Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սթրեսը հաղթահարելու 10 ամենաարդյունավետ եղանակները

20:05, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Սթրեսը հաղթահարելու 10 ամենաարդյունավետ եղանակները

Բացասական հույզերի չափաբաժին ստանալով` մարդը լարվում և թուլանալու կարիք է զգում: Հաճախ նա դիմում է հանգստացնող միջոցների օգնությանն, ինչպիսին օրինակ` ալկոհոլը, նիկոտինը, թմրանյութերն են, որոնք արագ արդյունք են տալիս և իրենց «արգելակող» հատկության շնորհիվ թույլ են տալիս որոշ ժամանակ մոռանալ խնդրի մասին և հանգիստ ու ուրախ զգալ: Բայց միևնույն ժամանակ դրանց հաճախակի կիրառումը կախվածություն է առաջացնում և նվազեցնում է օրգանիզմի` սթրեսի դեմ պայքարելու կարողությունը:

Գոյություն ունեն սթրեսը հաղթահարելու բազմաթիվ այլ միջոցներ, որոնք, չնայած երկար ժամանակ և էներգիա են պահանջում, բայց, այնուամենայնիվ, բոլորովին անվտանգ են: Ահա սթրեսը հաղթահարելու 10 ամենաարդյունավետ եղանակները.

1. Փոխեք այն իրավիճակը, որն սթրեսի առաջացման պատճառ է դարձել: Դադար վերցրեք և զբաղվեք այնպիսի գործով, որ կշեղի խնդրից. տուն հավաքեք, զբոսնեք մաքուր օդում, հանդիպեք ընկերների հետ և այլն: Դադարից հետո Դուք կտեսնեք, որ անելանելի թվացող իրադրությունն այժմ արդեն այդպիսին չէ:

2. Զբաղվեք սպորտով. զբոսնեք հեծանիվով, լողի գնացեք, հաճախեք սպորտդահլիճ, զբաղվեք յոգայով: Շարժման ժամանակ օրգանիզմն ազատվում է սթրեսի հորմոններից, այդպիսով վերանում է նյարդային լարվածությունը:

3. Սթրեսը հաղթահարեք սթրեսով, բայց միայն դրական: Էքսթրիմ, ահա թե ինչը կարող է կարգի բերել Ձեր նյարդերն ու մարմինը: Անկարգելով թռչելը, շնչառական ապարատով ջրում սուզվելը, ճոպանների վրայով քայլերը, ատրակցիոնները, զիփլայնով անցնելը կամ ժայռագնացների պատը հաղթահարելը դրական ազդեցություն կթողնեն Ձեր ներաշխարհի վրա:

4. Շնչեք. սթրեսային իրավիճակների ժամանակ շնչառությունն ընդհատվում է, հաճախակիանում, դառնում ոչ խորը: Խոր ներշնչումն ու արտաշնչումը, շնչառությանը հետևելը կարգի կբերի Ձեր շնչառությունը և կհանգստացնի միտքը:

5. Արոմաթերապիա. հակասթրեսային ևս մեկ արդյունավետ մեթոդ: Լարվածությունը հանելու համար խորհուրդ է տվում ընտրել հասմիկի, նարդոսի, երիցուկի, բերգամոտի, մեղվախոտի, պաչուլի և սուսամբարի բույրով յուղեր:

6. Ընդունեք թուլացնող լոգանքներ` կիրառելով աղ, եթերայուղեր` արոմաթերապիայի համադրությամբ, տաք և սառը ցնցուղ, մերսեք մարմինը:

7. Երիցուկով, մեղվախոտով, ժենշենով, անանուխով, վայրի սուսամբարով (օրեգանո), սրոհունդով և այլ խոտաբույսերով թուրմեր և թեյեր խմեք: Սրանցից մի քանիսը կիրառվում են նյրադային համակարգի ամրապնդման բուժման կուրսի ընթացքում:

8. Խոսեք այն մարդու հետ, ում վստահում եք: Մտերիմ մարդու հետ զրույցը և նրա աջակցությունը կօգնեն Ձեզ: Եթե զրուցակից չունեք, դիմեք հոգեբանի, նա ոչ միայն կլսի, այլև կհուշի խնդրի լուծման ճանապարհները:

9. Լաց եղեք: Արցունքներն ազատություն են տալիս բացասական էներգիային և օգնում են թուլանալ:

10. Լսեք ընտրողաբար, լսեք այն, ինչը Ձեզ հետաքրքրում ու դուր է գալիս, մնացած ամեն ինչ փորձեք ականջի ետև գցել: Ընտրողական լսողությունը կօգնի չծանրաբեռնել գլխուղեղն անպիտան տեղեկատվությամբ:

Իրականում սթրեսը չգրգռող երևույթ է, մենք սթրեսի մեջ ենք հայտնվում իրավիճակի սեփական ընկալումների հետևանքով: Միևնույն իրադարձության հանդեպ տարբեր մարդիկ տարբեր վերաբերմունք են ունենում` կախված ներքին իրավիճակից, ինքնազգացողությունից և անհանգստության մակարդակից: Տհաճ իրավիճակներին հանգիստ և դրական արձագանքելու համար մարդու օրգանիզմը պետք է բնականոն վիճակում լինի: Ճիշտ սնվելը, առողջ քունը, կանոնավոր հանգիստը, ֆիզիկական ակտիվությունը կնախապատրաստեն մարմինը լարված իրավիճակներին դիմակայելու համար, իսկ սիրված հոբբին, հետաքրքիր զբաղմունքը, դրական մարդիկ մարդուն կդարձնեն հոգեպես և հուզականորեն կայուն:
     Ցանկացած իրավիճակում փորձեք դրական որևէ բան գտնել: Դրական մտածողությունն օգնում է սթրեսային վիճակների դեմ պայքարում:
     Իսկ մեր հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է հաղթահարել աշխատավայրում առաջացած սթրեսը:


     Հեղինակ` Արշալույս Մուշկամբարյան

11674 | 0
Facebook