Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են գործարար Գերման Ստերլիգովին, ով վերջերս ընտանիքի հետ տեղափոխվել և բնակություն էր հաստատել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Այսօր՝ օգոստոսի 31-ին Գերման Ստերլիգովը Երևանից Մոսկվա է ժամանել և պետական սահմանը հատելուց անմիջապես հետո ձերբակալվել: Հավանաբար Ստերլիգովի ձերբակալումը կապված է նրա՝ միջպետական հետախուզման մեջ գտնվելու փաստի հետ»,- հայտարարել է գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովը:
«Life News»-ի տվյալներով՝ Ստերլիգովին ձերբակալել են Ադրբեջանի ոստիկանության միջամտությամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու կետով՝ «Որևէ պետությանն ուղղված հրապարակային կոչերի» և «Պետական սահմանի անօրինական հատման» համար:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 3 ժամ անց նրան ազատ են արձակել: Ստերլիգովը լրագրողներին ասել է, որ պատճառը եղել է «Իվան Ահեղից մինչև Պուտին» դասագիրքը, որը ներկայացված է իր կայքում, ավելին, իր վերջին խնդիրների հիմնական պատճառը նա հենց այդ գիրքն է համարում: