Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խնձորների պատերազմ. Հայաստանի պայքարն ընդդեմ ադրբեջանական խնձորների». BBC-ի անդրադարձը

12:20, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Խնձորների պատերազմ. Հայաստանի պայքարն ընդդեմ ադրբեջանական խնձորների». BBC-ի անդրադարձը

Ինչպես հայտնի է, առեղծվածային կերպով Հայաստանում են հայտնվել ադրբեջանական ընկերության մակնշմամբ խնձորներ` համացանցում մեկնաբանությունների ու իշխանությունների կողմից նախաղգուշացումների ալիք բարձրացնելով: Այս թեման արձագանք է գտել նաև միջազգային մամուլում, մասնավորապես, BBC-ի լրատվականում:
     Լրատվականը նկատել է, որ չնայած ադրբեջանական ապրանքների` Հայաստան ներմուծումն արգելող ոչ մի օրենք չկա, Երևանի և Բաքվի հարաբերությունները մոտ 30 տարի է` արտահայտվում են մերթընդմերթ բռնկվող արցախյան հակամարտության շուրջ բանակցություններով:
     ՀՀ Սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍՊԱԾ) հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ 3 օր տևած զանգվածային ուսումնասիրություններից հետո Հայաստանում ադրբեջանական խնձորների իրացման մասին սոցկայքերում տարածված տեղեկատվությունը հաստատվել է: ՍՊԱԾ տեսուչներն արգելել են այդ խնձորների վաճառքը` հանձնարարելով ոչնչացնել ողջ խմբաքանակը:
     Լրատվականը չի շրջանցել նաև այն փաստը, որ ՍՊԱԾ արգելքից հետո խնձորների վաճառքը ՀՀ-ում չի դադարեցվել: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ահազանգել է, որ Երևանի մի շարք խանութներում դարձյալ ադրբեջանական ծագման խնձորներ են բացահայտվել:

ՍՊԱԾ` ապրիլի 1-25-ն անցկացրած պետական մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ Հայաստանը խնձոր է ներկրել Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Իտալիայից: «Նշված բեռներում ադրբեջանական ծագում ունեցող խնձոր չի հայտնաբերվել»,- ասվում է ծառայության հայտարարության տեքստում:
     Լրատվականը նշում է, որ ադրբեջանական խնձորների` Հայաստանում հայտնվելու առեղծվածը չի կարողացել բացատրել նաև ՀՀ Պետեկամուտների կոմիտեն, որի ենթակայության տակ է գտնվում մաքսային ծառայությունը:

7077 | 1
Facebook