Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Արմեն Սարգսյանի հրաժարականը

երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Հանրությունը քննարկում է Արմեն Սարգսյանի հրաժարականը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել:

Այս թեման մեկնաբանել են`

Սեյրան Օհանյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Սեյրան Օհանյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Նրա հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական ու նաև արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին, ու ինքը խուսափում է այդ ամենից: Նրա հրաժարականից հետո հնարավորություն է ստեղծվում, որպեսզի նախագահական նոր ընտրություններ լինեն, ու մեր դաշինքն իր խոսքը կասի:

Արսեն Թորոսյան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Արսեն Թորոսյան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Բացառում եմ որևէ ճնշում: Փոխհրաձգության մեջ չէինք ինստիտուտի հետ, հետևաբար, կարծում եմ՝ ՀՀ նախագահն ինքնուրույն է կայացրել որոշումը, որը մենք հարգում ենք:

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան, հրապարակախոս

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան, հրապարակախոս

Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց հենց հիմա։ Ո՛չ 2018 թվականի գարնանային իրադարձություններից հետո, որը երկրում հանգեցրեց իշխանափոխության, ո՛չ դատարաններ շրջափակելու վարչապետի կոչից և գործողություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Սահմանադրության երաշխավոր ՀՀ նախագահը որևէ լծակ չունի ապահովելու իշխանության թևերի անկախությունն ու հավասարակշռումը, ո՛չ սարսափելի պատերազմից հետո, երբ հսկայական ստի ու հանցավոր անկազմակերպվածության արդյունքում հազարավոր երիտասարդ կյանքեր ընդհատվեցին և տարածքներ հանձնվեցին, որի մասին Արմեն Սարգսյանի հրապարակային պնդմամբ, նա տեղեկացել է մամուլից։


Այս ինչուները կարող են շարունակվել, բայց այժմյան իրավիճակը համեմատաբար անցնցում ու հանդարտ կարելի է համարել, նախորդիվ թվարկվածներն առավել լուրջ առիթներ կարող էին հանդիսանալ մատնանշելու այն փաստը, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար բարդ ժամանակներում ազդելու գործընթացների վրա։


Սակայն ընտրվեց հենց 2022 թվականի հունվարի 23-ի կիրակի օրը։ Ինչո՞ւ․․․


Պատասխանները պետք է փնտրել աշխարհաքաղաքական զարգացումների, նոր վերաբաժանումների ու ազդեցության գոտիների ամրապնդման մեջ։ Այսինքն՝ հրաժարականը ներքաղաքական ու հայաստանյան համատեքստի, առավել ևս սահմանադրական կարգավորումների հետ քիչ առնչություն ունի։ Մոդելավորվող գործընթացների մեջ Արմեն Սարգսյանի համար չկա դերակատարում, ամփոփվել է մի փուլ, որտեղ նա ուներ իր դերը, իր՝ թեկուզ և բացակա ներկայության անհրաժեշտ ապահովումը։


Աշխարհի, ինչպես նաև Հայաստանի համար սկսվում է նոր փուլ, որտեղ ականատես ենք դառնալու նոր զարգացումների ու դերակատարների:

Հայկ Մամիջանյան, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամնավոր

Հայկ Մամիջանյան, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամնավոր

Պաշտոնն ստանձնելիս նա բավականին լավ տեղեկացված էր, կարծում եմ՝ Սահմանադրությունը կարդացել էր, որի վրա երդվել է: 4 տարի նույն բանի մասին խոսել՝ լիազորություններ, լիազորություններ, լիազորություններ, ինձ համար անընկալելի է:

Կոնստանտին Զատուլին, Պետդումայի պատգամավոր

Կոնստանտին Զատուլին, Պետդումայի պատգամավոր

Բոլորի համար էլ հասկանալի է, որ նրա դերը լավագույն դեպքում հանգում է անգլիական թագուհու դերին՝ որոշումներ կայացնելուն միջամտելու շատ քիչ հնարավորությամբ։ Այդ հրաժարականը շատ վաղուց էր սպասվում։ Կարելի է միայն զարմանալ, որ դա այդքան ուշ է տեղի ունեցել...


Ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը և հրաժարական տար։

Աշոտ Միրզոյան, գրող, հրապարակախոս

Աշոտ Միրզոյան, գրող, հրապարակախոս

Արմեն Սարգսյանն իրականում այնքան փորձառու բրիտանական (արևմտյան) գործակալ էր, որ գործեց հնարավորինս անաղմուկ` հասարակության ուշադրությունն իր վրա չբևեռելով։ Թերևս նորօրյա Հայաստանում սա ամենափորձառու գործակալն էր։ Թրաշամանուկները սրա համեմատ իրականում շատ են թերի։ Թե ինչ է սպասվում միջազգային ինտրիգներում խճճված Հայաստանին, Աստված գիտի:

Աղասի Ենոքյան, քաղաքագետ

Աղասի Ենոքյան, քաղաքագետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Հանրությանը երևի ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչու նա հենց հիմա հրաժարական տվեց, քան՝ թե ինչու հրաժարական տվեց ընդհանրապես։ Որովհետև թե՛ նրա, թե՛ նրա ընտանիքի, թե՛ նրա քաղաքական, կենցաղային ու գործակալական անցյալի մասին վաղուց են հնչել մտահոգություններ ու քննադատություններ, բայց Արմեն Սարգսյանն աներեսորեն այդ ամենը երկար ժամանակ հանդուրժում էր։ Ու հիմա հանկարծ որոշեց, որ պետք է հրաժարական տա։


Արմեն Սարգսյանը հարուստ մարդ է, և բիզնես կլասով Դուբայ ու Քաթար թռնելը չպետք է համարել նրա համար խթան տարիներ շարունակ պաշտոնավարման համար։ Իսկ նրա աշխատանքի ընթացքում այլ բանով, քան բիզնես-թրիփներն են ու պաղպաղակը, ՀՀ նախագահն աչքի չի ընկել։ Եվ հիմա հանկարծ որոշեց, որ բիզնես կլասի համար պետք է վճարի իր գրպանից, ոչ թե ՀՀ բյուջեից։


Խորհրդանշական է, որ Արմեն Սարգսյանն իր հրաժարականը հնչեցրեց Լոնդոնից։ Հիշենք, որ նա բազմաթիվ քրեական սկանդալների մեջ կարող էր հայտնվել Երևանում՝ սկսած անհասկանալի անձնագրից մինչև կոռուպցիոն հանգամանքներ։


Արմեն Սարգսյանը խորհրդային տարիներին Անգլիա և արտաքին քաղաքականություն էր գործուղվել իր «կոմերիտական» իրականությունից ԽՍՀՄ հատուկ ծառայությունների նկատառումներով։ Նրա շարունակական մուտքն ու ելքը ՀՀ քաղաքականության մեջ բացառապես պետք է պայմանավորել ԳՌՈՒ-ի ներգրավածության ինտենսիվության ամպլիտուդներով ու անհրաժեշտ կադրերի բացակայությամբ։


Արմեն Սարգսյանի հրաժարականն արդեն չի կարելի մեկնաբանել, թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները նրան կոնսերվացնում են հետագա գործողությունների համար. նա տվեց ինչ կարող էր։ Նիկոլն Արմեն Սարգսյանին հնարավորինս փչացրեց՝ անհնարին դարձնելով նրա հետագա գործակալական գործունեությունը։


Արմեն Սարգսյանի հրաժարականը կարող է նշանակել երկու բան. կա՛մ Կրեմլն այնքան է վստահում Նիկոլին, որ այլևս նրան վերահսկող պետք չէ, կա՛մ Նիկոլն անվերադարձ որոշել է թռնել ռուսների տակից և որոշել է Արմեն Սարգսյանին փոխարինել գռզոյաէդմոնահովիկաղազարյանական կարգի ինչ-որ բանով:


Առավել հավանական է թվում երկրորդ տարբերակը։ Ոգևորվելով Պուտինի սկսած ֆեյք «Սառը պատերազմի» անհեռանկարայնությամբ, ԱՄՆ ետթրամփական ակտիվությամբ մեր ռեգիոնում՝ ի դեմս Թուրքիայի սերժանտության, Նիկոլը փորձում է հնարավորինս ձերբազատվել Մոսկվայից և փորձում է իր համար ապահովել առավելագույն անձեռնմխելիությունը՝ նաև ազդեցության և գործողության մյուս ագենտներից ազատվելու գնով, և այդ պատճառով է պահանջել Արմեն Սարգսյանի հեռացումը։


Սա, թերևս, սխալ հաշվարկ կարող է դուրս գալ և պրոթուրքական այս զեղումը՝ չնայած հզորագույն պահակախմբին, կարող է Նիկոլի համար թանկ արժենալ։ Էլ չեմ խոսում Հայաստանի Հանրապետության մասին:

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրքրեին, այլ որոշ հարցեր.


- ինչո՞ւ հիմա տվեց հրաժարական,


- ի՞նչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,


- ի՞նչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,


- խոսելով «համազգային ճգնաժամի» մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,


- խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ի՞նչ նկատի ունի՝ մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,


- գուցե իշխող ուժի մի նոր սցենա՞ր է փորձում իր հրաժարականով խաթարել,


- ի՞նչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահն ազդելու հնարավորություն չունի»,


- և վերջապես, ինչո՞ւ այլևս «սխալվելու հնարավորություն ազգը» չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։


Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել:

Վահան Արծրունի, կոմպոզիտոր

Վահան Արծրունի, կոմպոզիտոր

Պարո՛ն Սարգսյան, ախր դուք երկրի ընթացքների վրա ազդելու համար չօգտվեցիք հնարավորությունից՝ համախմբել ձեր շուրջ Ազգային Որակը, այնինչ բոլոր նախադրյալները ունեիք Հայաստանի ու Սփյուռքի մտավոր, գիտական և մշակութային ներուժը միաբանելու:


Չուզեցիք... պարզապես չցանկացաք և հիմա հրաժարական եք տալիս՝ փաստելով ձեր անկարողությունը ներազդելու ներկայի վրա: Աստված ձեզ դատավոր: Feci quod potui faciant meliora potentes! Սա ձեր մասին չէ:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Ոնց ստից և թուլամորթ պաշտոնավարեց, այդպիսի ստից և թուլամորթ տեքստով էլ հրաժարական տվեց։


Համընդհանուր սարկազմից և անակնկալից անդին՝ երկու նախնական և փոխլրացնող դիտարկում.


1. Հայաստանի գլխին կախված ամպերից նոր ուժեղ շանթ է գալու մեր գլխին արտաքին աշխարհից, որի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել։


2. Այս քայլով նա ճանապարհը էլ ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում ամբողջությամբ կոնսոլիդացնելու համար, այդ թվում՝ կեղծ օրակարգ հանդիսացող սահմանադրական փոփոխություններով։


Հ. Գ. Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк:

Տիգրան Ուրիխանյան, «Ալյանս» կուսակցության նախագահ

Տիգրան Ուրիխանյան, «Ալյանս» կուսակցության նախագահ

Իմացա՞ք՝ ինչու նախագահ կոչվածը հրաժարական տվեց։ Որովհետև ամեն բան մոտենում է ավարտին, և արվելու են բաներ, որոնց արդյունքում դատվելու են իշխանության կրող գրեթե բոլոր սուբյեկտները, այդ թվում՝ սահմանադրությամբ երկրի շահերը, մասնավորապես տարածքային ամբողջականությունը, պաշտպանելու կոչված նախագահը... Համ էլ շուտով այդ պաշտոնն առհասարակ չի լինելու, որովհետև երկիրն անցնելու է նորից նախկին կառավարման համակարգի՝ դրանից բխող նոր ընտրություններով հանդերձ։ Հակառակ դեպքում այդ անսկզբունքային ու անհայրենիք անձը երբեք հրաժարական չէր տա` շարունակելով վայելել աղքատ երկրի չեղած բյուջեի փողերը բացարձակապես անիմաստ կերպով:

«5165 շարժում» կուսակցություն

«5165 շարժում» կուսակցություն

Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից և պահանջում ենք բաց և հիմնավոր բացատրություն՝ իր որոշման իրական դրդապատճառների մասին: Անընդունելի է, որ երկրի գլխին ծառացած վտանգավոր զարգացումների պարագայում պատասխանատվությունից խուսափումը դառնում է օրինաչափություն՝ հատկապես հաշվի առնելով, որ պետության ղեկը գտնվում է ապիկար և ազգային-պետական շահերի դեմ գործող քաղաքական խմբավորման ձեռքին: Ենթադրում ենք, որ անակնկալ այս որոշման պատճառները թաքնված են մակրոտարածաշրջանային, նույնիսկ գլոբալ փոխակերպումների և դրանց ազդեցությամբ պայմանավորված՝ Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մեջ, հանգամանքներ, որոնց քաջատեղյակ է Արմեն Սարգսյանը՝ ունենալով քաղաքական և դիվանագիտական բավարար փորձառություն, լայն կապեր միջազգային քաղաքականության տարբեր դերակատարների հետ:


Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից ոչ աշխատանքային օրով և ֆիզիկապես Հայաստանում չգտնվելով հրաժարական տալու հանգամանքն առնվազն տարակուսանք է առաջացնում՝ նկատի ունենալով իր հիմնավորումն այն մասին, որ ՀՀ նախագահը «չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»: Հարկ ենք համարում նկատել, որ երկրի և ազգի համար ոչ պակաս արմատական գործընթացներ տեղի էին ունենում 2020թ. աշնանը, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները նույնն էին, ինչ այսօր. այդուհանդերձ այն ժամանակ Արմեն Սարգսյանը հրաժարական չներկայացրեց: Մեր համոզմամբ՝ ՀՀ նախագահի դիրքը կարելի էր Հայաստանի ազգային-պետական շահերին ի նպաստ օգտագործել ոչ թե թեկուզ սահմանափակ լիազորությունները գործադրելով, այլ որպես նախագահ խոսելու, ժողովրդին խոսք ասելու, ուղերձ հղելու միջոցով՝ զգուշացնելու վտանգավոր զարգացումների մասին, տալու գնահատականներ գործող իշխանությունների առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում վարած քաղաքականության, կատարած գործողությունների առնչությամբ, ինչին, ցավոք, ականատես չենք եղել: Այսպիսով, Արմեն Սարգսյանն այս ընթացքում բավականաչափ հնարավորություններ է ունեցել խոսելու, սակայն չի խոսել: Իսկ այժմ ընդամենն ակնարկում է արտաքին ու ներքին քաղաքական վտանգավոր զարգացումների մասին, սակայն բավարարվում է ապրիորի զգուշացումներով ու չի նշում ո՛չ վտանգների բովանդակության, ո՛չ դրանց ծագման աղբյուրների, ո՛չ գործող իշխանությունների՝ դրանց դիմակայելու անընդունակության կամ չցանկության մասին:


Արմեն Սարգսյանի հրաժարականը գուցե տրամաբանական լիներ, երբ իր նշած փոխզսպումների և հակակշիռների համակարգ նախատեսող սահմանադրությունն արդեն ընդունված լիներ:


Ուստի, նախագահի պաշտոնից հրաժարական տալու Ա. Սարգսյանի փաստարկները ևս մեկ անգամ համարելով չհիմնավորված և հրաժարականը գնահատելով որպես անընդունելի փախուստ պատասխանատվությունից՝ պահանջում ենք նրանից պարզ, բաց և լիարժեք բացատրություններ իր կայացրած որոշման մասին:

35998 | 0