Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տիգրան Մարտիրոսյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն. Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

21:50, երեքշաբթի, 14 ապրիլի, 2015 թ.
Տիգրան Մարտիրոսյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն. Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր
     Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի տղամարդկանց պայքարում այսօր տոն էր մեր մարզիկների համար։ Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը, փառահեղ ելույթ ունեցան՝ նվաճելով ոսկե և բրոնզե մեդալները։ Տիգրանը, պոկելով 160 և հրելով 191 կգ, երկամարտի 351 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Անդրանիկը, պոկելով 164 կգ և հրելով 186 կգ, երկամարտի 350 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալը։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 155 կգ և 160 կգ՝ ձախողելով 162 կգ մոտեցումը։ Սակայն, դա նրան չխանգարեց նվաճել փոքր արծաթե մեդալ։ Հրում վարժությունում նա կատարեց 2 մոտեցում՝ հրելով 185 և 191 կգ։ Երրորդ մոտեցումից մեր մարզիկը հրաժարվեց, քանի որ արդեն դարձել էր չեմպիոն։
Պոկում վարժությունում 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը հստակ կատարեց իր 3 մոտեցումները։ Պոկելով 156 կգ, 161 կգ և 164 կգ՝ Անդրանիկը նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Հրում վարժությունում, ցավոք, Անդրանիկը ձախողեց իր երկու մոտեցումները՝ հրելով 186 կգ։ Նա հրումում 4-րդն էր, սակայն, պոկումի փոքր ոսկու շնորհիվ, նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ։ Արծաթե մեդալի արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Գեցը։ Նա, կատարելով բոլոր 6 մոտեցումները, և՛ պոկումում, և՛ հրումում ցույց տվեց Տիգրան Մարտիրոսյանի նույն՝ 160 կգ և 191 կգ արդյունքը, սակայն, անձնական քաշով ավելի ծանր լինելով մեր մարզիկից, դարձավ փոխչեմպիոն:
8926 | 0
Facebook