Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ազատագրել ենք Շուշին` աչքի առաջ ունենալով մեր պապերի հերոսական օրինակը»․ Բակո Սահակյան

10:55, երեքշաբթի, 09 մայիսի, 2017 թ.
«Մենք ազատագրել ենք Շուշին` աչքի առաջ ունենալով մեր պապերի հերոսական օրինակը»․ Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի ևՇուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ․
    
     Սիրելի՛ հայրենակիցներ,
     Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,
     Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,
     Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ, փառավոր հաղթանակներ, որոնք մեր ժողովուրդը կերտել է պատմության տարբեր քառուղիներում իր քաջ զավակների ցուցաբերած արիության, խիզախության, հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո շնորհիվ:
     Մեր լեգենդար հայրերի ու պապերի սխրանքը Հայրենական մեծ պատերազմում, նրանց ապրած կյանքը միշտ հպարտություն են պարգևել մեզ և ուղենիշ հանդիսացել մեզ համար` առաջնորդելով դեպի նոր հաղթանակներ: Մենք ազատագրել ենք Շուշին` աչքի առաջ ունենալով հենց նրանց հերոսական օրինակը, որն անսասան հավատ է ներշնչել մեզ սեփական ուժերի և արդարության հաղթանակի հանդեպ, սովորեցրել լինել տոկուն ու հաստատակամ, մաքառող ու նպատակասլաց:
     Արցախյան ազատամարտը դարձավ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` լրացնելով մեր հերոսամարտերի շարքը:
     Այսօր մենք հպարտ ենք կրկնակի, հպարտ ենք, որովհետև ունենք նաև արժանի հերթափոխ, անվեհեր երիտասարդների մի սերունդ, ում համար հայրենիքի սահմանների պաշտպանությունը և հարազատ ժողովրդի անվտանգությունը վեր են ամեն ինչից: Նրանք մեծագույն արժանապատվության զգացումով են շարունակում իրենց նախնիների գործը` պատմության մեջ թողնելով անձնվիրության նոր օրինակներ:
     Փա՜ռք ու պատիվ մեր բոլոր հերոսներին:
     Փա՜ռք ու պատիվ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակներին:
     Թանկագի՛ն հայրենակիցներ,
     Այս տոնական օրը ես շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին` Մայր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Մենք բոլորս միասին ենք կերտել մեր նվիրական Եռատոնը, միասին ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին ենք հարթել մեր հաղթական ուղին: Այդպես եղել է և այդպես կլինի ընդմիշտ:
     Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք:
    

14950 | 0
Facebook