգահարել է Վանաձորի ընկերներից մեկին և 20000 դրամ խնդրել, ընկերոջ այն հարցին, թե ինչի համար է ուզում այդ գումարը, Վարդանն ասել է, որ ուզում է գալ Վանաձոր։ Ընկերն ասել է, որ այդ պահին իր մոտ չկա գումար, բայց երբ ինքը գա Վանաձոր՝ անհրաժեշտ գումարը կտա։ Քիչ հետո ընկերը հետ է զանգահարել՝ պարզելու նրա Վանաձոր գալու նպատակի մասին, սակայն չի կարողացել կապվել նրա հետ։ Առավոտյան զորամասի հարակից տարածքում գտնվող եկեղեցուն կից ծառից՝ իր գոտիով կախված վիճակում հայտնաբերվել է Վարդան Մելքոնյանը։ Հարազատը Կազմակերպության աշխատակիցներին նաև հայտնել է, որ դիակի զննությանը ներկա են գտնվել և բռնության հետքեր չեն նկատել, բացի որոշ քերծվածքների, որոնք առկա են եղել բազուկների վրա: Հարազատները չեն հավատում, որ Վարդանը կարող էր ինքնասպան լինել, դրա համար չուներ որևէ անձնական կամ այլ պատճառ, նաև հնարավոր չեն համարում գոտիով ծառից կախվելու տարբերակը: Մտահոգություններ ունեն, որ տղային սպանել են կախելու միջոցով կամ սպանել են և հետո կախել ծառից: Միակ կասկածը Վարդանի ունեցած խոսակցությունն է զինծառայակիցներից մեկի հետ, որը հայտնի է դարձել հարազատներին և դա կարող էր նման իրավիճակի պատճառ հանդիսանալ: Ըստ հարազատների` այն, ինչ կատարվել է, կատարվել է զորամասի շրջանակներում, որևէ արտաքին գործոն չի եղել: Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ 2017թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30 -ի սահմաններում, կրտսեր սերժանտի նկատմամբ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի կենցաղսպասարկման սենյակում ծառայակցի կողմից կիրառվել է բռնություն: Ծառայակիցը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։
4237 | 2
Facebook