«Անփութություն է ցուցաբերել ոչ թե ուսուցիչը, այլև` վարչության աշխատակիցը». քաղաքապետարանի լրատվական ծառայություն
«Ամանորին դպրոցներում հերթապահություն անելը նորություն չէ, ամեն տարի էլ կարճ ժամանակով գնում ենք, բայց ոչ միայն ուսուցիչները, նաև սանտեխնիկն է գնում` ստուգում ջեռուցման համակարգը, ջրամատակարարումը… Այդ հրահանգը զայրացրել է ուսուցիչներին, որովհետև տոն օրերը տանն անցկացնելու փոխարեն, ստիպված են լինելու այս ցրտին դպրոց գնալ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի թիվ 6 դպրոցի ուսուցիչներից մեկը` (ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ) մեկնաբանելով օրերս՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հայտարարությունը: Նրա կարծիքով` միանշանակ սխալ է վարչության պետի կողմից տվյալ ուսուցչուհուն նկատողություն անելը, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի, թեկուզև ուսուցիչ, իրավունք ունի կարծիք հայտնելու, տեսակետ արտահայտելու: Բա ո՞ւր մնաց խոսքի ազատությունը, ի՞նչ է նշանակում` գրառման համար նկատողություն է հայտարարվել. «Պարզապես, ցավով պետք է փաստել, որ վերջին տարիներին հանրակրթական դպրոցների աշխատակիցները` մասնավորապես մանկավարժները, իրենց կամքից անկախ, դարձել են ոմանց կամակատարները: Նրանց այդպիսին դարձրել են…»,- գանգատվեց վաստակաշատ ուսուցչուհին` հույս հայտնելով, որ պաշտոնյայի «նկատողությունը» բացասական հետևանքներ չի ունենա «Ֆեյսբուքում» գրառում արած ուսուցչուհու հետագա աշխատանքային գործունեության վրա: Նշենք` Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 21-ին հանձնարարական էր տվել, որի համաձայն, տոնական օրերին մայրաքաղաքի կրթական հաստատություններում ջեռուցման համակարգի, էլեկտրասարքավորումների, ջրամատակարարման անխափան աշխատանքներն ապահովելու նպատակով համապատասխան մասնագետները պետք է հերթապահություն սահմանեն: Գայանե Սողոմոնյանը նաև հավելել էր, որ ոչ աշխատանքային օրերին ուսուցիչները կարող են հաճախել դպրոց՝ աշխատանքային ինչ-ինչ խնդիրներ կարգավորելու, փաստաթղթային տնտեսությունը վերանայելու և բացթողումները լրացնելու նպատակով, ինչը, սակայն, չի կարող որևէ կերպ դիտվել որպես հերթապահություն: Վերջինի հայտարարությանն արձագանքել էր դպրոցներից մեկի ուսուցչուհի Օ. Հարությունյանը` նշելով. «Դուք տեղյա՞կ եք այդ շրջաբերականից, որն ուղարկվել է դպրոցի տնօրեններին: Եթե այո, ապա ո՞րն է հերթապահության իմաստը, երբ դպրոցում աշակերտ չկա, ողջ հանրապետությունը հանգստանում է, իսկ աշխատանքային օրերը վերսկսվելու են հունվարի 11-ից: Եթե տեղյակ չեք, ապա ո՞ւմ «պայծառ» ուղեղում է նման «փայլուն» միտք ծագել: Պարո՛ն քաղաքապետ, Աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերը»: Այս գրառումից հետո, Երևանիք քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը ֆեյսբուքյան էջում հերքել էր լուրերը, թե հերթապահություն պետք է սահմանեն ուսուցիչները` հավելելով, որ համապատասխան աշխատակցին «ցուցաբերած անփութության համար» նկատողություն է հայտարարվել: |