Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մինասի տունը թեև կիսաքանդ է, բայց խորդանոց չի դարձել». Նարեկ Ավետիսյան

16:05, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2016 թ.
«Մինասի տունը թեև կիսաքանդ է, բայց խորդանոց չի դարձել». Նարեկ Ավետիսյան

Օրերս «Հրապարակ»-ն անդրադարձել էր հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի հայրական տան ներկայիս վիճակին` նշելով, որ այն վերածվել է խորդանոցի:
     Թեմայի շուրջ զրուցեցինք Մինասի որդու` նկարիչ Նարեկ Ավետիսյանի հետ, ով հերքեց լուրը` նշելով, որ այն երկրաշարժից հետո գտնվում է կիսաքանդ վիճակում:
     «Հայրական տունը, որտեղ անցել է Մինասի մանկությունը, իսկ հետագայում նա նաև 2-րդ հարկ էր կառուցել` արվեստանոցով, երկրաշարժից տուժեց, հիմա կիսաքանդ, ավերակ վիճակում է: Բայց որ այն վերածվել է խորդանոցի, նման բան չկա, էժանագին սենսացիաներ են անում, չեմ հասկանում` ինչի համար»,- մեզ հետ զրույցում ասաց Նարեկ Ավետիսյանը:
     Նա պատմեց, որ Մինասի թանգարանը ևս քանդվել էր. «Լինսի հիմնադրամին առաջարկվեց հայրական տունը վերականգնել, որ թանգարանն այնտեղ լինի, բայց, քանի որ նրանք մասնավոր տարածքներ չեն վերականգնում, իրենք նոր շենք կառուցեցին թանգարանի համար, իսկ տունը մնաց»:
     Նարեկ Ավետիսյանը նշեց, որ թեև Մինասի տունը հիմա բաց տարածք է, անվերահսկելի, բայց բոլորն առաջվա նման հարգում են, և հավատում այն օրվան, որ այն կվերականգնվի:
     «Հիմա մենք էլ ենք շատ մեծ փափագ ունենք, որ կարողանանք մի ելք գտնել և տունը վերականգնել որպես հուշ: Դա մեզ համար շատ կարևոր է, ուղղակի հնարավոր չէ ամեն ինչ մասնավոր ձևով անել, շատ դժվար է, պետք է պետական մոտեցում լինի, ի վերջո` դա մեկ օրվա համար չէ, պետք է պետությունը հետո կարողանա խնամել այն»:
     Նկարչի խոսքով` նախկինում բազմիցս դիմել են պետական կառույցներին, բայց հնարավորություն չի եղել, չեն արել: «Սա ոչ թե անձի պաշտամունք է, ուղղակի հիշատակ է, գյուղի պատմական մասերից է, ուզում ենք ելք գտնել, անպայման վերականգնել»,- նշեց մեր զրուցակիցը:

3937 | 0
Facebook