Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակը վատթարացել է

11:10, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակը վատթարացել է

«Սասնա ծռեր»-ից Արամ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը «ֆեյսբուքյան» էջում ահազանգել է, որ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:
     «Դեռևս 2012-ին ենթարկվել է միզապարկի, 2014-ին` ուղեղի քաղցկեղի հեռացման վիրահատությունների: Դեռևս 2016թ. դեկտեմբերին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ներկայացրել ենք դիմում Արամ Հակոբյանի առողջական վիճակը պարզելու նպատակով նրա հետազոտությունն ապահովելու համար, սակայն դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նման անհրաժեշտություն չկա, իսկ Արամ Հակոբյանի առողջական վիճակն, ըստ ՔԿՀ-ի բժիշկների, գնահատվում է բավարար:
     Սույն թվականի փետրվարին Արամ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է և նա ուղեղի կաթվածի (ինսուլտ) նախանշաններով, այն է՝ աջ վերջույթների անկառավարելիություն և խոսակցական ֆունկցիայի խանգարում, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության խախտում: Մեկ օր ներերակային ներարկումներ ստանալով՝ Արամ Հակոբյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» որտեղ չի ստացել ոչ մի բուժում, այնուհետև, մոտ 6 օր անց՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ վերջինս ստացել է ներերակային ներարկումների 2 շաբաթվա կուրս: Ներարկումների կուրսից հետո վիճակը որոշակիորեն լավացել է, սակայն, ինչպես տեղեկացանք Արամ Հակոբյանի հետ վերջին տեսակցության ժամանակ, ոչ շարժողական, ոչ խոսակցական ֆունկցիաները լիովին այդպես էլ չեն վերականգնվել: Ավելին՝ 21.03.2017թ. դատական նիստին ներկայանալով, առերևույթ տեսանելի էր դարձել Արամ Հակոբյանի առողջական վիճակի վատթարացումը, հատկապես դժվարությամբ տեղաշարժվելը:
     22.03.2017թ. նշանակված՝ կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդության քննության նիստին դատարանին ենք ներկայացրել Արամ Հակոբյանի բժշկական փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև այն, որ ՔԿՀ-ում Արամ Հակոբյանի նկատմամբ պատշաճ բուժհսկողություն և բուժօգնություն չի տրամադրվում և չի էլ կարող իրականացվել, քանի որ նրան չեն ենթարկել անհրաժեշտ հետազոտությունների և նրա առողջական վիճակի վերաբերյալ լիարժեք տեղեկություններ չկան, ինչը լուրջ ռիսկ է ներկայացնում Արամ Հակոբյանի կյանքի համար:
     Դատարանին խնդրել ենք Արամ Հակոբյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Որոշման հրապարակումը հետաձգվել և նշանակվել է 23.03.2017թ. ժամը 14:00-ին, հուսանք, որ նախագահող դատավոր Մարինե Մելքոնյանը կցուցաբերի հարցի լրջության և պատասխանատվության լիարժեք գիտակցում:
     Հիշեցնենք, որ դեռևս 2015թ. հայտնի «Ապրիլի 24-ի» գործով հիշյալ առողջական խնդիրների մի մասի վկայակոչման արդյունքում Արամի նկատմամբ գրավ էր կիրառել:
     Միաժամանակ հարցի հրատապությամբ և լրջությամբ պայմանավորված այս պահին արդեն պատրաստում ենք միջնորդություն Մարդու իրավունքների եվրոպական դատարան 39-րդ կանոնի հիմքով»:
     Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ Քր. օր-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

2716 | 2
Facebook