Հրապարակվել է ֆրանսիական Ալպերում կործանված «Airbus A320»-ի «սև արկղի» ողջ պարունակությունը
Հանրային տիրույթում է հայտնվել մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանված «Airbus A320» օդանավի «սև արկղի» ձայնագրության սղագրությունը: Սղագրությունը ներկայացրել է ֆրանսիական «Paris Match» պարբերականը: Ներկայացնում ենք սղագրությունն ամբողջությամբ: 10:00- Օդանավը բարձրություն է վերցնում: 10:10- Կապիտանը` Լուբիցին. «Ես ժամանակ չունեի թռիչքից առաջ զուգարան գնալու»: 10:27- Օդանավը հասնում է թռիչքային բարձրության` 11500 մետր: Հրամանատարը՝ Լուբիցին խնդրում է ստուգել, որ օդանավն առաջ է սլանում ավտոպիլոտ ռեժիմում: Լուբիցը պատասխանում է: Նա կրկնում է հրամանատարի խոսքն ու ասում. «Դուք կարող եք գնալ, կարող եք գնալ»: 10:28- Լսվում են ձայներ, թե ինչպես է հրամանատարն արձակում ամրագոտիները, լսվում է բացվող դռան ձայն: 10:30- Լուբիցը միայնակ է խցիկում: Նա «LOCK» կոճակի միջոցով փակում է զրահապատ դուռը, այնպես, որ այն չբացվի դրսից: Լսվում են ձայներ, որ վկայում են ավտոպիլոտ ծրագրի փոփոխման մասին: Հաշված վայրկյանների ընթացքում օդանավը 30 մետր իջնում է: 10:33- Օդանավը 1 րոպեում 900 մետր է կորցնում: Կարգավորողը մի քանի անգամ փորձում է կապ հաստատել օդանավի հետ: Լուբիցը չի պատասխանում: Հրամանատարը փորձում է բացել խցիկի դուռը: Նա երևում է խցիկում տեղադրված էկրանին: Լուբիցը տեսնում է նրան, բայց չի արձագանքում: Հրամանատարը վերցնում է թթվածնի կամ էլ կրակմարիչի մխոցը, որ բացի դուռը: «Աստծու սիրուն, բացիʹր դուռը»: 10:34- Առաջին ահազանգը. «Անկումը չափազանց արագ է»: Ոչ մի արձագանք Լուբիցի կողմից: Լսվում են խուճապի առաջին ձայները: 10:35- Հրամանատարը խնդրում է գտնել օդանավի հետին հատվածում պահված մետաղաձողը: Հրամանատարը փորձում է ջարդել դուռը: 10:37- Հնչում է 2-րդ ահազանգը. «Մոտենում եք գետնին, բարձրացեʹք»: Արձագանք չկա: 10:38- Լսվում է Լուբիցի հանգիստ շնչառությունը: Օդանավի բարձրությունը 4000 մետր է: 10:40- Բարձր աղմուկ է լսվում: Օդաչուական խցիկում բարձր ճիչ է լսվում: «Airbus»-ը աջ թևով հպվում է լեռան լանջին: 10:41- 1500 մետր բարձրության վրա օդանավը 800 կմ/ժամ արագությամբ բախվում է լեռնազանգվածին: Հիշեցնենք, որ այդ ավիաաղետին զոհ են գնացել օդանավում գտնվող բոլոր 150 մարդիկ: Չի բացառվում, որ 2-րդ օդաչուն` Անդրեաս Լուբիցը, օդանավը կործանել է պատմության մեջ հավերժանալու համար միայն: |