Ռիոյի օլիմպիական խաղերի առագաստանավային սպորտի համար նախատեսված նավահանգիստը մասնակիորեն փլուզվել է՝ փոթորիկի պատճառով։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Ռիո-2016-ի կազմկոմիտեի ներկայացուցիչ Ֆիլիպ Ուիլքինսոնի խոսքով՝ կառուցապատող ընկերությունը խոստացել է վերացնել բոլոր թերություններն առաջիկա 4 օրերի ընթացքում։ Առագաստանավային սպորտի մրցումները մեկնարկելու են օգոստոսի 8-ին։
Հիշեցնենք, որ օրերս Ռիոյի օլիմպիական ավանում հրդեհ էր բռնկվել։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Ավստրալիայի պատվիրակության շենքում։ Կրակը տարածվել է աստիճանավանդակում։ Շենքն էվակուացվել է, տուժածներ չկան։
Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ կրակի օջախը նկուղում էր, որտեղ պահեստավորված էին շինարարական նյութեր։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։
Նշենք, որ Ավստրալիայի հավաքականը Ռիո ժամանել է հուլիսի 24-ին, երբ պաշտոնապես բացվել է օլիմպիական ավանը։