Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր իշխանությունները որդեգրել են հավերժ առճակատման անհեռանկար քաղաքականությունը. ուրիշ հեքիաթի չհավատաք». ՀԱԿ նախագահ

16:05, շաբաթ, 17 դեկտեմբերի, 2016 թ.
«Մեր իշխանությունները որդեգրել են հավերժ առճակատման անհեռանկար քաղաքականությունը. ուրիշ հեքիաթի չհավատաք». ՀԱԿ նախագահ

Այսօր ՀԱԿ 2-րդ համագումարին` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ մեր իշխանությունները որդեգրել են հավերժ առճակատման անհեռանկար քաղաքականությունը: «Դա նշանակում է ևս տասնութ տարի շարունակել ազգի կեղեքումը, երբ ՀՀ-ից, ԼՂՀ-ից բան չի մնա: Հակամարտության կարգավորումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է: Լուծեք այդ խնդիրը, մյուսները լուծվում են ինքնըստինքյան՝ դա ԼՂՀ փուլային տարբերակն է, որից հետո լուծվում է նաև Թուրքիայի հարցը: Այս պահին բանակցությունների սեղանին դրված է 1997թ. նույն առաջարկը: Սա է, ուրիշ բան չկա, ուրիշ հեքիաթի չհավատաք: Հիմքեր ունեմ կասկածելու նաև, որ 1997թ. ավելի ցածր կարգավիճակ ունի սեղանին դրված լուծումը»:
     Ըստ Տեր-Պետրոսյանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է:


     Եզրափակելով ելույթը` ՀԱԿ նախագահը որոշ շեշտադրումներ արեց.


     «Ելույթիս կապակցությամբ հնարավոր, ավելի ճիշտ, անխուսափելի չարախոսությունները կանխելու նպատակով, հարկադրված եմ նաև կատարել հետևյալ երկու զգուշացումները.

Առաջին. Արտաքին սպառնալիքների դիմակայման և ներքին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիգ կանգնելու մեր սկզբունքային դիրքորոշումն ամենևին վարչախմբի հետ համագործակցություն չի նշանակում։ Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետևողական քննադատն ու այսուհետև էլ չենք դադարելու այդպիսին լինել, կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած Հանրապետական կուսակ­ցու­թյան ձևավորած որևէ կոալիցիայի։ Գաղափարական, քա­ղաքական և բարոյական սկզբունքներով մենք միմյանցից բոլո­րովին տարբեր, հակոտնյա կուսակցություններ ենք, որոնց հա­րա­բերությունները իշխանություն-ընդդիմություն ձևաչափից այն կողմ չեն կարող անցնել։

Եվ երկրորդ. Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալված կլինի, եթե այս ելույթի հաշտարար ոգին և հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի ու ավելի ևս կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատե­րազ­մում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու ևս մի քանի շրջան կկորցնի։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի։ Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիևին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատ­ման նաև սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղու­թյամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղու­թյուն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձա­գան­քեց իր հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիևը։

Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայնասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկատվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի։ Մենք արժանանալու ենք բազմազան մաշված պիտակների, և արդեն որերորդ անգամ մեզ գամելու են անարգանքի սյունին, ի հաստատումն հայ քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետևյալ պարադոքսալ սիլլոգիզմի.

ա. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.

բ. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ.

գ. Մասը պահողները հռչակվում են դավաճաններ. Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։

Ինչո՞ւ ենք, ուրեմն, մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում։ -Որովհետև Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուսների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի։ Ուստի, անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես Կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար ընտրությունների գնալ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանով։ Դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ, որովհետև Հայաստանի ու Ղարաբաղի փրկության, ապահովության ու զարգացման այլ ճա­նապարհ գոյություն չունի։ Հեղինակավոր քաղաքագետների ու տնտեսագետների, այդ թվում, մեր հայրենակից Տարոն Աճեմյանի կողմից Հայաստանն արդեն իսկ դասվում է ձախողված պետությունների, այսինքն՝ Աֆղանստանի, Սոմալիի, Լիբիայի, Եմենի, Հարավային Սուդանի, Իրաքի և նմանատիպ այլ երկր­ների շարքին։ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանի իրագործումը պատեհություն է ընձեռում կարճ ժամանակի ընթացքում դուրս գալու այդ դժբախտ ընկերակցությունից։ Հետևաբար, Հայաստանի ու Ղարաբաղի հանրապետություններն իրավունք չունեն բաց թողնելու այդ պատեհությունը։ Իսկ ինչ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսի տվյալ պահի մարտավարությանը, ապա, իմ կարծիքով, ցանկալի կլի­ներ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցեինք այս նշանաբանի կամ քաղաքական պլատֆորմի շուրջ ձևավորված դաշինքով։ Այդպիսի դաշինք կազմելու ցան­կություն հայտնող կուսակցությունների առջև մեր դռները պետք է բաց լինեն։

Ավարտելով խոսքս, Ղարաբաղյան կարգավորման հարցում Կոնգրեսի դիրքորոշումն ավելի հստակեցնելու համար, չխուսափելով որոշ կրկնություններից, հարկ եմ համարում շեշտել, որ այդ դիրքորոշումը հիմնված է հետևյալ առարկայական (օբյեկ­տիվ) ելակետերի վրա.

ա. Առանց այդ խնդրի լուծման Հայաստանը և Ղարաբաղը զրկված են ապահովության, զարգացման ու բարգավաճման որևէ հեռանկարից. տասնութ տարին քիչ ժամանակ չէր, այդ բանն ըմբռնելու համար։

բ. Այլ լուծում, քան այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին, գոյություն չունի։ Պահը բաց թողնելու դեպքում հաջորդ լուծումը մեզ համար ավելի վատն է լինելու։

գ. Կարգավորման արդյունքում կողմերն իրենց հաղթող կամ պարտվող չպետք է զգան, այլապես երկարաժամկետ կտր­ված­քով նրանց հարաբերությունները հղի կլինեն հակամարտության վերականգնման մշտական վտանգով։

դ. Հայ Ազգային Կոնգրեսը, ինչպես արդեն նշվեց, կարծիք արտահայտելուց բացի, կարգավորման գործընթացի վրա ազդե­ցության այլ լծակ չունի։

ե. Հարցի լուծման պատասխանատվությունն ամբողջապես ընկած է իշխող վարչախմբի և նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժերի վրա։ Ուզո՞ւմ են ականջալուր լինել մեր կարծիքին՝ շատ լավ, չե՞ն ուզում՝ մեղքը իրենց վիզը»։

4069 | 0
Facebook