Եվրոհանձնաժողովը արսօր Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ կողմ է արտահայտվել Թուրքիայի քաղաքացիների համար Եվրոմիության երկրներ առանց վիզայի ճանապարհորդություններին՝ վերջնական որոշում կայացնելու իրավունքը հանձնելով Եվրոխորհրդարանին և ԵՄ անդամ երկրներին, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Նշվել է, որ Թուրքիան իրականացրել է առանց վիզայի ռեժիմ ձեռք բերելու 72 պայմաններից 65-ը:
Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրները և օրենսդիրներն իրենց մտահոգություններն են հայտնել Թուրքիային առանց վիզայի կարգավիճակ տրամադրելու կապակցությամբ: Որոշումը պետք է հաստատի անդամ երկրների մեծամասնությունը և Եվրոպական խորհրդարանը:
Թուրքիան և ԵՄ-ն ավելի վաղ համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաև լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։
ԵՄ-ն մտահոգվում է, որ առանց այդ գործարքի Թուրքիան միգրացիան չի վերահսկի։