Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է #IDEX-2021-ում Հայաստանի դատարկ տաղավարը

երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
Համացանցը քննարկում է #IDEX-2021-ում Հայաստանի դատարկ տաղավարը

Ինչպես արդեն հայտնել էինք, օգտատերերը լուսանկարներ էին տարածել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսից՝ համեմատություն անցկացնելով Հայաստանի ու Ադրբեջանի տաղավարների միջև. հայկական ընկերությունների տաղավարը դատարկ էր:

Այս թեման մեկնաբանել են`

Արմեն Միրզոյան, լրագրող

Արմեն Միրզոյան, լրագրող

Ուրեմն՝ 2021 թվականի փետրվարի 21-25-ը Դուբայում ընթանում է Պաշտպանության միջազգային համաժողով-ցուցադրությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը՝ հանձինս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։


Նկարին նայում եմ, թվում է՝ Երևան Մոլի help desk-ն է։ Բրոշյուրներ, ջրով շշեր, մեկ էլ որ լավ փնտրես, կարող է նվեր քարտեր էլ գտնես։ Ռազմաարդյունաբերական արտադրանքի որևէ նմուշ, որևէ օրինակ չես գտնի։ Ու մենք սենց փորձում ենք դուրս գալ միջազգային շուկա։


Մինչև երբ չենք գիտակցելու, որ սենց պետություն/պետականություն չենք դառնա։ Չնայած վաղուց մեր երկրում պետություն բառը պետք է չակերտների մեջ դնել։ Կարևորն ամեն մեկս մեր էշը քշենք, փորներներս էլ կուշտ լինի։ Ջհանդամ, թե պետությունը չի կործանվում:

Հայկ Սահակյան, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ

Հայկ Սահակյան, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ

Սա Աբու-Դաբիում այսօր բացված IDEX-2021 ռազմարդյունաբերության ցուցահանդեսում ՀՀ դատարկ տաղավարն է։


Համաձայն ասեկոսեների՝ այս ամոթալի ֆեյլի հետևում պրիմիտիվ, նեղ անձնական շահեր և բախումներ են․ «Իմ քայլում» ռազմարդյունաբերության ոլորտի վրա աչք դրած կամ ՊՆ նախարարի ամբիցիաներ ունեցող մեկը, կարողացել է ձախողել մեր էքսպոնատների՝ ժամանակին տեղ հասնելը, որ Նիկոլի աչքում քցի կազմակերպիչներին ու ոլորտը իրենով անի։


Չգիտեմ՝ ինչքանով ա արդարացված նման մոտեցումը, բայց Հայաստանի տաղավարն ա դատարկ, ոչ թե ինչ-որ նախարարի։ Նման մտածողությունը տեղ չպիտի ունենա մեր իրականության մեջ, բայց ցավոք այն դեռ ծաղկում է Նիկոլի օրոք։


Ռազմարդյունաբերությունը մեզ համար ոչ միայն ցավոտ տեղ է՝ հետպատերազմյան իրողություներից հետո, այլ նաև ազգային անվտանգության, էգզիստենցիալ խնդիր է ու դրա հետ նման խաղերն անընդունելի են։


Մեղավորները պե՛տք է պատժվեն՝ խստագույնս:

Սոֆյա Հովսեփյան, ԱԺ պատգամավոր

Սոֆյա Հովսեփյան, ԱԺ պատգամավոր

Պատճառներն այսօր կփորձեմ պարզել, բայց ցանկացած պատճառ աններելի է: Այդպես էլ չսովորեցին պատասխանատու լինել, որի մասին ամեն հիշեցումս կրկին ինձ է վնասել, բայց մեկ է, եթե անգամ հիմա մի քանի ինքնահաստատվող էս գրառման տակ փորձի կարծիք հայտնել՝ բա «դուք 2,5 տարի կիսում էիք և այլն», միանգամից իմացեք՝ 2, 5 տարի ամեն օր մատնանշել եմ ոլորտային անտերությունները և հենց դա էլ հիմք է դարձել իմ էս թիմից հեռանալու: Պատերազմի խայտառակ պարտությունից հետո անգամ չսթափվեցիք: Սա հանցագործություն է և ներում չունի, պարզ կազմակերպման հարցն անգամ ամեն անգամ վիժեցվում է, ամո՛թ, երիցս ամո՛թ:


Դատարկ տաղավար. իսկ ի՞նչ պետք է ցույց տային:

Միքայել Նահապետյան, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ

Միքայել Նահապետյան, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ

Դե արդեն գիտեք, որ սա Աբու Դաբիում ռազմարդյունաբերական ցուցահանդեսում մեր տաղավարն է ու նաև գիտեք, որ մենք ահավոր խայտառակ ենք եղել փաստորեն:


Քանի որ էս խայտառակության համար մենք՝ հարկատուներս, վճարել ենք ոչ պակաս, քան 40 միլիոն դրամ, առաջարկում եմ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցի ու պարզի, թե հատկապես ում անփութության կամ դիտավորության արդյունքում ենք էս վիճակում հայտնվել: Ու երբ պատասխանատուները կանգնեն բանտ նստելու հեռանկարի առաջ՝ գուցե նաև կուլիսներում պատմելու փոխարեն ցուցմունք տան, թե էդ որ պաշտոնյան է մեր հաշվին իր բիզնես շահերն առաջ բրդում:


Լրացում. ցուցահանդեսն սկսվել է երեկվանից, կտևի մինչև ամսի 25-ը։ Ենթադրում եմ՝ կեսից զենքերը տեղ կհասնեն, ու ՊՈԱԿ-ը ճոխ ֆոտոներով կլծվի «քստմնելի սուտ է» օպերացիայի կենսագործմանը, իսկ Պերֆեքթ թիվին վիդեո կնկարի «Դուբայի շեյխը ցնցված է մեր ատոմային ռումբից՝ ներքին թշնամին մանթրաժ ծխում է» վերնագրով:

Արման Բաբաջանյան, անկախ պատգամավոր

Արման Բաբաջանյան, անկախ պատգամավոր

Մի քանի վերնագիր տեսա Աբու Դաբիի IDEX 2021 Expo ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական դատարկ տաղավարի մասին։


Հարգելինե՛ր, մենք ոնց որ այնքան էլ լավ չենք պատկերացնում, թե ինչ է արդի աշխարհում ռազմական արդյունաբերությունը։


Չի կարող տեխնոլոգիա ու ռազմարդյունաբերություն զարգանալ մի երկրում, որի քաղաքական ուժերի մեծ մասն անկախության դեմ անհաշտ կռիվ է տալիս, որոնց նպատակը հայրենիքի վերջնական գաղութացումն է մի երկրից, որի սպառազինությունն է, մեծ հաշվով, պարտություն կրել մեզ պատուհասած պատերազմում։


Այս դատարկ տաղավարն ամբողջությամբ բնութագրում է մեր երկրում գիտության, տեխնոլոգիաների և ընդհանրապես ռազմարդյունաբերության վերաբերյալ մեր երկրում առկա մտածողության սնանկությունը։ Այս դատարկությունն ամբողջությամբ խոսում է, թե որքան թյուր պատկերացում ունենք մենք գիտության, տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության մասին։


Չի կարող երկիրը չլինել անկախ և ունենալ զարգացած գիտություն և զարգացած տեխնոլոգիաներ։ Չի կարող ազգային շահերի վրա հիմնված արտաքին քաղաքականություն չունեցող երկրում զարգանալ գիտությունը, տեխնոլոգիան կամ առավել ևս ռազմարդյունաբերությունը։


Ռազմարդյունաբերությունը նախևառաջ արտաքին քաղաքականություն է, աշխարհաքաղաքականություն է։


Չե՞նք ուզում խոսել աշխարհաքաղաքականության մասին, ուրեմն՝ դադարեցնենք ռազմարդյունաբերության զարգացման մասին դատարկ խոսակցությունները։ Մինչև ռազմարդյունաբերության հիմքում չդրվի մեր երկրի ինքնիշխան արտաքին քաղաքականությունը, պետք է մոռանալ ոլորտի զարգացման մասին, պետք է դադարեցնել այս դատարկության համար պատասխանատուների փնտրտուքը։


Դատարկությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլորս կհասկանանք, կգիտակցենք, որ գետտոյում չի լինում գիտության զարգացում, չի լինում առհասարակ զարգացում, գետտոյում զարգանում է միայն հետընթացը, գետտոյում առաջին պլան են գալիս միայն հետադիմական ուժերը, գետտոյում հաղթանակի պատմուճանը կրող պոռոտախոս ու բարձրագոչ գործիչները երկիրն առաջնորդում են անխուսափելի ու վերջնական պարտության:

ՀՀ ԲՏԱ նախարարություն

ՀՀ ԲՏԱ նախարարություն

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը. ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:


Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։


Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։ Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում:

| | |
8277 | 0