Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացած զինծառայողն ապրիլյան պատերազմի օրերին հինգ օր կորած էր համարվում

13:05, երկուշաբթի, 22 մայիսի, 2017 թ.
Մահացած զինծառայողն ապրիլյան պատերազմի օրերին հինգ օր կորած էր համարվում

Նախօրեին հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում ստացած զինծառայող Կարեն Դանիելյանը Շիրակի մարզի Սարատակ գյուղից էր: Գյուղապետ Միշա Ղրզոյանը` MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր երեկոյան զինծառայողի հոգեհանգիստն է, հուղարկավորությունը տեղի կունենա վաղը։ «Բանվորի ընտանիքում ծնված տղա էր, մենք բոլորս նրան սիրում էինք: Կարենին, որ նայում էիր, քեզ թվում էր՝ մի հսկայի ես նայում, էնքան բոյով, բուսաթով սիրուն տղա էր, պատկերացնո՞ւմ եք՝ 100 կիլոգրամից ավելի քաշ ուներ, բայց ափսոս այդպիսի դեպք տեղի ունեցավ»,- ասաց գյուղապետը: Ղրզոյանը տեղեկացրեց, որ Կարենն ապրիլյան պատերազմի մասնակիցներից է եղել: «Քառօրյա պատերազմին բավականին լուրջ մասնակցություն է ունեցել: Հինգ օր ծառայակից ընկերները և հարազատները Կարենի մասին լուր չեն ունեցել: Արկերը պայթելու ժամանակ հողի մեջ է մնացել»: Մեր զրուցակցի խոսքով, Կարենը դեպքից մի քանի օր առաջ զրուցել էր հարազատների հետ և տեղեկացրել, որ որպես լավ ծառայող նրան տասն օր արձակուրդ են տվել. «Մայիսի 27-ին պետք է տուն գար, մի քանի օր գյուղում մնար»:
     Նշենք, որ ըստ Սարատակի գյուղացիների, տղայի մահվան օրը Դանիելյանների տուն է եկել մի տղամարդ, ով գյուղացիների խոսքով, ադրբեջանական լրտես է եղել, ու եկել է գյուղ՝ որոշ բաներ պարզելու համար: Գյուղապետի խոսքով՝ Կարենի կորուստն է գյուղացիներին ստիպում նմանատիպ բաներ մտածել. «Ընդամենը չափազանցված լուրեր են․ մի տղամարդ է եղել, որ բոմժի կարգավիճակ է ունեցել: Անլուրջ խոսակցություն է»,- ասաց գյուղապետը:

10050 | 0
Facebook