Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պետք է զգանք բռնցքամարտի շունչը, ոչ թե բոլորին ջարդուփշուր անենք». Դավիթ Թորոսյան

16:45, երեքշաբթի, 21 փետրվարի, 2017 թ.
«Պետք է զգանք բռնցքամարտի շունչը, ոչ թե բոլորին ջարդուփշուր անենք». Դավիթ Թորոսյան

Սոֆիայում այսօր կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը, որին Հայաստանը կներկայացնի 9 բռնցքամարտիկ։ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց մարզիկներից իր ակնկալիքների մասին.

«Ստրանջան շատ ծանր մրցաշար է, այնտեղ հեշտ չէ հաղթանակ տոնել։ Կարելի է ասել՝ փոքր աշխարհի առաջնություն է։ Գալիս են բռնցքամարտի ուժեղ դպրոցներ ունեցող երկրների հավաքականներն՝ առաջին համարներով։ Ցանկանում եմ մեր տղաները դիմակայեն, մոտիկից հասկանան պայքարը, քանի որ շուտով Եվրոպայի առաջնությունն է։ Խնդիրը դա է։ Պետք է զգանք բռնցքամարտի շունչը, ոչ թե բոլորին ջարդուփշուր անենք։ Մի փոքր բարդ է այնտեղ ջարդուփշուր անել, այն էլ այդ թիմով, որ ինձ հասել է»։

Հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Թորոսյանը՝ հավաքականի մարզիչ Արշավիր Գրիգորյանի հետ
Հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Թորոսյանը՝ հավաքականի մարզիչ Արշավիր Գրիգորյանի հետ

Հեղինակավոր մրցաշարին մեր հավաքականից հանդես կգան 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Հարցին, ինչով է պայմանավորված հետևյալ կազմի ընտրությունը, պարոն Թորոսյանը պատասխանեց.

«Պետք է նոր անուններ լինեն։ Հայաստանի առաջնություն անցկացվեց, որին չմասնակցեցին առաջատարները։ Արդյունքում նոր առաջատարներ ի հայտ եկան, որոնց պետք է փորձենք, հետագայում բաղդատենք։ Տեսնենք՝ նոր չեմպիոններն են ավելի գործունյա, թե հները։ Արդյունքում կձևավորենք հավաքականի կազմը»։

Դավիթ Թորոսյանն՝ Արսեն Հայրապետյանի հետ
Դավիթ Թորոսյանն՝ Արսեն Հայրապետյանի հետ

Մինչ Բուլղարիա մեկնելը հավաքականը Երևանում ուսումնամարզական հավաք է անցկացրել։ Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ նա գոհ է հավաքից։

«Հավաքից գոհ եմ։ Բոլոր չափանիշներով լավ հավաք անցկացրեցինք։ Երիտասարդները լավ հանդես եկան։ Մյուսները շարունակում են իրենց գործն՝ ավելի խորը մասնագիտորեն, հանգամանալից»։

Հարցին՝ հավաքականը գլխավորելուց հետո ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, պարոն Թորոսյանը պատասխանեց.

«Փոփոխություններ կան, մասնագիտական ձևով ենք մոտենում։ Գործընթաց է, շարունակվում է։ Այս գործընթացը, որ սկսել եմ, երկար է շարունակվելու` մինչև հասնենք նրան, ինչ ցանկանում եմ տեսնել։ Տղաները շատ հեռու են այն վիճակից, ինչ ցանկանում եմ տեսնել, բայց ճիշտ ճանապարհին ենք։ Այս հավաքականի տղաներից կային նաև 2015-ի հավաքականում։ Մարդիկ են, չեն կարող նույն տեղում մնալ, հետընթաց են ապրել։ Հիմա դեռ այն մակարդակին չեն հասել, ինչպիսին թողել եմ, աշխատում ենք այդ ուղղությամբ։ Բայց առաջընթացը նկատելի է ոչ միայն ինձ, այլև տղաներին։ Իրենք էլ են շատ գոհ։ Իրենց աշխատանքը ռաունդներով ենք հաշվում։ Միջին բռնցքամարտիկն արդեն 100-120 ռաունդ է հավաքել, իրենց ցանկությունն է, որ շատ ռաունդներ հավաքեն։ Առաջ ամբողջ տարվա ընթացքում դրա 15 %-ն էին անում, հիմա 2 շաբաթում են դա անում»,- եզրափակեց նա։

Դավիթ Թորոսյանը՝ Նարեկ Մանասյանի հետ
Դավիթ Թորոսյանը՝ Նարեկ Մանասյանի հետ

2862 | 0
Facebook