Փարիզի հանրահայտ «Ponts Des Arts» կամրջի վրայից կհանվեն բոլոր այն սիրո կողպեքները, որոնք այնտեղ ամրացվել են տարբեր ժամանակներում Փարիզ այցելած կամ այնտեղ բնակվող սիրահար զույգերի կողմից: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, կողպեքները հանրահայտ կամրջի վրայից սկսելու են հեռացնել երկուշաբթի օրվանից՝ հունիսի 1-ից:
Փարիզի իշխանություններն այս առիթով նշել են, որ կողպեքները, որոնք սիրահարները ամրացնում էին իրենց սերը հավերժացնելու նպատակով, արդեն վտանգավոր դրություն են ստեղծում կամուրջի շրջակայքում: Դրանց թիվն այնքան է ավելացել, որ կամուրջը կարող է ծանրության պատճառով ամեն վայրկյան փլվել:
Հաղորդվել է նաև, որ կողպեքները հանելու նպատակով «Ponts Des Arts» կամուրջը մի քանի օրով փակ է լինելու:
Հիշեցնենք, որ ամռանը «սիրո կողպեքների» պատճառով Փարիզում արտակարգ դեպք էր գրանցվել: Դրանց ծանրության պատճառով «Ponts Des Arts» կամրջի մի մասը փլվել էր, ինչի պատճառով զբոսաշրջիկները տարհանվել էին: