«Առաջիկայում ֆանտաստիկ հանդիպում ունենք «Ռեալ»-ի դեմ». Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների հարցերին
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է երկրպագուների հարցերին։ Սիրելի ֆուտբոլիստին ավելի քան 1500 ողջույնի խոսք և հարց է ուղղվել։ Մոտ երկու ժամում Մխիթարյանը պատասխանել է մի շարք հարցերին։ Ներկայացնում ենք մեր հավաքականի ավագի՝ առավել հետաքրքիր մտքերը։ · «Երազանքներն իրականանում են, երբ ջանք ու եռանդ չես խնայում, լավատես ես և հավատում ես քո ուժերին»։ · «Սիրում եմ երկրպագուների՝ ինձ ուղղված երգը։ Հիանալի զգացում է, որ մեր երկրպագուները ինձ երգ են նվիրել։ Ինձ շատ է մոտիվացնում, երբ լսում եմ այն մարզադաշտում»։ · «Երջանիկ եմ, որ հաղթել եմ Եվրոպայի լիգայի խաղարկությունը։ Դա ողջ մրցաշրջանի ընթացքում մեր նպատակն էր։ Հիանալի զգացում էր եզրափակչում գոլ հեղինակելը և Ստոկհոլմում գավաթ նվաճելը»։ · «Չեմպիոնների լիգան այն խաղարկությունն է, որի մի մասն է «Մանչեսթր Յունայթեդ»-ը։ Բոլորս երջանիկ ենք, որ կրկին հանդես կգանք այդտեղ։ Առաջիկա մրցաշրջանում մտադիր ենք պայքարել տիտղոսի համար։ Մինչ այդ ֆանտաստիկ հանդիպում ունենք «Ռեալ»-ի դեմ»։ · «Ցանկանում եմ այցելել Հարավային Աֆրիկա։ Լավ ընկերներ ունեմ այդտեղ։ Նրանք հրավիրել են ինձ։ Հույս ունեմ՝ կկարողանամ դա իրագործել ապագայում։ Կտեղեկացնեմ այդ մասին հարավաֆրիկյան երկրպագուներիս»։ · «Այս մրցաշրջանի ընթացքում ամենակարևոր գոլս խփել եմ Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում։ Հիանալի զգացումներ էին»։ · «Չեմ մտածել, թե ինչ եմ անելու կարիերաս ավարտելուց հետո։ Դեռ շատ տարիներ ունեմ ֆուտբոլիստի կարիերայիս համար»։ · «Ուրախ եմ լսել, որ շատ երկրպագուներ ունեմ նաև Հնդկաստանում։ Մի օր կցանկանայի անպայման այցելել այդ երկիր»։ · «Առաջիկա մրցաշրջանում շատ գոլերի և մրցանակների հույս ունեմ։ Ողջույններ Բրազիլիային»։
· «Հուլիսին կմեկնեմ ԱՄՆ։ Սպասում եմ այդ ուղևորությանը»։
· «Ժոզեն հաղթող է։ Նա աշխատում է՝ ջանք ու եռանդ չխնայելով, որպեսզի հաղթի ամեն առանձին վերցված խաղում և համոզված լինի, որ բոլորս պատրաստ ենք 100 %-ով նվիրվել խաղին։ Նա մեզ էմոցիա և մոտիվացիա է տալիս։ Ես շատ բան եմ սովորել իրենից և շարունակելու եմ անել դա այս մրցաշրջանում»։
· «Ամենաշատը սիրում էի հետևել Զիդանի խաղին»։
· «Մտածում եմ ապագահում Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա կառուցել և ուրախ կլինեմ իրագործել այդ մտահղացումը, որպեսզի հայ երեխաներին փոխանցեմ ֆուտբալային իմ փիլիսոփայությունը»։
· «Միշտ փորձում եմ հանգիստ լինել։ Ինձ բարդ է զայրացնել»։ · «Թայլանդ այցելել եմ ընտանիքիս հետ։ Ինձ դուր է եկել այդ երկրի հյուրասիրությունը։ Գեղեցիկ երկիր է»։ · «Ակումբի կազմում հեղինակածս ամենագեղեցիկ գոլը կարիճն էր, ամենակարևորը՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի գոլը»։ · «Շատ երկրպագուներ ունենք Ինդոնեզիայում։ Իրոք հույս ունեմ, որ մի օր կայցելեմ այդ երկիր»։ · «Ողջույններ Ռուսաստանին և այդտեղ բնակվող իմ բոլոր երկրպագուներին»։ · «Ողջույններ Նիգերիայի երկրպագուներիս։ Գիտեմ՝ շատ ուշադիր եք ֆուտբոլային անցուդարձի նկատմամբ»։ · «Շատ երջանիկ եմ, որ հայ երեխաների համար ոգեշնչման աղբյուր եմ, և նրանք ցանկանում են նմանվել ինձ։ Հուսամ, որ կկարողանամ օրինակ ծառայել նրանց համար, որպեսզի նրանք հավատան իրենց երազանքներին»։ |