«Երևան Գարեջուրը» տուգանվել է 110 մլն դրամի չափով. ՏՄՊՊՀ
Հանձնաժողովը, նախորդ տարեվերջից սկսած, ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի բարձրացում է արձանագրել՝ 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով: Հաշվի առնելով, որ ընկերությունը զբաղեցնում է գերիշխող դիրք և գրավում է շուկայի մոտ կեսը, ՏՄՊՊՀ-ն ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և շարունակել ուսումնասիրությունը` նպատակ ունենալով պարզել գնի բարձրացման հիմնավորվածությունը: Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանումներում ընկերությունը նշում է, որ ավելացել են արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ որոշ ծախսեր և 6 տոկոսով կրճատվել են գարեջրի իրացման ծավալները: «Գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գործունեությունը մշտապես գտնվում է Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Նման տնտեսվարողները պետք է իրենց վարքագծով, ինչպես նաև գնային քաղաքականությամբ լինեն առավել զգոն, քանի որ նրանց անօրինական քայլերի հետևանքով տուժում են սպառողները, իսկ գլոբալ առումով նման գործելաոճը կարող է ազդել նաև մրցակցային ընդհանուր իրավիճակի վրա, ինչն անընդունելի վարքագիծ է»,- նշել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ մեկ անգամ ևս հորդորելով զերծ մնալ ապօրինի գործունեության իրականացումից: |