Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Երբ արվեստագետն ապրի մի երկրում, որտեղ իրեն մարդ կզգա, կոչումները պետք չեն գա». հանդիպում Հրաչյա Գասպարյանի հետ

20:20, երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2016 թ.
«Երբ արվեստագետն ապրի մի երկրում, որտեղ իրեն մարդ կզգա, կոչումները պետք չեն գա». հանդիպում Հրաչյա Գասպարյանի հետ

Ռեժիսոր Հրաչյա Գասպարյանի հետ հանդիպեցինք Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում. «Այստեղ կա այն էներգետիկան, որը ոչ միայն իմն է, այլ իմ ուսանողներինը: Այստեղ պատի վրա մի քերծվածք չկա, որի գոյությունը հենց այնպես է: Սա իմ աշխատավայրն է, որտեղ ստեղծագործում եմ, արարում, օրվա հիմնական մասն եմ անցկացնում: Այստեղ ես ինձ ավելի ազատ ու վստահ եմ զգում»,- նշեց բեմադրիչն, ում խոսքով` դերասան լինելը ամենաբարդ գործերից մեկն է:
    
     ԱՅՍՕՐ ՄԻԱՅՆ ԱՂՄԿՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՃՂՃՂՈՒՄ, ԻՐԱՐ ՉԵՆՔ ԼՍՈՒՄ
    
    
Երևանում իմ սիրած հատվածներն այլևս չկան... Երևան հյուրանոցի դիմաց մի սրճարան կար, որտեղ բոլորը հավաքվում էին` Ֆրունզիկը, Խորիկը, Քոչարն էր գալիս, նկարիչները, ռեժիսորներն ու դերասանները զրուցում էին, վիճում էին, հարցեր լուծում:
     Հիմա ամեն ինչ արված է այնպես, որ ավելի շատ ուտել- խմելու տեղ լինի, քան զրուցելու: Հիմա սրճարան ես գնում, երաժշտությունն այնքան բարձր են միացնում, որ նույնիսկ դիմացինիդ հետ խոսել չես կարողանում: Այսօրվա երիտասարդությունն էլ այդ շփվելու «կայֆը» չունի, նրանք «կայֆը» տեսնում են բարձր երաժշտության մեջ, գոռգոռոցի, աղմուկի: Այն դադարը, որ շատ կարևոր է մարդ լինելու համար, հիմա պակասում է: Այսօր արվեստն էլ ավելի շատ դարձել է ճղճղան, քան խորհելու:


    
     ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՖԻՐՄԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵԼ
    
    
Մեր սիրած քաղաքում կարգելեի շենքեր կառուցել, կարգելեի հին պատմություն ունեցող տները քանդել: Մեր քաղաքն իր կենսագրությունը կորցրել է: Նորը չի ստեղծվել, իսկ հինը կորցվել է: Իսկ քաղաքն առանց կենսագրության նույնն է, որ մարդը կենսագրություն չունենա, շատ անիմաստ է: Եվ այդպես մեր քաղաքն էլ է դառնում անիմաստ:
     Հանրությունն ասում է, բայց ասողին լսող է պետք: Այսօր մեզ մոտ երկխոսություն չկա, եթե լիներ երկխոսություն, մեզ կլսեին, բայց լսելու ունակությունը մեծ մարդկանց գործ է: Հիմա մենք ավելի շատ աղմկում ենք, դա խանգարում է, որ իրար լսենք:
     Արդեն տասը տարի է` թատրոնի օրենքի մասին խոսակցություն է գնում, ոչ մեկ չի լսում: Այնտեղ, որտեղ պետք է մտածեն, չեն մտածում: Արվեստը չի կարող լինել ֆիրմայի կարգավիճակում: Ես այդ ֆիրմայի դեմ ոչինչ չունեմ, բայց արվեստն անհատական մոտեցում է պահանջում, դա երշիկ սարքել չէ: Դու մարդու հետ գործ ունես, քաղաքի, ազգի, մենտալիտետի: Ո՞նց կարելի է սաղ իրար խառնել:

    
     ԵՐԲ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ԱՊՐԻ ՄԻ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԻՐԵՆ ՄԱՐԴ ԿԶԳԱ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ ՉԵՆ ԳԱ
    
    
Երբ արվեստագետը լինի այն երկրում, որտեղ իրեն լիարժեք մարդ կզգա, և դերասանը ստիպված չի լինի այստեղ-այնտեղ իրան գցելու, պրոֆեսիան կորցնելու գնով գումար հայթայթելու համար, այդ ժամանակ ոչ մի կոչում էլ պետք չէ: Իսկ երբ դերասաններն ամենաչնչին աշխատավարձ են ստանում, ու ամենամեծ զբաղվածությունն իրենք ունեն, և այդ գումարով ապրել հնարավոր չի, գոնե մեկ-մեկ պետք է փայփայես այդ դերասանին:
     Ցարը կանչում է կինտոներից մեկին ու հարցնում. «Քեզ 10 ռուբլի տանք, թե՞ մեդալ: Հարցնում է` մեդալն ի՞նչ արժե, պատասխանում են` 3 ռուբլի: Ասում է` գումարը տուր, 10 ռուբլին վերցնում է, 3-ը տալիս, ասում է` դե էդ մեդալն էլ տուր… Հիմա մենք էլ այդ կինտոների վիճակում ենք:

    
     ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՐ ԵՆ ՈՒՏՈՒՄ, ՄԵՋՏԵՂՆ ԷԼ ՄԵՆՔ ԵՆՔ ՏՈՒԺՈՒՄ
    
    
Տարբեր կուսակցություններին հարցնում են, դու ի՞նչ ես ուզում, ասում են, որ լավ լինի, մյուսին են հարցնում, նա էլ է ասում, որ ավելի լավ լինի: Դե բոլորդ միացեʹք, էդ լավը ստեղծեք: Թե չէ իրար եք ուտում, մեջտեղն էլ մենք ենք տուժում:
     Այսօր մեր երկրում հոգու պոռնոգրաֆիա է: Ինչի՞ մասին են խոսում երիտասարդները, ի՞նչ են սիրում… Հասկանում եմ, որ այս երեխաները թերի դաստիարակություն են ստացել, բայց այֆոնի մեջ չի երջանկությունը: Ոʹչ միայն գիրք չեն կարդում, դպրոցում ահավոր վիճակ է: 20 տարի առաջ գոնե գրականություն գիտեին, այսօր Թումանյան ես ասում, մարդիկ ասում են` հա, լսել եմ: Ստիպում եմ իմ ուսանողներին կարդալ, նույնիսկ մարդու տեսքն է փոխվում, երբ կարդում է:
     Ես սիրում եմ խելացի, գեղեցիկ կանանց, չեմ սիրում տգեղ, ապուշ կանանց: Գեղեցիկ, ապուշ կանանց ինչ-որ տեղ կարելի է ներել: Մարդ կա, ում հետ 5 րոպե հետո ձանձրանում ես, նա կամ պիտի խոսի, թե խանութում ինչ են վաճառում, բրենդի կամ վերջին օծանելիքի մասին, որից այն կողմ ճանապարհ չկա:
     Մեր ժամանակ, եթե նոր գիրք դուրս գար, չիմանալն ամոթ էր: Հիմա ամոթ է կարդալը: Հիմա ինչքան բութ լինես, էնքան` լավ: Մարդիկ էլ են շեղվում: Թոռս ինձ մի բան ասաց, սարսափեցի. ասում է` տետրերս պիտի պահեմ, մյուս տարի ցածր դասարանի աշակերտներին վաճառեմ: Մեր մտքով չէր անցնի նման բան, սա իրենց մտածելակերպն է: Չգիտես` ծիծաղես, թե՞ բարկանաս:
     Այսօր անգլերենն ավելի կարևոր է դարձել, քան հայերենի իմացությունը, և հայերեն խոսում են անգլերենի նման: Ցավալի է, մենք կորցնում ենք մեր ազգայինը: Այս աղմուկի մեջ ծնվեցին մարդիկ, ովքեր մենտալիտետով այլևս հայեր չեն:
    
     ԼԵՎՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՂՈՊՏԵԼԸ ԴԱՐՁԱՎ ԼԵԳԱԼ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՊԱՅՔԱՐ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՁԵՌՆԱՐԿԵԼ
    
    
Եթե մեր կառավարությունը սիրի իր ժողովրդին այնպես, ինչպես ժողովուրդն իր երկիրն է սիրում, մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի: Ցավոք, այստեղ էլ երկխոսություն չկա: Տարբեր լեզվով ենք խոսում: Մի փոքր երկրում, երբ կա կոռուպցիա, մեր ազգի համար դա մեծ վտանգ է: Կարծում եմ` առաջին բանը, որ պիտի անեն մեզ մոտ` վերացնեն կոռուպցիան: Ես չեմ հավատում, որ մարդը մեկ կամ երկու տարում կարող է միլիոնատեր դառնալ: Լևոնի ժամանակ դա դարձավ լեգալ, որից հետո ոչ մի պայքար չկարողացան ձեռնարկել: Ինչպես կողոպտում էին մեզ, այնպես էլ շարունակում են կողոպտել, ինչպես խաբում էին մեզ, այնպես էլ խաբում են: Այն հայերը, որոնք դրսում են, արդեն կորցված են այս երկրի համար, այն երեխաները, որ հայերեն չեն խոսում, կորցված են: Իսկ ո՞ւմ համար է այդ դեպքում այս երկիրը:
     Ես հավատում եմ, որ կարող ենք լավ երկիր սարքել, մենք պատմական իրավունքն ունենք լավ երկիր ունենալու:

4951 | 1
Facebook