Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Դուք չեք մոռացել մեր հանդիպումը «Беговая» մետրոյի մոտ գտնվող կազինոյի տարածքում, որտեղ Դուք ինձ ասում էիք` «Սա ինձ, սա քեզ». ՌԴ քաղաքացի Լևոն Մարկոսի բաց նամակը Սերժ Սարգսյանին

12:40, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
«Դուք չեք մոռացել մեր հանդիպումը «Беговая» մետրոյի մոտ գտնվող կազինոյի տարածքում, որտեղ Դուք ինձ ասում էիք` «Սա ինձ, սա քեզ». ՌԴ քաղաքացի Լևոն Մարկոսի բաց նամակը Սերժ Սարգսյանին
     «Հրապարակ»-ը ներկայացնում է ՌԴ քաղաքացի Լևոն Մարկոսի բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.
    
     Պարոն նախագահ,
     Վերջին տարիներին ես մի քանի անգամ Ձեզ ուղարկել եմ գրավոր դիմումներ: Սակայն ավաղ, ոչ Դուք, ոչ Ձեր օգնականները հնարավոր չհամարեցին պատասխանել դրանց: Այնուհանդերձ, ես որոշեցի հերթական անգամ դիմել Ձեզ և իմ հավակնությունները ներկայացնել Ձեզ` որպես Հայաստանի նախագահի: Ներկայումս իմ հայրենիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը գալիս է ասելու, որ հասունացել է այն ժամանակը, երբ բարձրագույն իշխանություններն ու հասարակությունը պետք է մտնեն ազնիվ երկխոսության մեջ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության հարցերում, ներառյալ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Ներկա նամակով էլ ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ իմ բազմամյա գործունեությունը ուղղված է եղել բացառապես Հայաստանի տնտեսական զարգացմանն ու բարեկեցությանը: Պարոն նախագահ, ես լսելով չէ, որ տեղյակ եմ անմաքուր հարաբերությունների այն համակարգից, որն այսօր առկա է Հայաստանում: Եվ Դուք էլ հիանալի հասկանում եք, որ ներդնելով Հայաստանի տնտեսության մեջ 2000-ականների սկզբներին միլիոնավոր դոլարներ, ներառյալ նաև «կայունության գրավը» ես հսկայական կորուստներ կրեցի և արդյունքում ստիպված եղա բացատրություններ տալ տեղի դատական համակարգին, ինչի պատճառը Հայաստանում իմ բոլոր հաշիվների և ակտիվների կալանավորումն էր, ինչպես նաև ըստ էության ռեյդերային եղանակով «Կրեդիտ Երևան» բանկի խլումը, ինչի արդյունքում հափշտակվել է ոչ պակաս քան 17 միլիոն դոլար: Դուք հիանալի գիտեք, որ Արցախի ազգային-ազատագրական շարժման սկսվելու հետ, իսկ հետո արդեն հանուն Ղարաբաղի անկախության 1991-1994 թթ մղված պատերազմում ես սկզբից մինչև վերջ կանգնեցի իմ ժողովրդի կողքին և իմ բոլոր ուժերը նվիրեցի հաղթանակին հասնելուն, հնարավոր ֆինանսական աջակցություն ցուցաբերելով Արցախին ու հայկական ստորաբաժանումներին, որոնք կանգնած էին հայրենի հողի պաշտպանության համար: 2001-ին Դուք և այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշեցիք ինձ ներգրավել սնանկացող «Կրեդիտ Երևան» բանկի առողջացման կամ փրկության նախագծում, խաղալով իմ հայրենասիրական զգացումների վրա: Դուք անձամբ եկաք Մոսկվա և առաջարկեցիք, որ ձեռք բերեմ այդ բանկը, ինչպես նաև փրկագնեմ մի շարք գործարաններ, ֆաբրիկաներ և այլ ձեռնարկություններ, որոնք փաստացի կերպով «սուզվել էին» և որևէ տնտեսական հետաքրքրություն չէին ներկայացնում` մոտիվացնելով այն հանգամանքով, որ պետության գանձարանը դատարկ է և կարիք ունի ֆինանսական հոսքերի: (Անկեղծ ասած այն օրերից մինչ հիմա իրավիճակը այդպես էլ դրական տեղաշարժ չի ունեցել): Մեր հանդիպման արդյունքում ես որոշում կայացրեցի որ Հայաստանի տնտեսությունում զգալի ներդրումներ կանեմ, ինչի պատճառով ես հրաժարվեցի այստեղ Ռուսաստանում իմ ունեցած հեռանկարային և մրցունակ ակտիվներից, այդ թվում և «Сретенка-Петролеум» լցակայանների ցանցից, որը 25 լցակայան էր ներառում ոչ միայն Մոսկվայում: Ձեռք բերման փաստաթղթերի ձեւակերպումից հետո ես «Կրեդիտ Երեւան» բանկում ներդրեցի 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող գրավ և 2001-ին դարձա բանկի սեփանականատերը: Ձեռք բերեցի նաև տասից ավելի ձեռնարկություններ, որոնց շարքում Երեւանի հաստոցաշինական գործարանը, Սիսիանի քարամշակման գործարանը: Մի շարք օբյեկտներ, ինչպիսիք են Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը և «Վանա լիճ» ժամանցային համալիրը: Իսկ երեք շուկաներ ձեռք բերեցի Ռոբերտ Քոչարյանի պնդումից հետո, քանի որ Հայաստանում դրանք գնելու ցանկություն ունեցողներ պարզապես չկային: Միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության` Ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ունեցածս վստահության արդյունքում ես որոշեցի Ձեր խնդրանքն կիրականացնել: Ես չէի թաքցնում, որ երկարաժամկետ և լուրջ կերպով եմ ցանկանում զբաղվել Հայաստանում իմ բիզնեսի զարգացմամբ: Իմ կողմից արդեն նշված և այլ ձեռք բերված ձեռնարկությունների բազայի վրա ես կազմեցի արդյունաբերական ուղղության մի շարք նախագծեր, որոնցից մի քանիսը հասան մինչև մեկնարկին: Դրանց իրականացման համար ես իմ գործընկերների միջոցով Շվեյցարիայից և Հունաստանից եմ ներդրումներ բերել: Նախատեսվում էր ստեղծել արդյունաբերական միավորներ ինսուլինի արտադրության և արդեն ժամկետանց ակումուլյատորների ուտիլիզացիայի ոլորտներում, միաժամանակ նաեւ նախատեսվում էր Հարավային Կովկասի խոշորագույն Հրազդանի ջերմային համալիրը վերագործարկել: Ենթադրվում էր, որ «Կրեդիտ Երևան» բանկի կանոնադրական կապիտալը կաճեցվեր մինչեւ 12 միլիոն դոլար, որով այն կմտներ Հայաստանի համանման հաստատությունների լավագույն հնգյակի մեջ: Իմ նախագծերը հաշվարկված էին 6-8 տարվա ժամկետի համար: Դրանց ընդհանուր կապիտալը անկախ մոսկովյան աուդիտորների կողմից գնահատվում էր առնվազն 300 միլիոն դոլար: Այդ նախագծերը կարող էին էական ազդակ հաղորդել Հայաստանի տնտեսությանը: Սակայն այսօր այդ ամբողջը մնաց օդից կախված, ծածկված անորոշության քողով: Դժվար թե այժմ գաղտնիք է, որ դուք անազնիվ վարվեցիք և ինձ վաճառեցիք «Կրեդիտ Երևան» սնանկացած բանկը, որից այն ժամանակ դեռ ով չէր ալարել գումարներ էր կորզել: Դուք որպես իշխանության ներկայացուցիչ իրավունք չունեիք ինձ առաջարկել փրկագնել այնպիսի օբյեկտներ, որոնք թաղված էին պարտքերի և պարտավորությունների մեջ: Այս խաբերությունը իրականացվել էր անմիջականորեն ՀՀ ԿԲ այն ժամանակվա նախագահ Տիգրան Սարգսյանի միջոցով: Գուցե ես սխալ եմ: Արդյունքում, ես որ ներդրել եմ Հայաստանի տնտեսության մեջ հարյուր միլիոնավոր դոլարներ, ներառյալ արդեն նշված կայունացնող գրավը, հսկայական կորուստներ եմ կրել ու ստիպված եմ եղել բացատրություններ տալ տեղի դատական կատարածուներին: Դատական քաշքշուկների պատճառը իմ բոլոր ակտիվների և հաշիվների կալանավորումն էր Հայաստանում և «Կրեդիտ Երևան» բանկի ռեյդերային հափշտակումը, որի արդյունքում միայն կորցրեցի տասնյոթ միլիոն դոլար: Բացի այդ ինձ արգելվեց գործարարությամբ ղբաղվել Հայաստանում եւ իմ դեմ հարուցվեց քրեական գործ անհիմն կերպով: Իմ հանդեպ հայտարարվեց միջազգային հետախուզում: Սա անհավատալի անհեթեթ է հնչում, սակայն ինձ որոնում էին ՀՀ ՔՕ 8 հոդվածներով ներկայացված մեղադրանքների համար: Մի շարք պաշտոնյաների շնորհիվ, որոնք առաջնորդվում էին ինչով ուզեք, սակայն ոչ երբեք պետական շահով, ինձ գրեթե դարձրեցին պետական հանցագործ: Ես կորցրեցի ոչ պակաս քան 50 միլիոն դոլար եւ զրկվեցի գործնականում իմ ողջ անշարժ գույքից: Ես միայն ներդնում էի ու ներդնում: Ոչ մի դրամ ինձ թույլ չտրվեց աշխատել Հայաստանում: Դուք չեք մոռացել մեր հանդիպումը, որ կայացավ Ձեր խնդրանքով Մոսկվայում, “Беговая” մետրոյի կանգառի մոտ գտնվող կազինոյի տարածքում, որտեղ պնդում էիք, որ կիսեմ ունեցվածքս: Դուք ինձ ասում էիք` «Սա ինձ, սա քեզ»: Ես հրաժարվեցի: Այժմ էլ հրաժարվում եմ: Վերադարձրեք ինձ Հայաստանում ունեցած իմ գույքը: Մինչ այսօր դրանց դիմաց ես այստեղ Ռուսաստանում վճարումներ եմ իրականացնում: Ես դեռևս չեմ մոռացել ոչ «պատվերն» իմ դեմ, ոչ հարձակումն իմ օֆիսի վրա Մոսկվայում, երբ կրակում էին ականանետից: Ես չէի խոսում այդ մասին, սակայն բոլորը գիտեին, թե ինչի եք ընդունակ Դուք եւ Ձեր շրջապատը: Այժմ ես այլևս չեմ լռելու: Դուք եկաք իմ քաղաք, իսկ այնտեղից ինձ վտարեցին: Դուք միայն դժբախտություն եւ վնաս եք բերում իմ ժողովրդին: Դուք բոլորին եւ ամեն ինչ թալանել եք ու կողոպտել: Դուք Հայաստանի ողջ ժողովրդին հասցրել եք ծայրահեղ վիճակի: Հայաստանի իրավապահները մի քանի անգամ դիմել են ռուսական իշխանություններին, պահանջելով իմ ձերբակալությունն ու արտահանձնումը, որով փորձ է արվել օգտագործել ռուսական իրավապահներին որպես քողածածկույթ Հայաստանի իշխանությունների կողմից մարդկանց ունեցվածքի խլման գործերը ծածկելու համար: Մի քանի տարի ռուսական քննչական մարմինները ուսումնասիրեցին իմ գործի նյութերը եւ եկան այն եզրակացության որ իմ արարքներում հանցակազմ գոյություն չունի: Ի գիտություն տեղեկացնեմ Ձեզ, որ 2016թ. հուլիսի 05 թվակիր գրությամբ ՌԴ իշխանությունները հաստատեցին, որ հաստատում են իրենց որոշումը կրկին անգամ` տրված 2011 թվական դեկտեմբեր 28 թվագրությամբ, որով իմ հանդեպ որեւէ քրեական հետապնդում դադարեցվում է: Այս որոշումը իրավունք է տալիս ինձ որպես ՌԴ քաղաքացու միջազգային իրավունքի նորմերին համապատասխան հետ վերադարձնել ունեցվածքս Հայաստանում, որը խլվել է ինձանից ապօրինաբար: Ինձ անձամբ է հայտարարվել, որ դա վերջնական եւ անշրջելի որոշում է, որը կայացվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից եւ որը ենթադրում է իմ, որպես ՌԴ քաղաքացու ունեցած իրավունքները` հետ վերադարձնելու ունեցվածքս, որը խլվել է ինձանից Հայաստանում: Պարոն Նախագահ, ցուցաբերեք վերջապես քաղաքացիական խիզախություն և ընդունեք արդարացի որոշում իմ ունեցվածքի և ֆինանսական վնասի հատուցման վերաբերյալ»:
31840 | 18
Facebook