Հրապարակ.am-ը գրել էր, որ լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Խարբերդ գյուղում: Բնակիչները փողոց են դուրս եկել և պատրաստվում են փակել մայրուղին՝ պատկան մարմինների ուշադրությունը սևեռելով խմելու ջրի խնդրի վրա: Այս համայնքը երեք ամիս է գրեթե զրկված է խմելու ջրից, իսկ վերջին երկու շաբաթների ամառային տապին բնակիչներն օրվա ընթացքում լավագույն դեպքում 1-2 ժամ են ջուր ունենում: Գյուղապետ Կամո Կակոյանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցին հայտնեց, որ ինքը հանդիպել է գյուղացիների հետ, ովքեր լուծում էին պահանջում իրենց խնդրին:
«Հարյուր անգամից ավելի ջրային տնտեսությանը դիմել եմ, ներկայացրել եմ խնդիրը, բայց ոչ մեկի մտքով չի անցնում, ասում են՝ բյուջեում փող չկա: Էսօր նորից բացատրական աշխատանքներ տարա, առաջարկեցի փորձարկել խողովակները, միգուցե կորուստ կա, միգուցե հին են, բայց դե սրանով հարցը չի լուծվում: Էսքան ժամանակ գյուղացիները խանութից են ջուր առնում, չեն կարողանում հոգսերը հոգալ, նորմալ լողանալ»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ եթե խնդիրն այսպես մնա, բնակիչները նորից են հավաքվելու:
«80-90 տարեկան թոշակառուն, երբ մի դույլ ջուրն առանց հաշվիչի է օգտագործում, եսիմ ինչքան ակտ են գրում, բա էս վիճակը չեն տեսնո՞ւմ»,- ընդգծեց նա: