«Ու ամեն անգամ դեպի ետ հայացք գցելիս հասկանում ենք, որ մեզ ոչինչ չի բաժանի մեր սիրելի երգչուհուց». Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ` հոկտեմբերի 26-ին կայացավ «Մեզ ոչինչ չի բաժանի» խորագրով Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգ-երեկոն: Սիրուշոն, Անդրեն, Զարուհի Բաբայանը, Սյուզան Մարգարյանը, Սոնա Ռուբենյանը, Քրիստինե Պեպելյանը, Արսեն Գրիգորյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանն, Անչոկը, Սոնա Շահգելդյանն, Արման Աղաջանյանը ներկայացրեցին երգչուհու արդեն իսկ սիրված երգերն, ինչպես նաև իրենց հեղինակային կատարումները: Համերգային երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը:
Մեծ էկրանին ցուցադրվեցին երգչուհու արխիվային լուսանկարները, նաև` Վարդուհու և Արման Աղաջանյանի «Երանի»
դուետի տեսահոլովակը:
Վարդուհու մասին խոսելիս ընկերները փաստում էին` նա վառ ու դրական կերպար էր, որի հետ միշտ ուրախ էր և հետաքրքիր: «Նա իմ հանդիպած ամենադրական մարդկանցից էր: Նրա հետ միշտ ուրախ էր, միշտ ծիծաղում էինք: Գրեթե մեր ամեն օրը միասին էինք անցկացնում: Այդ ընթացքում ես նոր էի սկսում մուտք գործել հայկական երգարվեստ... Շատ դժվարություններ ենք միասին հաղթահարել»,- ասաց Սիրուշոն:
Համերգային երեկոյի ընթացում բեմ բարձրացավ նաև Վարդուհու որդին` 18-ամյա Ռուբենը: